Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/600

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1990-91-ից սկսվել է հայ համայնքի վերականգնումը: Գործում են եկեղեցի, կիրակնօրյա հայկական դպրոց և Ղրիմահայոց ընկերության տեղական բաժանմունքը:

Սևաստոպոլի հայ համայնքը կազմավորվել է XIX դ. կեսին. 1897-ին այստեղ ապրել է շուրջ 900 հայ: Նրանք զբաղվել են մանր առևտրով և նավահանգստային աշխատանքներով: XIX դ. սկզբին Սևաստոպոլի մաքսատան տնօրենը եղել է հայազգի Տարաս Այվազովը: Ղրիմի պատերազմի (1853-56) և, մասնավորապես, Սևաստոպոլի պաշտպանության (1854) ժամանակ հայերը ստանձնել են մատակարարման նկատելի մասը: XX դ. սկզբին ձեռնարկատեր Գ. Գևորգյանը հիմնել է շոգեմեքենայի միջոցով աշխատող մակարոնի ֆաբրիկա: Հայերն ունեցել են իրենց աղոթատունը, 1913-ին հիմնել են Ռաֆայել Պատկանյանի անվան Հայ գրիգորյան ընկերությունը:

1991-92-ին հայ համայնքը վերականգնվել է, գործում են Ղրիմահայոց ընկերության բաժանմունքը և կիրակնօրյա դպրոց:

Ստարի Կրիմ (թաթարական անվանումը՝ Էսկի Կրիմ, հայկականը՝ Հին Ղրիմ, Սուրխաթ, ջենովականը՝ Սոլկատ) քաղաքը հիմնվել է XIII դ.: Հայերն այստեղ բնակվել են քաղաքի հիմնադրումից ի վեր: Սուրխաթ անունը, որը մերձակա լեռանը տրված հայերեն Սուրբ Խաչ անվան ջենովական աղավաղված ձևն է, ինքնին վկայել է այնտեղ հայերի մեծաթիվ լինելը: Իրենց թվով հայերը գերազանցել են քաղաքի այլազգի բնակիչներին: Հայ գրիչները Սուրխաթը վկայակոչել են որպես «հռչակավոր» և «հոյակապ» քաղաք: XIV-XV դդ. այնտեղ միաժամանակ գործել են առնվազն 10 հայկական եկեղեցիներ: Քաղաքի հայկական թաղերից մեկը կոչվել է Վերին հողետներ (նաև՝ Ճղբնիս): XIII-XV դդ. Սուրխաթում և նրա շրջակայքում հաստատվել են նաև հայ երկրագործական համայնքներ: XV դ. կեսին ջենովական վարչության սաստկացած կառավարման, ուժից վեր հարկերի և կրոնական հետապնդումների պատճառով հայերը Կաֆայից զանգվածաբար տեղափոխվել են թաթարական կառավարման ոլորտ, հատկապես՝ Սուրխաթ:

XIV-XV դդ. Սուրխաթը քարավանային առևտրի խոշոր հանգույց էր, արևելյան և արևմտյան ապրանքների վաճառքի ընդարձակ շուկա: Հայերն իրականացրել են ռուսական մորթեղենի, տեղական ապրանքների, Խորեզմից բերված մետաքսեղենի և համեմունքների փոխանակումը Արևմուտքից ներկրված ապրանքների հետ: XVI-XVII դդ. Սուրխաթն իր տնտեսական առաջնային դերն աստիճանաբար զիջել է Ղարասուբազարին, և ըստ այդմ՝ հայերի թիվը գնալով պակասել է՝ 1778-ին, ղրիմահայերի տեղահանման պահին՝ կազմելով ընդամենը 160 մարդ:

Սուրխաթը հայ գրչության կենտրոններից էր, XIV-XVII դդ. այստեղ ստեղծվել են բազմաթիվ ձեռագիր մատյաններ:

Ղ. Ռուսաստանին անցնելուց հետո անմարդաբնակ դարձած Սուրխաթը (շրջակա 12 հզ. դեսյատին հողով) Պավել I-ի 1799-ի հոկտեմբերի 28-ի հրամանագրով տրվել է հայերին՝ հավերժական օգտագործման: XIX դ. սկզբին նրանք այստեղ հիմնել են հայաքաղաք և մինչև 1870-ը կազմել նրա բնակչության մեծամասնությունը: 1892-ին քաղաքում ապրել է շուրջ 2 հզ. հայ:

1799-ի կայսերական հրամանագրի հիման վրա հայ համայնքը Սուրխաթում կազմակերպել է դատարան, որը բացվել է 1808-ին: Հայկական դատարանը պաշտոնապես կոչվել է Հին Ղրիմի քաղաքային ռատուշա: Վերջինս ունեցել է դատական և ոստիկանական իրավունքներ, գործերը վարել է հայերեն՝ ժողովրդի նախնի օրենքների և սովորույթների համաձայն: Ռատուշան կազմվել է քաղաքի հայ համայնքի երեք ներկայացուցիչներից՝ երեք տարին մեկ տեղի ունեցող ընտրությունների միջոցով: Հայ համայնքն ընտրել է նաև քաղաքագլուխ և ավագ: Քաղաքացիական և քրեական հարցերի հետ ռատուշան քննել և լուծել է քաղաքի վարչական, հասարակական կյանքին ու կենցաղին վերաբերող հարցեր, ստանձնել գործադիր իշխանության իրավասություններ՝ իր ժամանակի գերակշիռ մասը տրամադրելով քաղաքի բարեկարգման, տնտե-