Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առևտրի մեջ՝ հատկապես Եվրոպայի և Ռուսաստանի հետ կատարվող առևտրական գործառնություններում: 1730-ական թթ. քաղաքի նշանավոր հայ վաճառական Կարապետը ռուսական Նեժին քաղաքում հիմնել է տարանցիկ առևտրի խոշոր հենակետ, որի վրայով Ղ-ից, Պարսկաստանից, Թուրքիայից և այլ վայրերից եկող վաճառականներն աշխույժ առևտուր են արել ռուսական շրջաններում: Եվպատորիայի հայերը, որոնց թիվը 1778-ի արտագաղթեցման ժամանակ շուրջ 2 հզ. էր, նաև ճանաչված արհեստավորներ էին:

Թերակղզին Ռուսաստանին միացնելուց հետո համայնքը սկսել է վերականգնվել (1820-ական թթ.՝ մոտ 100 տուն): XX դ. սկզբին, Արևմտյան Հայաստանից հայ գաղթականների հոսքի հետևանքով, հայերի թիվը հասել է շուրջ 1000-ի: XIX-XX դդ. գործել են Ս. Նիկողայոս եկեղեցին և նրան կից հայկական ծխական դպրոցը: Հայերը հիմնականում զբաղվել են առևտրով, արհեստներով, աշխատել արդյունաբերական ձեռնարկություններում:

1991-ից Եվպատորիայում սկսել է վերածնվել հայկական ազգային կյանքը, բացվել է հայկական կիրակնօրյա դպրոց, գործում են Ս. Նիկողայոս եկեղեցին, Ղրիմահայոց ընկերության տեղական բաժանմունքը:

Թեոդոսիայի (XIII-XVIII դդ. Կաֆա) հայկական գաղութը սկզբնավորվել է XI-XII դդ., երբ այնտեղ հիմնվել է ղրիմահայոց ամենահին կառույցը՝ Ս. Սարգիս եկեղեցին:

Կաֆան միջնադարյան ղրիմահայ գաղթավայրերի հասարակական-քաղաքական, տնտեսական, եկեղեցական և մշակութային կյանքի կենտրոնն էր, նրանց ոչ պաշտոնական մայրաքաղաքը: XV-XVIII դդ. այստեղ գործել են մոտ 30 հայկական եկեղեցիներ: XIV-XV դդ. քաղաքի տարածքի մեծ մասը զբաղեցրել են հայկական թաղամասերը՝ Գամճակը, Քաշոտը ևն: XV դ. Կաֆայի 70 հզ. բնակչից ավելի քան 46 հզ-ը հայեր էին: Եղել է հայ եպիսկոպոսանիստ քաղաք: XIV դ. սկզբին հայ եպիսկոպոսը համայնքի ուժերով անցկացրել է ջրմուղ: XIV-XV դդ. հայերը, ըստ կարողության, Կաֆան շրջապատել են պաշտպանական պարսպով՝ «Հայոց բերդով», որի մի հատվածն առ այսօր պահպանվել է:

Միջազգային ծովային և ցամաքային ապրանքաշրջանառության խոշոր կենտրոն Կաֆայի առևտուրը XIII-XV դդ. գերազանցապես իրականացվել է հայերի միջոցով, նրանք այստեղ ունեցել են վաճառականական ընկերություններ, վարձակալված նավեր, իջևանատներ, պահեստաշենքեր: Ջենովայի Հանրապետությունում կազմավորվող կապիտալիստական հարաբերությունները որոշակի արտահայտություն են գտել կաֆահայ գաղութում՝ առաջ բերելով համապատասխան հաստատություններ. կաֆահայերն ունեցել են 12 բանկ, վարկատու տներ և այլն: Զարգացած էր արհեստագործությունը, կային համքարություններ, որոնք ունեցել են իրենց կանոնադրությունները: Ջենովական գաղութային վարչակազմում պաշտոններ զբաղեցնելուն զուգընթաց՝ կաֆահայերն օգտվել են որոշակի ինքնավարությունից, պահել ոստիկանություն՝ քաղաքացիների անձի և գույքի պաշտպանության ապահովման համար, և զինված ուժեր, որոնք տեղակայվել են Կազարատ բերդապահ ավանում և Կաֆան պաշտպանել թաթարական ասպատակություններից:

1475-ին թուրք-թաթարական ավելի քան 60 հզ-անոց համատեղ ուժերը գրավել են Կաֆան, բնակչության մի մասին սրի քաշել, իսկ որոշ մասին գերեվարել: Կաֆահայերի վրա ծանրացել է միանվագ պատերազմական տուրքերի և խոշոր հարկերի վճարման լուծը: Սակայն որոշ ժամանակ անց քաղաքում նստած թուրքական փաշան, զգալով հայերին սիրաշահելու անհրաժեշտությունը, մեղմել է իր քաղաքականությունը, նրանց վերադարձրել հայկական եկեղեցիներն ու վանքերը, թույլ տվել վերսկսել տնտեսական գործունեությունը: XVII-XVIII դդ. կաֆահայ գաղութը կրկին տնտեսական, մշակութային և եկեղեցական կյանքի նկատելի առաջընթաց է ապրել: Շոշափելի է եղել հայ վաճառականների մասնակցությունը XVII-XVIII դդ. սլավոնական աշխարհի, հատկապես ռուսական և լեհական շրջանների հետ Ղ-ի ունեցած առևտրական ու դիվանագիտական հարաբերություններում:

XIV-XVIII դդ. որոշակի զարգացում են ապրել հայ մշակույթի մի շարք ճյուղեր՝ դպրությունը, մանրանկարչությունը, ճարտարապետությունը, տաղասացությունը, գիտու-