Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փաստաթղթերի հավաքման, ոաումնասիրության և օտարներին ճանաչել տալու աշխատանքով: 2000-ին Վաշինգտոնում գնվել է շենք՝ Հայոց ցեղասպանության թանգարանի համար:

Վենտուրա Քաունթիի հայ մշակութային ընկերություն, հիմնվել է 1976-ին, Վենտուրա Քաունթիում՝ Ս. Քոչեքյանի և Մ. Հակոբյանի նախաձեռնությամբ: Նպատակը շրջանի հայ ընտանիքներին համախմբելն ու պարբերական հանդիպումների միջոցով հայկական միջավայր ստեղծելն է: Կազմակերպում է մշակութային ձեռնարկներ, դասախոսություններ, զբոսանքներ: Հանգանակություն կազմակերպելով՝ ընկերությունը նյութական օգնություն է ցուցաբերել Սպիտակի երկրաշարժի (1988) աղետյալներին, նաև Կալիֆոռնիայի որոշ հայ կրթական հաստատությունների: Ընկերության գործուն մասնակցությամբ Թաուզընդ Օքսը և Սպիտակը դարձել են քույր քաղաքներ:

«Երկիր և մշակույթ» կազմակերպություն, 1977-ին Փարիզում հիմնված նույնանուն կազմակերպության մասնաճյուղը Կալիֆոռնիայում: Գործում է 1985-ից: Հիմնադիրներ՝ Բ. և Ն. Նովելներ, Հ. Մանճիկյան, Վ. Կապուտյան և Ն. Հովսեփյան: Նպատակն է նորոգել և պահպանել հայոց պատմական հայրենիքի ավերված եկեղեցիներն ու վանքերը: 1988-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո կազմակերպությունը գործունեություն է ծավալում աղետի գոտում՝ վերակառուցելով և նորոգելով հայ մշակույթի կոթողները: Հրատարակում է «Դեպի Երկիր» եռամսյա հանդեսը:

Հայ համալսարանականների միություն, հիմնվել է 1978-ին, Լոս Անջելեսում: Նպատակն է համախմբել հայ համալսարանավարտներին, ստեղծել ընկերային, մշակութային մթնոլորտ, պահպանել ազգային ինքնագիտակցությունը, համագործակցել հայկական այլ կազմակերպությունների հետ: Միությունն իր ներդրումն ունի գաղութի մշակութային կյանքում, օգնում է Հայաստանի «Նորք» մանկատանը, թոշակներ տրամադրում անապահով ուսանողներին:

Հայ ընտանեկան միություն, հիմնվել է 1979-ին, Գլենդելում: Հիմնադիրներ՝ Խ. Ջանոյան, Հ. Զաքարյան, Ժ. Հակոբյան և ուրիշներ: Կազմակերպում է հոբելյանական տոնակատարություններ, ազգային տոներին նվիրված հանդիսություններ: Գործում է միության շաբաթօրյա դպրոցը: Ունի 72 անդամ:

Հայկական ֆիլմի հիմնարկություն, հիմնվել է 1979-ին, Լոս Անջելեսում՝ Մ. Հակոբյանի, Լ. Կարապետյանի, Մ. Աղբաբյանի, Ու. Քարաբյանի նախաձեռնությամբ: Նպատակն է Հայկական հարցի քարոզչության համար ստեղծել և տարածել դաստիարակչական, մշակութային բնույթի և լսողատեսողական այլ նյութեր: Արտադրել է ֆիլմեր, տեսաերիզներ, կազմակերպել կինոփառատոներ և համագումարներ, հավաքել արխիվային նյութեր, փաստագրական ֆիլմեր: Հիմնարկության նկարահանող խմբերն աշխատել են ԱՄՆ-ում, Կանադայում, Թուրքիայում, Հայաստանում, Ավաորալիայում, Արևմտյան Եվրոպայում, Հունաստանում, Լիբանանում, Սիրիայում: Հիմնարկությունը ղեկավարում է վարչական մարմինը, ունի նվիրատուներ:

Հայ-ամերիկյան տարեցների միություն, հիմնվել է 1980-ին, Գլենդելում՝ ՀՕՄ-ի նախաձեռնությամբ: Ամերիկյան տարեցների կազմակերպության մաս է կազմում: Նպատակն է համախմբել հայ տարեցներին, միմյանց հետ շփվելու, ծանոթանալու պայմաններ ստեղծել: Միության գործունեությունը ղեկավարում է Կենտրոնական վարչությունը (ընտրվում է պատգամավորական ժողովի կողմից): Գործում է Լոս Անջելեսի շրջանում, մասնաճյուղեր ունի Գլենդել, Էնսինո, Հոլիվուդ, Փասադենա քաղաքներում:

Հայկական գրքերի և արվեստի թանգարան, հիմնվել է 1980-ին, Ուոթերթաունում: Ունի եռահարկ շենք, որի բաժանմունքներում պահպանվում են հայերեն և օտար լեզուներով գրքեր, հայկական հին գորգեր, սափորներ, հայ նկարիչների գործեր: Կազմակերպում է դասախոսություններ, ցուցահանդեսներ, գրական ու մշակութային երեկոներ:

Ատլանտայի հայ անկախ մշակութային միություն, հիմնվել է 1982-ին, Մարիեթում (Ատլանտա)՝ Արա Քեյֆերի նախաձեռնությամբ: Նպատակն է մշակութային ծրագրերի իրագործման համար համախմբել հայությանը, ամերիկահայ երիտասարդներին տալ հայեցի դաստիարակություն, ծանոթացնել ազգի պատմությանը, մշակույթին ու գրականությանը:

Արմենական երիտասարդական շարժում, ՌԱԿ-ի երիտասարդական կազմակերպություն: Հիմնվել է 1982-ին, Կալիֆոռնիայում: Նպատակն է հայկական պատմական հողերի ազատագրումը, սփյուռքում հավատարիմ և օրինապահ երիտասարդներ դասաիարակելը: Կազմակերպում է ազգային դաստիարակչական ասուլիսներ, ինքնապաշտպանության թեմային նվիրված դասընթացներ, ընկերային և մշակութային հավաքներ: Ունի վարիչ-մարմին, մասնաճյուղեր՝ Գլենդելում, Հոլիվուդում, Սան Ֆեռնանդո հովտում, Փասադենայում:

Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցություն, հիմնվել է 1983-ին, Լոս Անջելեսում՝ ԱՄՆ-ում, Հայաստանում և այլ երկրներում բնակվող հայ ճարտարագետներին համախմբելու և նրանց միջև համագործակցություն ստեղծելու նպատակով: Ընկերակցությունը կազմակերպում է համա-