Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/588

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ներկայումս Չեռնովցիում ապրում են աննշան թվով հայեր:

Տիսմենիցա գյուղում (Իվանո-Ֆրանկովսկի մարզ) հայերը հաստատվել են դեռևս XVI դ. 40-ական թթ., սակայն թուրքերի և թաթարների հաճախակի հարձակումների պատճառով շուտով հեռացել են այլ վայրեր: Տիսմենիցայում հայերը կրկին հաստատվել են 1679-ին: Նրանց շնորհվել են բազմաթիվ արտոնություններ, այդ թվում՝ ինքնավարություն: Հայրենակից չքավորներին նյութապես օգնելու և այլ բարեգործական նպատակների համար 1714-ին համայնքում կազմակերպել են Ս. Գրիգոր եղբայրությունը, 1724-ին՝ Ս. Հովակիմի և Ս. Աննայի, 1729-ին՝ Անարատ հղության տիրամոր Աստվածածնի եղբայրությունները: 1750-ին կառուցվել է Ս. Աստվածածին (նաև՝ Ս. Կայեթան) հայկական եկեղեցին (կանգուն էր մինչև 1950-ական թթ. սկիզբը): 1782-ին Տիսմենիցայում ապրել է 375, 1894-ին՝ 130 հայ: Հայ համայնքը քայքայվել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին:

Ուժգորոդում 1996-ին Անդրկարպատիայի հայ համայնքի նախաձեռնությամբ ստեղծվել է «Արարատ» մշակութային ընկերությունը (նախագահ՝ Սերգեյ Նիկողոսյան): Ընկերությունը նկարահանել է 15 փաստավավերագրական ֆիլմ՝ նվիրված համայնքի ներկայացուցիչներին (3 ֆիլմ արժանացել է միջազգային փառատոների դիպլոմների):

1998-ին Ս. Նիկողոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է լարային քառյակ: 1999-ին բացվել է կիրակնօրյա հայկական դպրոց, որտեղ բացի հայերից, սովորում են նաև այլազգի երեխաներ: «Արարատը» կազմակերպում է համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ: Մարզում ապրում է 1000 հայ:

Օդեսայի առաջին հայ բնակիչները (մոտ 30 ընտանիք) վերաբնակվել են XIX դ. 30-ական թթ. Աքերմանից և Գրիգորիուպոլսից: XIX դ. վերջին Օդեսայում բնակվել է ավելի քան 1200 հայ: Հիմնականում զբաղվել են առևտրով: Օդեսայի հայերի թիվն ավելացել է Թուրքիայում 1895-96-ի կոտորածներից և 1915-ի Մեծ եղեռնից հետո: 1880-ական թթ. կառուցվել է հայկական եկեղեցի (ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ), բացվել է հայկական դպրոց (գործել է մինչև 1930-ական թթ.), լույս են տեսել «Արմյանե ի վոյնա» (1916-17) ռուսերեն հանդեսը, «Հոսանք» (1918-1919), «Աստղ» (1920) թերթերը:

Օդեսայում հայ ազգային կյանքը սկսել է աշխուժանալ 1980-ական թթ. վերջից: 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած շատ հայեր հաստատվել են Օդեսայում: 1994-ին այստեղ բնակվում էր շուրջ 20 հզ. հայ: Ներկայումս (2003) հայերի թիվը անցնում է 30 հզ-ից: Ստեղծվել է հայկական մշակութային ընկերություն, գործում են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (կառուցվել է 1993-95-ին), կիրակնօրյա հայկական դպրոց, մանկական պարային համույթ:


ԵԿԵՂԵՑԻ

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը կազմավորվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի 1991-ի սեպտեմբերի 1-ի վճռագրով: Առաջնորդանիստը Լվովի Ս. Աստվածածնի Վերափոխման եկեղեցին է:

Ու-ի հայերը տարբեր ժամանակաշրջաններում գտնվել են Հայ եկեղեցու տարբեր թեմերի հովանու ներքո: XIII դ. Լուցկում գործել է հայկական եպիսկոպոսություն (տես Լեհաստան): 1930-ին կազմավորվել է Հայ եկեղեցու Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմը, որը միավորել է Ռուսաստանի կայսրության արևմտյան և հարավարևմտյան տարածաշրջանների, ինչպես նաև Ու-ի հայկական համայնքները: 1918-ին խորհրդային իշխանության հաստատումից հետո