նախակրթարան): 1994-ին աշակերտների թիվը՝ 240, ուսուցիչներինը՝ 6 (4-ը՝ ֆրանսիացի), 1997-ին աշակերտների թիվը՝ 104: Հովանավորում է Լիոնի և շրջակայքի կրոնական ընկերակցությունը՝ ծնողական միության գործակցությամբ: Պահպանվում է նաև Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության, «Նապոլեոն և Լիա Բուլուկյան» հիմնադրամի, անհատների նվիրատվություններով:
Պարսամյան վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1988-ին, Նիսում՝ Պարսամյան ընտանիքի և քաղաքապետարանի նյութական օժանդակությամբ: Դասերն անցկացվում են Նիսի Ս. Աստվածածին եկեղեցուն կից Պարսամյան համալիրում: Սկզբնական շրջանում գործել է որպես մանկապարտեզ: Ունի 5 դասարան (2-ը՝ մանկապարտեզ, 3-ը՝ նախակրթարան): 1994-ին աշակերտների թիվը՝ 54 (32-ը՝ մանկապարտեզում, 22-ը՝ նախակրթարանում), ուսուցիչներինը՝ 5: 1997-ին աշակերտների թիվը՝ 45 (24-ը՝ մանկապարտեզում, 20-ը՝ նախակրթարանում): Դասավանդում են հայերենով և ֆրանսերենով: Կան նաև անգլերենի դասեր: Հովանավորում է Նիսի և շրջանի հայոց կրոնական ընկերակցությունը՝ ծնողական միության օժանդակությամբ:
Թարգմանչաց վարժարան, ամենօրյա դպրոց: Հիմնվել է 1996-ին, Իսի լե Մուլինոյում: Դասավանդում են հայերենով և ֆրանսերենով: Ունի մանկապարտեզի 2 դասարան: 1997-ին աշակերտների թիվը՝ 13:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔ
Ֆրանսահայ համայնքի ձևավորումից ի վեր ստեղծվել են հասարակական, բարեգործական և մշակութային բազմաթիվ կազմակերպություններ: Դեռևս XIX դ. կրթություն ստանալու նպատակով Ֆ. եկած հայ երիտասարդները, որոնք մասնակցել են Ֆ-ի հեղափոխական-դեմոկրատական շարժումներին, մասնավորապես 1848-ի հեղափոխությանը, 1849-ին Փարիզում հիմնել են Արարատյան ընկերությունը (կազմակերպիչներ՝ Նահապետ Ռուսինյան, Գրիգոր Աղաթոն, Նիկողոս Պալյան, Սերովբե Վիչենյան, Ստեփան Ոսկան, Հովսեփ Շիշմանյան և ուրիշներ), որը քարոզել է հայ ժողովրդի ազգային ազատագրության գաղափարը:
XIX դ. վերջին - XX դ. սկզբին, երբ Թուրքիայում համիդյան բռնությունների հետևանքով զգալի թվով հայեր արտագաղթել և հաստատվել են Ֆ-ում, ստեղծվել են ազգային կյանքը կազմակերպող մի շարք նոր համայնքային կառույցներ: Շոշափելի գործունեություն են ծավալել հայ ազգային քաղաքական կուսակցությունները, բարեգործական և հայրենակցական միությունները:
Հայոց հայրենասիրական միություն, հայ ազգային-ազատագրական կազմակերպություն: Ստեղծվել է 1888-ին, Մարսելում՝ Մկրտիչ Փորթուգալյանի և նրա «Արմենիա» թերթի շուրջ համախմբված գործիչների ջանքերով: Եղել է Արմենական կուսակցության միջուկը:
Փարիզի հայերի բարեգործական միություն, հիմնվել է 1892-ին՝ ուսանողներին և գաղթականներին օգնելու նպատակով: Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերանվանվել է Հայ աղքատախնամ ընկերակցություն: 1925-ից մինչև 1950-ական թթ. կազմակերպել է անվճար բուժօգնություն կարիքավոր ընտանիքներին: 1937-ին միությունը պաշտոնապես գրանցվել է Ֆ-ի առողջապահության նախարարության կողմից: Պատերազմից հետո հիմնել է ծերանոցներ Մոնմորանսիում, Գոնեսում, Սեն Ռաֆայելում: Ներկայումս գործում է որպես Ընկերային ապահովության մարմին պետական սոցիալական ապահովության ցանցում, օգնություն է ցույց տալիս միայնակ ծերերին, նպաստներ սահմանում ուսանողների համար:
ՀԲԸՄ Ֆ-ի մասնաճյուղ, հիմնվել է 1910-ին: 1922-42-ին Փարիզում հաստատվել է ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը, շրջանային կազմակերպություններ հիմնել Մարսելում, Լիոնում, Վալանսում, Նիսում, Սեն Շամոնում, Գարդանում, Ավինյոնում: Մասնաճյուղն օգնություն է ցուցաբերել ներգաղթողներին, խոշոր ավանդ է ունեցել հայրենադարձության կազմակերպման գործում: Միության հովանավորությամբ գործում են Մարի Նուպար ուսանողական տունը, Նուպարյան մատենադարանը, Ալեք Մանուկյան մշակութային կենտրոնը (որը քաղաքի հայության հավաքատեղիներից մեկն է), երիտասարդական մարմիններ, կազմակերպվում են մշակութային, մարզական միջոցառումներ: Մասնաճյուղը նյութապես օժանդակում է համայնքում գործող մեկօրյա վարժարաններին: 1960-70-ական թթ. շուրջ 3 մլն ֆրանկի նպաստ է տրամադրել Սևրի Սամուել-Մուրատ, Դպրոցասեր տիկնանց վարժարաններին: Հրատարակում է «ՀԲԸՄ-ի լրատու» (ֆրանսերեն) շաբաթաթերթը: