(1939) գործել է դպրոց, որը հետո վերածվել է մեկօրյա դասընթացների: Նիսի շրջանի Հայոց կրոնական ընկերակցությունը զբաղվում է եկեղեցու, Պարսամյան վարժարանի խնդիրներով: Հոգևոր հովիվն է Նարեկ եպս. Շաքարյանը (2000-ից):
Լա Սիոտայում 1994-ին օծվել է Ս. Փրկիչ եկեղեցին, որին կից գործում է շաբաթօրյա դպրոց:
Սեն Ռաֆայելում 1977-ից գործում է Ս. Հովհաննես եկեղեցին:
Մարսելի շրջանի հոգևոր առաջնորդը և հայրապետական պատվիրակի փոխանորդն է Տարոն եպս. Ճերեճյանը (1990-ից):
Ֆ-ում կան նաև հայ կաթոլիկ և հայ ավետարանական համայնքներ: Ֆ-ի կաթոլիկ հայերը (շուրջ 10 հզ.) 1954-ից ունեն իրենց հովվապետական աթոռը (մինչ այդ ֆրանսահայ կաթոլիկ համայնքների հոգևոր հովիվները ենթակա էին իրենց շրջանների ֆրանսիացի եպիսկոպոսներին), որը միավորում է 7 ժողովրդապետություն (Փարիզ, Առնուվիլ, Լիոն, Մարսել, Վիեն, Վալանս, Սեն Շամոն) և 7 եկեղեցի: Հայ կաթոլիկ համայնքներում գործում են Ս. Խաչ ընկերակցությունը (ունի երիտասարդական, բարեգործական մարմիններ, ամառային հանգստյան տուն), Ի նպաստ կաթոլիկ հայերի ընկերակցությունը, Անարատ հղության քույրերի միաբանության Մարսելի վարժարանը և Լիոնի աղջկանց կենտրոնը: Ֆ-ի հայ կաթոլիկ համայնքի ժողովրդապետն է Գրեգուար Գաբրոյանը (1997-ից): Հրատարակում է «Հայկական եկեղեցի» ամսագիրը:
Ֆ-ի հայ ավետարանականներն (շուրջ 5 հզ.) ունեն 12 եկեղեցի (4-ը՝ Մարսելի, 3-ը՝ Փարիզի, 3-ը՝ Դրոմ-Արտեշի, 2-ը՝ Լիոնի շրջանում): Գործում են Ֆրանսիայի Հայ ավետարանական եկեղեցիների մշակութային ընկերակցությանց միությունը, երիտասարդական, բարեգործական («Հույս Հայաստանին») կազմակերպություններ, ամառային հանգստի ճամբարներ: Հրատարակում են «Բանբեր» և «Լյումինյոն» («Կանթեղ») կրոնական ամսաթերթերը:
ԴՊՐՈՑ
Առաջին հայկական դպրոցը Ֆ-ում Սամուել-Մուրատ վարժարանն էր, որը 1846-ին Պադուայից (Իտալիա) փոխադրվել է Փարիզ: 1855-59-ին Փարիզի Գոնել արվարձանում գործել է ամենօրյա Հայկազյան վարժարանը: 1928-ից Փարիզի Ռենսի արվարձանում հաստատվել է Դպրոցասեր տիկնանց վարժարանը:
Ֆրանսահայ համայնքի կրթական կյանքը վերելքի շրջան է ապրել 1980-ական թթ.: Հիմնվել են Ս. Մեսրոպ (Ալֆորվիլ), Մարգարյան-Փափազյան (Լիոն), Պարսամյան (Նիս), Թարգմանչաց (Իսի լե Մուլինո) ամենօրյա վարժարանները, Համազգային լիցեյը և Անարատ հղության քույրերի վարժարանը (Մարսել): Այս դպրոցները երկլեզվյան են և առաջնորդվում են ֆրանսիական միջնակարգ վարժարանների պետական ծրագրով: Հանրակրթական առարկաներին զուգահեռ այստեղ հայերեն դասավանդվում են հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն և աշխարհագրություն, հայ մշակույթի պատմություն, կրոն ևն:
Ներկայումս Ֆ-ում գործող 6 հայկական ամենօրյա դպրոցներում աշակերտության ընդհանուր թիվը շուրջ 800 է, մինչդեռ երկրում դպրոցական տարիքի հայ երեխաների թիվը մոտավոր հաշվումներով 50 հզ. է:
Ֆրանսահայ համայնքներում գործում են նաև շուրջ 50 մեկօրյա դպրոցներ, որոնք բացվել են եկեղեցիների, բարեսիրական, մշակութային, հայրենակցական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների կամ առանձին բարերարների հովանավորությամբ: Դրանք հայապահպանության յուրահատուկ կենտրոններ են՝ կրթական որոշակի ծրագրով, որտեղ հայ մանուկները սովորում են հայոց լեզու և գրականություն, պատմություն, կրոն, հայկական երգ ու պար: Հայերենի դասընթացներ կազմակերպվում են նաև ֆրանսիական մի շարք քոլեջներում և լիցեյներում: 1994-ից հայերենը Ֆ-ի կառավարության որոշումով ստացել է առաջին կարգի օտար լեզվի կարգավիճակ:
1994-ին Նիսում տեղի է ունեցել ֆրանսահայ ամենօրյա վարժարանների առաջին համագումարը (1996-ին շարունակել է իր աշխատանքները), որտեղ քննարկվել են հայկական վարժարաններին մտահոգող հարցեր:
Սամուել-Մուրատ վարժարան, ամենօրյա դպրոց, հիմնադրվել է 1832-ին, Իտալիայի Պադուա քաղաքում՝ եվդոկացի Սամուել Մուրատյանի կտակի համաձայն, Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ: 1846-ին տեղափոխվել է Փարիզ, 1870-ին՝ Վենետիկ, միացվել է Ռափայելյան վարժարանին և կոչվել