Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայկական գիտաժալովներ՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, մասնագիտական այլ հաստատությունների մասնակցությամբ: Հայաստանի տնտեսական հարցերի լուծման վերաբերյալ հետազոտություններ կատարելու նպատակով իրականացնում է մասնագետների փոխանակություն: Օժանդակություն է ցույց տալիս Հայաստանի գիտնականներին և գիտական հիմնարկներին: Մասնաճյուղեր ունի Բոստոնում, Նյու Ցորքում, Սան Ֆրանցիսկոյում: Հրատարակում է եռամսյա տեղեկատու: Ունի շուրջ 700 անդամ:

Ամերիկայի հայկական գրադարան և թանգարան (Armenian Library and Museum of America, ALMA), հիմնվել է 1985-ին, Բելմոնդում (դեռևս 1971-ից մի խումբ հայ մտավորականների ու գործարարների ջանքերով հավաքվել են հայկական գրքեր, արվեստի գործեր): Գրադարանում առկա է շուրջ 12 հզ. անուն գիրք, իսկ թանգարանում՝ շուրջ 6 հզ. նմուշ (այդ թվում՝ ձեռագրեր, նոտաներ, քարտեզներ, լուսանկարներ): Նպատակն է հավաքել և պահպանել հայկական մշակութային արժեքները, ապահովել դրանց փոխանցումը հաջորդ սերունդներին:

Բժշկական օգնություն հայերին (Medical Outreach for Armenians), առողջապահական հիմնարկություն: Հիմնվել է 1986-ին, Լոս Անջելեսում՝ բժիշկ Վ. Նաճարյանի նախաձեռնությամբ՝ Հայաստանին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով: Իր գործունեությունն ընդլայնել է 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո և արցախյան պատերազմի ընթացքում: Աշխատում է կամավորական հիմունքներով: Գաղութի նյութական հատկացումներով մասնագետներ, դեղորայք, բժշկական սարքավորումներ է ուղարկում Հայաստան և Արցախ, օգնում բարձրացնելու բժշկական սպասարկման որակը, միջոցներ հայթայթում արցախյան պատերազմի ծանր վիրավորների բուժումը ԱՄՆ-ում կազմակերպելու համար:

Կալիֆոռնիայի ամերիկահայ բժշկական միություն, հիմնվել է 1986-ին, Լոս Անջելեսում՝ հայ բժիշկների նախաձեռնությամբ: Միության հետ համագործակցում են նաև հոգեբաններ, դեղագործներ: Միությունը պարբերաբար կազմակերպում է անվճար բժշկական սպասարկում, առողջապահական հարցերի շուրջ հեռուստածրագրեր: 1988-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո զգալի օգնություն է ցույց տվել աղետյալներին, ուղարկել դեղորայք և սարքավորումներ, կառուցել առողջապահական կենտրոններ (ծրագրել է նաև Հայաստանում բացել շաքարախտի բուժման կենտրոն): Կազմակերպում է ակնաբույժների վերապատրաստում թե՛ Լոս Անջելեսում, թե՛ Հայաստանում: Հրատարակում է “Newsletter” տեղեկատուն (1991-ից, անգլերեն): Սան Ֆրանցիսկոյում գործում է միության մասնաճյուղը:

Հայ թատրոնի ընկերություն, հիմնվել է 1986-ին, Լոնդոնում: 1990-ից գործում է Լոս Անջելեսում: Ընկերության հիմնադիր և ներկայացումների գլխավոր վարիչ-բեմադրիչն է Ա. Ստեփանյանը:

«Վահագն» միություն, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների միություն: Հիմնվել է 1987-ին, Լոս Անջելեսում: Նպատակն է ծառայել հայ ժողովրդի միասնականությանը և հայ մշակույթի պատշաճ մատուցման, տարածման ու պահպանման գործին: Գրասենյակը Գլենդելում է: Գործում է միության շաբաթօրյա դպրոցը Լոս Անջելեսում: Մշակութային ու գիտական կապեր է ստեղծել Հայաստանի հետ: Ունի շախմատի խմբակ:

Մխիթարյան կրթական հիմնարկ, հիմնվել է 1988-ին, Լոս Անջելեսում՝ Տ. վրդ. Եարտըմյանի նախաձեռնությամբ: Հիմնարկը Մխիթարյան միաբանության մասնաճյուղերից է և գտնվում է նրա հովանավորության ներքո: Նպատակն է նյութապես ու բարոյապես օգնել միաբանության ուսումնագիտական, հրատարակչական, ազգային և մշակութային աշխատանքներին:

Միացյալ հայկական ֆոնդ, տես Կազմակերպություններ բաժինը:

Հայ իրավաբանների միություն, հիմնվել է 1989-ին, Լոս Անջելեսում՝ Ր. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ: Նպատակն է համախմբել հայ իրավաբաններին, իրավաբանական օգնություն ցույց տալ ամերիկահայ համայնքին: Միությունն անդամներ ունի սփյուռքից և Հայաստանից: Կազմակերպում է իրավաբանական սեմինարներ, դասախոսություններ, անցկացնում ամենամյա ժողովներ: Օգտվելով Բաբայան հիմնադրամի աջակցությունից՝ միությունն իրականացնում է Հայաստանի և Կալիֆոռնիայի հայ իրավաբանների փոխանակման ծրագիր: Հրատարակում է եռամսյա տեղեկատու (անգլերեն) և «Ճանաչիր քո օրենքները» գրքույկը (հայերեն):

Նոր սերունդ մշակութային միության ԱՄՆ-ի մասնաճյուղ, գործում է 1989-ից Գլհնդելում՝ ՍԴՀԿ հովանու ներքո: Հիմնադիրներ՝ Գ. Մոլոյան, Կ. Մանկրյան, Բ. Տրամարյան, Գ. Ալպարյան: Հայապահպան գործունեություն է ծավալում մշակույթի տարբեր բնագավառներում, կազմակերպում գրական-գհղարվեստական միջոցառումներ, ռադիո- և հեռուստաելույթներ, թատերական և երաժշտական ձեռնարկներ, հրատարակչական աշխատանք, նշում հայ մշակույթի նշանակալի տարեթվերը, գրողների հոբելյանները: Ունի երգչախումբ՝ «Հայրեն»: Միության ակումբներր գործում են Գլենդելում, Փասադենայում, Նորթ Հոլիվուդում: