Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարտիրոս Ղրիմեցու, Ստեփանոս Թոխաթեցու ստեղծագործությունները: Հայկական ժողովրդական երգերի առաջին ձեռագիր ժողովածուն կազմել է Խաչատուր Կաֆայեցին՝ Խաչգռուզը, 1608-ին՝ 16 տարեկան հասակում:

Թատրոն: Ղրիմահայության մշակութային կյանքում առանձնահատուկ տեղ է ունեցել թատերարվեստը: Մխիթարյան միաբանության շնորհիվ դպրոցական թատրոնը մուտք է գործել նահ Ղ.: Այստեղ գրեթե բոլոր դպրոցներին կից գործել են թատրոններ: 1820-ական թթ. Ղարասուբազարում թատերական գործունեություն է ծավալել Մխիթարյան միաբան Մինաս Բժշկյանը: Նա հիմնադրել է ուսումնարան (1824), որտեղ տրվել են ներկայացումներ: Նրա գործը շարունակել են Վ. Պոտուրյանը, Մարգար Կարա-Մուրզան (հետագայում ներկայացումներին մասնակցել է նաև որդին՝ Քրիստափոր Կարա-Մուրզան): Դպրոցը դարձել է հայ թատերական կյանքի կենտրոնը մինչև 1870-ական թթ.: Խորհրդային շրջանում նույնպես թատերական կյանքը Ղ.-ում շարունակվել է: 1933-ին ստեղծված Ազով-Սևծովյան երկրամասի հայկական և կից գործող բանվոր-երիտասարդական թատրոնները սպասարկել են նաև ղրիմահայ բնակչությանը:

Ճարտարապետություն: Հայ մշակույթի աչքի ընկնող նվաճումներից է ղրիմահայ ճարտարապետությունը, որն արտացոլվել է Կաֆայում, Սուրխաթում, Ղարասուբազարում, Յալթայում և այլ տեղերում հայերի կառուցած հոգևոր և աշխարհիկ բազմաթիվ շինություններում: Ամենանշանավոր հուշարձանը Հին Ղրիմի Ս. Խաչ վանքն է. կենտրոնական տաճարը իր կառուցողական ոճով հարազատ է մնացել հայ դասական ճարտարապետության լավագույն կոթողների ոճին: Հայ ճարտարապետությանը բնորոշ կառույցներ են Թեոդոսիայի Ս. Հովհաննես Մկրտիչ (1348), Միքայել ու Գաբրիել հրեշտակապետաց (1408) և քաղաքի մի քանի այլ եկեղեցիներ:

Ղրիմահայերի նոր շրջանի ճարտարագիտական-շինարարական կառույցների մեջ առանձնանում են Յալթայի Ս. Հռիփսիմե հայկական եկեղեցին (1909-16), Թեոդոսիայի Խալիբյան ուսումնարանի եռահարկ շենքը (1858-62, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռմբակոծությունից հիմնահատակ քանդվել է), Եվպատորիայի Ս. Նիկողայոս եկեղեցին (XIX դ.), Հ. Այվազովսկու թանգարանը Թեոդոսիայում (1880-ական թթ.):

Կերպարվեստ: Կերպարվեստի բնագավառում ղրիմահայերը տվել են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, նկարիչ Մանուկ Մահտեսյանը (Էմանուել): 1868-ից Սիմֆերոպոլում է բնակվել նշանավոր գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցը, որը կատարել է Յալթայի Ս. Հռիփսիմե եկեղեցու ներքին ձևավորման էսքիզները:

Երաժշտություն: Մեծ է ղրիմահայերի ներդրումը հայ երաժշտության մեջ: Հայկական ժողովրդական երգերի առաջին ձեռագիր ժողովածուն կազմել է Խաչգռուզը, որի շնորհիվ XVI դ. սկզբին և XVII դ. վերջին Ղ-ում մեծ տարածում են ունեցել հայկական ժողովրդական երգերը: 1871-ին Ղ-ում է ծնվել մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը: Երաժշտական առաջին դասերն առել է Սիմֆերոպոլում. 1901-ից հաստատվել է Յալթայում, 1915-ից՝ Սուդակում: Նա Ղ-ում է ստեղծել իր լավագույն գործերից մի քանիսը՝ «Ղրիմի էսքիզները», «Երեք արմավենի», «Մի լար, բլբուլ», «Առ Հայաստան» ևն: Հայ երաժշտությանը մեծ ծառայություններ է մատուցել ղրիմահայ Քրիստափոր Կարա-Մուրզան: Նա առաջինն է սկսել հայկական ժողովրդական երգերի հավաքման, ձայնագրման և քառաձայն մշակման գործը: Ղ-ում է ծնվել նաև կոմպոզիտոր Ա. Քաղցածյանը, որը մեծ ներդրում ունի նոտագրման բնագավառում: Նա մանկավարժական գործունեություն է ծավալել Ղարասուբազարում, Սիմֆերոպոլում և Սևաստոպոլում: Նրա օրինակին են հետևել երաժիշտներ Հ. և Մ. Ուզունյանները, Գաբրիել Մելքոն և Մարտիրոս Նալբանդյանները, Կ. Խանբեկյանը: Նշանավոր երաժիշտ կատարող էր ջութակահար Հ. Նալբանդյանը, որին աշակերտել են հայտնի ջութակահարներ Յաշա Հեյֆեցը, Մ. Էլմանը, Ա. Լուկաշևսկին, Ա. Կոգանը և ուրիշներ:


ՄԱՄՈՒԼ

Ղ-ում տարբեր տարիների լույս են տեսել մի քանի հայկական պարբերականներ, որոնք կարճատև կյանք են ունեցել: Ներկայումս լույս են տեսնում «Մասյաց աղավնի» երկշաբաթաթերթը և «Սուրբ Խաչ» եռամսյա հանդեսը: