Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սական զարգացման, առևտրի, հողային վեճերի, հարկերի գանձման և նմանօրինակ այլ հարցերի կարգավորմանը:

Սուրխաթի հայ համայնքի տնտեսական կյանքում կարևոր նշանակություն է տրվել առևտրին, որի կազմակերպումը մինչև 1870-ը գտնվել է ռատուշայի ձեռքում: Ռատուշան նահանգային իշխանություններից ստացել և բաժանել է առևտուրն արտոնող բոլոր փաստաթղթերը ու պետական գանձարան մուծել համապատասխան գումարներ: Հայերը քաղաքում պահել են խանութներ, կրպակներ, գինու մառաններ, գինետներ, սրճարաններ, հացի փռեր, բաղնիքներ և այլն:

XIX դ. վերջին քառորդում Սիմֆերոպոլի, Եվպատորիայի և Թեոդոսիայի տնտեսական նշանակության բարձրացմանը զուգահեռ՝ Սուրխաթի դերն ընկել է: Հայերն սկսել են տեղափոխվել այլ քաղաքներ. 1902-ին այնտեղ բնակվել է ընդամենը 410 հայ: XIX դ. Հին Ղրիմի հայերի ապրուստի կարևոր միջոցներից էր գյուղատնտեսությունը: Նրանք Ղ-ում առաջինն են նախաձեռնել շերամապահության արմատավորման գործը, լավ արդյունքների հասել այգեգործության, դաշտավարության և անասնապահության բնագավառներում: Արհեստագործության հետ միասին կազմակերպել են գործարանային արտադրություն՝ հիմնելով կղմինդրի, կաշվի վերամշակման, մոմի, օճառի և այլ ձեռնարկություններ:

1991-92-ից Հին Ղրիմի հայ համայնքը սկսել է վերականգնվել: 1994-ին ձեռնարկվել են Ս. Խաչ վանքի համալիրի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվել են 1998-ին:

Սուդակի (Սոլդայա, Սուրոժ) հայ համայնքը ձևավորվել է XII դ.: XIV-XV դդ. հայերը թվով գերազանցել են քաղաքում բնակվող մյուս ազգերին: Սուդակի մերձակայքում հիմնվել են հայկական գյուղեր՝ իրենց եկեղեցիներով: Տեղի հայերը վենետիկցիների, իսկ 1380-ից՝ ջենովացիների հետ աշխույժ առևտուր են արել Սև ծովի ավազանի երկրների հետ և, տնտեսապես զորանալով, վարկավորել առևտրական գործարքներ: XIV-XV դդ. առևտրի ծավալման հետևանքով Մոսկվայում առաջացել է մշտապես գործող և հատուկ թաղամաս զբաղեցնող ղրիմեցի առևտրականների մի մեծ խմբակցություն՝ «սուրոժցի հյուրերը»: Վերջիններիս մեջ մեծ թիվ են կազմել հայ վաճառականները: Սուդակի հայերը զբաղվել են նաև այգեգործությամբ ու արհեստներով:

XIX-XX դդ. քաղաքում գոյատևել է փոքրաթիվ հայ համայնք, զբաղվել են հիմնականում մանր առևարով և այգեգործությամբ:

1991-ից Սուդակի հայ համայնքը վերականգնվել է:


ԵԿԵՂԵՑԻ

Միջնադարյան Ղ-ում գործել են տասնյակ հայկական եկեղեցիներ ու վանքեր, ստեղծվել է եպիսկոպոսական երկու վիճակ՝ երկու առաջնորդ եպիսկոպոսներով, որոնցից մեկի հովվության տակ են գտնվել Կաֆայից մինչև Չերքեզիա (Հյուսիսային Կովկաս), իսկ մյուսի՝ Բախչիսարայից մինչև Կաուշան (Դնեստրի ափին) տեղաբաշխված հայ համայնքները:

Ղրիմահայ եկեղեցին ի սկզբանե եղել է էջմիածնապատկան: Սակայն պատմական հանգամանքների բերումով նրա գործերի կարգավորմանը երբեմն միջամուխ են եղել Մեծի Տանն Կիլիկիո (Սսի) կաթողիկոսը և Կ. Պոլսի պատրիարքը: Սսի կաթողիկոսը ժամանակ առ ժամանակ Կաֆայում պահել է իր աթոռակալը:

Ղրիմահայերի և նրանց եկեղեցու ծանրակշիռ հեղինակության մասին է վկայում այն, որ նրանց ներկայացուցիչներին է վերապահվել 1438-ի Ֆլորենցիայի տիեզերաժողովին ներկայացնելու հայոց պատվիրակությունը՝ Կաֆայում Սսի կաթոլիկական փոխանորդ, այնտեղի Ս. Անտոն վանքի առաջնորդ Սարգիս վարդապետի գլխավորությամբ:

Ռուսական տիրապետության շրջանում ղրիմահայ եկեղեցական գործերը մինչև 1803-ը վարել է Նոր Նախիջևանի հոգևոր առաջնորդությունը: 1803-ից սկսել է գործել ղրիմահայոց հոգևոր կառավարությունը (նստավայրը՝ Ղարասուբազար): Մինչև XIX դ. կեսը Ամենայն հայոց կաթողիկոսը Ղ-ում պահել է կաթողիկոսական հաջորդ (առաջնորդական փոխանորդ), որին 1840-ից փոխարինել է ղրիմահայ եկեղեցիների և Ս. Խաչ վանքի հոգաբարձուն: 1810-40-ին փոխանորդի աթոռը զբաղեցրել են եկեղեցական գործիչներ Մանվել վրդ. Գյումուշխանեցին և Թադևոս վրդ. Բեկզադյանը: Գլխավոր հոգաբարձուի պաշտոնում նշանակվել են աշխարհիկ ճանաչված գործիչներ, որոնք վարել են եկեղեցու ֆինանսատնտեսական գործերը, պաշապանել նրա շահերը իշխանությունների և այլոց առաջ: 1801-10-ին Նոր Նախիջևանի, Ղ-ի և առհասարակ Նովոռուսիայի հայոց հոգևոր առաջնորդը եղել է Եփրեմ արքեպիսկոպոսը (1809-30-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս): 1812-ին ստեղծվել է Բեսարաբիայի թեմը, որի տնօրինության տակ էր նաև ղրիմահայ եկեղեցին: Այնուհետև ղրիմահայ համայնքն անցել է 1830-ին կազմավորված Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի ենթակայու-