«Դաստիարակ», պատկերազարդ ամսագիր: Լույս է տեսել 1873-74- ին, Թեոդոսիայում: Խմբագիր-հրատարակիչ՝ Գրիգոր Տեովլեթյան: Տպագրել է ազգային դաստիարակության խնդիրներին, գյուղատնտեսության, առևտրի, մանկավարժության և առողջապահության տարատեսակ հարցերին վերաբերող հոդվածներ, պատմական և աշխարհագրական տեղեկություններ, բանասիրական և զվարճալի նյութեր:
«Հայկական համաշխարհային համագումար» (Армянский Всемирный Конгресс), հասարակական-քաղաքական պարբերաթերթ, Հայ համայնքների համադաշնություն (ՀՀՀ) կազմակերպության պաշտոնաթերթ: Հիմնադրվել է 1995-ին, Սիմֆերոպոլում:
Լույս է տեսել ընդամենը 3 համար՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Տպագրել է հոդվածներ, տեղեկություններ և այլ կարգի նյութեր սփյուռքահայ համայնքների և Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական դրության, մշակութային կյանքի, հայ ժողովրդի պատմության տարբեր հարցերի վերաբերյալ: Քարոզել է հայ ժողովրդի տարբեր հատվածների միավորման, նրանց ջանքերի համատեղման, համաշխարհային հայկական համաժողով հրավիրելու անհրաժեշտության գաղափարը:
«Մասյաց աղավնի», հանդես: Լույս է տեսել 1855-58-ին՝ Փարիզում, 1859-65-ին՝ Թեոդոսիայում (1857-64-ը՝ «Մասյաց աղավնի և ծիածան Հայաստանյայց», 1865-ին՝ «Ծիածան» երկրորդ անունով): Քարոզել է վերդասային ազգային համերաշխության և կրոնական հայրենասիրությամբ տոգորված ազգային միության գաղափարներ՝ հիմնված հայ մշակույթի լայն տարածման վրա: Տպագրել է արտաքին քաղաքական լուրեր և տեսություններ, տեղեկություններ ազգային կյանքից, բանաստեղծություններ, պատմվածքներ, հոդվածներ պատմական, կրթական, բանասիրական, տնտեսագիտական և լեզվաբանական թեմաներով, նյութեր բնական գիտությունների, բնության երևույթների և այլ հարցերի վերաբերյալ:
«Մասյաց աղավնի», հասարակական-քաղաքական և պատմամշակութային երկշաբաթաթերթ (հայերեն և ռուսերեն), Ղրիմահայոց ընկերության պաշտոնաթերթ: Լույս է տեսել 1991-92-ին, Սիմֆերոպոլում: 1994-ից վերսկսվել է հրատարակումը: Տպագրում է հոդվածներ, տեղեկություններ և այլ կարգի նյութեր ղրիմահայ համայնքների վերստեղծման գործընթացի, նրանց արդի վիճակի, Հայաստանի և հայ գաղթավայրերի հետ կապերի ամրապնդման, Ղրիմում տիրող հասարակական-քաղաքական դրության, հայ ժողովրդի և ղրիմահայերի պատմական անցյալի ու այլ խնդիրների մասին:
«Սուրբ Խաչ», պատմամշակութային եռամսյա հանդես, Ղրիմահայոց ընկերության հրատարակություն (ռուսերեն): Լույս է տեսնում 1996-ից՝ Սիմֆերոպոլում: Տպագրում է հայ ժողովրդի պատմության և մշակույթի հարցերին նվիրված ուշագրավ նյութեր: Իր գլխավոր խնդիրներից է համարում «երկխոսություն հաստատել» Ղրիմում բնակվող ժողովուրդների հետ:
Գրկ. Քուշներյան Ք., Պատմութիւն գաղթականութեան Խրիմու հայոց, Վնտ., 1895: Թումանյան Պ., Ղրիմի հայերը, «Արոր», № 9-12, 1911: Ալպոյաճյան Ա., Պատմութիւն հայ գաղթականութեան, հ. 1, Կահիրե, 1941: Միքայելյան Վ., Ղրիմի հայկական գաղութի պատմություն. 1801-1917, Ե., 1970: Նույնի, Ղրիմահայ գաղութը արևելք-արևմուտք հարաբերությունների ոլորտում (13-18-րդ դարեր), Ե., 2000: Հայ-իտալական առնչություններ: Ջենովական փաստաթղթերը ղրիմահայերի մասին (կազմեց, առաջաբանը գրեց և ծանոթագրեց Վ. Միքայելյանը), Ե., 1974: Նույնի, Ղրիմահայոց պատմություն, Ե., 1989: Домбровский О., Сидоренко В., Солхат и Сурб-Хач, Симферополь, 1978.