տերերի դասերի ներկայացուցիչները (Սպենդիարյաններ, Թոփալովներ, Թումանովներ, Բուռնազյաններ և ուրիշներ) տնտեսական և քաղաքական շահախնդրություններով XIX-XX դդ. միահյուսվել են նահանգային իշխանությունների և տեղական վերնախավի հետ, նկատելիորեն խթանել քաղաքի տնտեսական առաջընթացը: Միաժամանակ, նրանք զորավիգ են եղել ղրիմահայության ազգային-մշակութային կյանքին, կանոնավոր նյութական օժանդակություն կազմակերպել նրա աղքատ խավերին:
Տեղի հայ մեծահարուստ վաճառականները եղել են ռուսական տոնավաճառների մշտական այցելուներ: XIX դ. վերջին ավելի քան 70 հայ վաճառականներ ընդգրկվել են քաղաքի առևտրական գիլդիաներում: Մանրածախ առևտրի ոլորտում և գիլդիաներում հայերի ներդրած դրամագլուխը կազմել է մի քանի միլիոն ռուբլի: Հայ վաճառականները XIX դ. 2-րդ կեսից արդեն առևտուր են արել կապիտալիստական կացութաձևին համապատասխանող եղանակով՝ պահել են մասնագիտացված խանութներ ու կրպակներ, դիմել գովազդի օգնությանը և այլն: Սիմֆերոպոլի հայերը եղել են համբավավոր արհեստավորներ, հիմնել են ֆաբրիկաներ, 1901-ին առաջին անգամ քաղաքի փողոցներում անցկացրել են արտաքին էլեկտրական լուսավորություն, զարգացրել կաշվի, օճառի, մոմի, կոշիկի արտադրությունը: Մեծ պահանջարկ է վայելել Սրապիոնյանի կոշիկի ֆաբրիկայի արտադրանքը:
1897-ից Սիմֆերոպոլի Ս. Աստվածածին եկեղեցուն առընթեր կազմակերպվել է աղքատ ծխականների հոգաբարձություն: Նրա միջոցները զգալի չափով գոյացել են Սպենդիարյանների, Ս. Միսիրյանի, Վ. Թումանյանի, Սելինյանի և այլոց դրամական նվիրատվություններից: XX դ. սկզբին գործել են երկու հայկական ծխական դպրոցներ՝ 8 ուսուցիչով և 82 աշակերտով, այստեղ նախնական կրթություն է ստացել հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը: Սիմֆերոպոլում ծնվել և տեղի գիմնազիան է ավարտել հանրաճանաչ ջութակահար, Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր Հովհաննես Նալբանդյանը (1871-1942):
1920-30-ական թթ. Սիմֆերոպոլում հայ ազգային կյանքն աստիճանաբար մարել է: 1944-ին տեղի հայերին նույնպես արտաքսել են թերակղզուց: 1990-91-ից սկսվել է հայերի վերադարձի և համայնքի վերստեղծման գործընթացը: Բացվել է հայկական կիրակնօրյա դպրոց, գործում է Ղրիմահայոց ընկերությունը: Հրատարակվում է «Մասյաց աղավնի» թերթը: Սիմֆերոպոլը դարձել է ղրիմահայության հասարակական-մշակութային կյանքի կենտրոնը:
Արմյանսկ (Օրաբազար, Արմյանսկի բազար) քաղաքը հիմնել են Օր Գաբուի (Պերեկոպ) հայերը 1736-ին, երբ կոմս Միննիխի գլխավորած ռուսական զորքերի արշավանքի հետևանքով Պերեկոպն ավերվել է: Սկզբնական տարիներին Արմյանսկը զուտ հայկական գյուղաքաղաք էր: XIX դ. առաջին կեսին բնակչության մեծամասնությունը հայ էր: Նրանք պահել են տարանցիկ առևտուրը սպասարկող անհրաժեշտ հարմարություններ՝ իջևանատներ, հյուրանոցներ, պահեստաշենքեր, ճաշարաններ: 1806-ին կառուցվել է քաղաքի առաջին հայկական եկեղեցին, 1861-62-ին՝ Ս. Աստվածածին քարակերտ եկեղեցին: XIX-XX դդ. գործել է հայկական ծխական դպրոց, 1903-ից՝ եկեղեցուն կից ծխականների հոգաբարձություն:
1991-ից սկսվել է տեղի հայ համայնքի վերականգնման գործընթացը, կազմակերպվել է Ղրիմահայոց ընկերության տեղական բաժանմունքը:
Բախչիսարայի հայ գաղթավայրը սկզբնավորվել է քաղաքի հիմնադրման ժամանակներից (XV դ. սկիզբ) և հետզհետե ստվարացել Բախչիսարայի քաղաքական և տնտեսական դերի բարձրացմանը զուգընթաց՝ կազմելով շուրջ 1400 մարդ (300 տուն): Գործել է Ս. Աստվածածին, իսկ XVII դ. վերջից՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 1645-ին քաղաքում քահանա է եղել ղրիմահայ նշանավոր տարեգիր Խաչատուր Կաֆայեցին (Խաչգռուզ): Հայ վարպետների մասնակցությամբ իրականացվել է խոշոր կառույցների, այդ թվում նաև խանական «Աչլամա» նշանավոր պալատի շինարարությունը:
Եվպատորիայի (Կեոզլև, Կոզլով) հայկական համայնքն սկզբնավորվել է XIV-XV դդ.՝ թերակղզում ջենովացիների տնտեսական տիրապետության ժամանակաշրջանում: Ղ-ի հայահոծ գաղթավայրերից էր, որ գոյատևել է ամբողջ միջնադարում և նոր ու նորագույն ժամանակաշրջանում: Եվպատորիայի հայերը որոշակի մասնակցություն են ունեցել միջնադարյան Ղ-ի ներքին ու արտաքին