Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/609

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴՊՐՈՑ

Ուրուգվահայ համայնքի առաջին դպրոցը կազմակերպվել է դեռևս 1923-ին, երբ Մոնտեվիդեոյի Սերրո թաղամասում գնված տունը ծառայել է որպես եկեղեցի և դպրոց: Այնուհետև հիմնվել են Աբգարյան, Հայկազյան, Սահակյան, Ներսեսյան, Խրիմյան, ավելի ուշ՝ Մամիկոնյան, Մեսրոպյան, Հայկազյան վարժարանները: Դպրոցների մի մասը կարճատև կյանք է ունեցել: 1940-ական թթ. սկզբին գաղութում գործել է վեց հայկական դպրոց՝ 430 աշակերտով: Հետագա տարիներին հայկական դպրոցների թիվը հետզհետե նվազել է: Ներկայումս (2003) գործում են միայն երկու ամենօրյա հայկական դպրոցներ՝ Նուբարյան-Ալեք Մանուկյան և Ներսեսյան վարժարանները:

Ուրուգվահայ նոր սերունդն իր գերակշիռ մասով իսպանախոս է: Զգալի թիվ են կազմում օտար վարժարաններ հաճախող հայ երեխաները:

Նուբարյան-Ալեք Մանուկյան վարժարան, ամենօրյա վարժարան, հիմնվելէ 1971-ին, Մոնտեվիդեոյում՝ ՀԲԸՄ հովանավորությամբ: Ունի մանկապարտեզ, նախակրթարան և երկրորդական բաժին: Սովորում է շուրջ 300 աշակերտ (2000): Դասավանդում են հայոց լեզու և գրականություն, պատմություն:

Ներսեսյան վարժարան, ամենօրյա վարժարան, հիմնվել է 1974-ին, Մոնտեվիդեոյում, գործում է Կենտրոնական վարչական խորհրդի հովանավորությամբ: Ունի մանկապարտեզ և նախակրթարան: Վարժարան են հաճախում 3 տարեկանից: Դասավանդում են հայոց լեզու և գրականություն, կրոն, պատմություն: Դպրոցում կազմակերպվում են հայ մշակույթին նվիրված միջոցառումներ, ներկայացումներ, սովորեցնում են ազգային երգեր: Ունի մոտ 30 աշակերտ (2000):


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Ուրուգվահայության հասարակական կյանքը սկսել է ձևավորվել 1920-ական թթ. վերջից, երբ կազմակերպվել են բազմաթիվ հայրենակցական, բարեսիրական-բարեգործական և մշակութային միություններ: Հիմնվել են Մարաշի, Սեբաստիայի (1927-ին), Ադանայի (1928-ին), Զեյթունի (1929-ին), Հաճընի (1930-ին), Յոզդատի (1930-ին), Կեսարիայի (1933-ին), Ուրֆայի (1935-ին) հայրենակցական միությունները: Աշխույժ գործունեություն են սկսել բարեգործական կազմակերպությունները. 1931-ից՝ Հայուհյաց բարեսիրաց միությունը (գործում է ցայսօր, իր ծերանոցով), 1934-ից՝ Հայ Կարմիր խաչի Մոնտեվիդեոյի մասնաճյուղը, 1938-ից՝ ՀԲԸՄ Մոնտեվիդեոյի մասնաճյուղը: Հիմնվել են մի շարք երիտասարդական կազմակերպություններ՝ Հայ ուսանողական միությունը (1938-ին), «Մարո» օրիորդաց միությունը (1939-ին), «Արմենիա» (1940-ին), «Փարամազ» (1942-ին) միու-թյունները: ժամանակի ընթացքում բազմաբնույթ կազմակերպությունների մի մասը դադարեցրել է իր գործունեությունը, ստեղծվել են նորերը: Ներկայումս (2003) գաղութում գործում են ՀՀԴ-ի «Վռամյան» կոմիտեն և «Արմենիա» երիտասարդական միությունը, ՍԴՀԿ-ի Հնչակյան տունը, ՌԱԿ-ի «Վահան Թեքեյան» ակումբը, ձախակողմյան (համայնավար) ուժերին միավորող Հայ ազգային կենտրոնը և Երևան մշակութային հիմնարկը, ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, ՀՄՄ-ի մասնաճյուղերը, Մարաշի հայրենակցական միությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ու-ի մասնաճյուղը: ՀԲԸՄ հովանավորությամբ գործում են միության Երիտասարդական լիգան և Հայուհյաց բարեսիրական միությունը (ունեն շենք, մարզադաշտ): Կան սկաուտական երկու խմբեր:

Ու-ի Հայկական բազմամիաթենական կազմակերպությունը համադրող մարմնի բնույթ ունի և համախմբում է Հնչակյան տունը, Հայ ազգային կենտրոնը, Արմենիա հրապարակի և պողոտայի հանձնախումբը, ՌԱԿ-ի տեղական կազմակերպությունը, «Արմենիա» ռադիոժամը, Մարաշի հայրե¬ նակցական միությունը և ՀԲԸՄ-ի Մոնտեվիդեոյի մասնաճյուղը:

Համայնքի պատմության մեջ պարբերական մամուլը շոշափելի դեր չի խաղացել: 1993-ից Մոնտեվիդեոյում հրատարակվող «Հայ ընտանիք» պարբերաթերթը (հայերեն և իսպաներեն, խմբագիր՝ Մարիա Զուլամյան) միակն է: Լրատվամիջոցների դերը հիմնականում կատարել են հայկական ռադիոկայանները, որոնցից ներկայումս գործում են երեքը. 1935-ից՝ «Ռադիո Արմենիա» (մասնավոր, տնօրեն՝ Արաքսի Ռուբենյան, հիմնադիր՝ Հարություն Ռուբենյան) և «Կոմիտաս» (ՀՀԴ, տնօրեն՝ Աբրահամ Բելյան) ամենօրյա ռադիոժամերը, 1984-ից՝ «Բարեգործականի ձայն» (ՀԲԸՄ) ռադիոժամը, որը եթեր է արձակվում շաբաթ և կիրակի օրերին:


ՄՇԱԿՈՒՅԹ

Ուրուգվահայ համայնքի մշակութային կյանքն սկսել է ձևավորվել 1930-ական թթ.: Հյուրեկ դերասանների ջանքերով աշխուժացել է հայ թատերական կյանքը: Առաջինը Հովհաննես Զարիֆյանն էր, որ 1932-ից տեղի ուժերով պարբերաբար ներկայացումներ է կազմակերպել Ու-ի մայրաքաղաքում: Մի քանի անգամ