Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

of California, Berkeley), հիմնվել է 1994-ին, համալսարանի Սլավոնական և Արևելյան Եվրոպայի ոաումնասիրությունների կենտրոնում: Սահմանափակ պարապմունքներով սկզբնավորված այս ծրագիրն այժմ ընդարձակվել է՝ ընդգրկելով հայագիտական առարկաների գծով դասընթացներ և դասաիասություններ: Ծրագիրը ղեկավարում է Ստեփան Աստուրյանը:

Նորթրիջի Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Հայագիտական ծրագիր [California State University, Northridge (CSUN)], հայոց լեզվի և մշակույթի դասընթացները սկզբնավորվել են 1995-ից՝ համալսարանի Հայ ուսանողների միության նախաձեռնությամբ և Հերմինե Մահսերեճյանի ջանքերով: 2000-ին ծրագիրը պաշտոնապես ճանաչվել է համալսարանի կողմից և կցվել Արդի և դասական լեզուների և գրականությունների բաժնին:


ՄՇԱԿՈՒՅԹ

Ազգային մշակութային կյանքն ԱՄՆ-ում զարգացել է այստեղ հայերի թվի ստվարացմանը զուգընթաց և առանձնապես աշխուժացել 1920-ական թթ-ից: Ներկայումս ամերիկահայ համայնքում գործում են գրականության, երաժշտության, թատերական արվեստի, կինոարվեստի, գեղանկարչության, գորգագործության և հայ մշակույթի այլ ոլորտներին աջակցող բազմաթիվ կազմակերպություններ և հիմնադրամներ, գրատներ և հրատարակչություններ:

Գրականություն: Ամերիկահայ գրական կյանքը սկզբնավորվել է XIX դ. վերջից՝ շնորհիվ հայրենի տարբեր բնակավայրերից ժամանած կամ ԱՄՆ ում հասակ առած սակավաթիվ անհատների ջանքերի: ԱՄՆ-ում երկար ժամանակ հայ մամուլը եղել է գաղութի գրական բազմաբնույթ ստեղծագործությունների հրատարակման հիմնական ասպարեզը: Այս իմաստով կենսական դեր են խաղացել «Հայրենիք» ամսագիրը, «Հայրենիք» օրաթերթը, «Փյունիկ», մի փոքր ուշ՝ «Ասպարեզ», «Հայաստանի կոչնակ», «Նոր գիր», «Պայքար», մեր օրերում՝ «Հայ կյանք», «Մասիս», «Նավասարդ», «Նոր կյանք», «Նոր օր», “Raft”, “Ararat”, “Armenian Review”, “Journal of the Society for Armenian Studies”, “Journal of Armenian Studies”, “Hairenik Weekly”, ապա՝ “Armenian Weekly” պարբերականները ևն: Ամերիկահայ մամուլի առաջնեկ «Արեգակ» շաբաթաթերթի խմբագիր, արձակագիր Հայկակ Էկինյանը ամերիկահայ առաջին վեպի հեղինակն է («Վահան Հայկանուշ», 1899): Վաղ շրջանի հայ գրական առաջին քայլերը կապված էին նաև Մովսես Պաղտասարյանի («Հաճի Պապա», վեպ, 1904), Նազարեթ Մանկունու («Հացի համար», պատմվածքների ժողովածու, 1914) և այլոց հետ:

Եղեռնից հետո «ավետյաց երկրում» ստվարացած հայության համար գրականությունն արդեն 1920-ական թթ. կարոտի բնաբուխ ղողանջ էր (բանաստեղծներ՝ Լութֆի Մինուս, Վահրամ Սոֆյան, Կարապետ Սիտալ, Հակոբ Գույումճյան և ուրիշներ): Գրական շարժման հատկանիշներն առավել հաջողությամբ են արձանագրվել արձակի ասպարեզում: «Կարոտի» գրականության սկզբնավորողը Համաստեղն էր (Համբարձում Գելենյան, 1895-1966)՝ իր «Գյուղը» (1924), «Անձրև» (1929), «Սպիտակ ձիավոր» (1952), «Քաջն Նազար և 13 պատմվածքներ» (1955), «Աղոթարան» (1957), «Այծետոմար» (1960) պատմվածքների ժողովածուներով: Համաստեղը վեր հանեց ոչ միայն Խարբերդի աշխարհը, Փարչանջ գյուղը, ազգային բարքերը, այլև տվեց հայ մարդու հոգևոր բարձր նկարագիրը, նրա և բնության դաշինքը, աշխատանքի պաշտամունքը («Տափան Մարգար», «Փիլիկ աղպարը»), սիրո ու կարոտի ներքին բացահայտումը («Աղջի Եղսիկ», «Զոհը Կար ամուն էր»), հնի ու նորի պայքարը («Համբույրը», «Երանոս աղպար», «Անսովոր կինը»): 1930-ական թթ. գրված «Սպիտակ ձիավորը» վիպասքը արձակագրի էական փորձն էր ներկայացնելու դարասկզբի ժողովրդի հավաքական ռոմանտիկ նկարագիրը, ազատագրական պայքարի կազմակերպվածությունը, հայ-քրդական բազմաշերտ հարաբերությունները:

Համաստեղի նախանշած հունով ընթացավ ամերիկյան հողում մայր ակունքներին կառչած հայ գրական ընտրանին, որի հունձքը, հատկապես 1920-40-ական թթ., խիստ արդյունավետ էր: Բենիամին Նուրիկյանի (1894-1988), Վահե Հայկի (Տինճյան, 1896-1983) ստեղծագործությունների առանցքը, «կարոտի» հետագծով, նույնպես Խարբերդի դաշտն էր: Ինչպես Համաստեղը, Բ. Նուրիկյանը (նաև «Նոր գիր» հանդեսի խմբագիր) նույնպես գյուղագիր էր, հուշի թելով ոգեկոչում էր հարազատ Հուսեյնիկը, որը վարպետ գրչից ներկայանում է խոր հուզականությամբ, բնանկարով ու ժողովրդական բնաբուխ տարերքով: Նրա «Այգեկութը» (1937), «Պանդուխտ հոգիներ» (1958), «Կարոտ հայրենի» (1978) ժողովածուներում հիշողության ծալքերից ընթերցողին ընդառաջ են գալիս գյուղի պարզ ու անխարդախ մարդիկ, հեռավոր Ամերիկայում հայը կորցնում է երազները («Դևին օրորոցը», «Առասպելական հսկան»), ազգայինի ենթահողը, դառնում յուրովի «մաշած ավել» («Մաշած ա-