Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վել»): Վահե Հայկը «Հայրենի ծխան» համանուն հինգ ժողովածուներում քնարական շնչով երգում է անցյալը և մորմոքում կորուստները («Կույր թռչնիկը», «Այգին և այգեկութքը», «Անգին քարը», «Իմ գարունս, իմ սերս»), հայրենիքի հանդեպ անհուն կարոտը («Հողի սեր», «Երկու մայր, մեկ զավակ»)՝ միաժամանակ քննադատելով արևմտյան բարքերը, վաշխառուի բարոյական անկումը («Կաթիդ փարան չմոռնաս, մամա»):

Բարձր ստեղծագործական արժեքներ է ստեղծել Արամ Հայկազը (Չեքիմյան, 1900-86)՝ «Շապին Գարահիսար և իր հերոսամարտը» (1957) պատմական գրքի հեղինակը: Նրա ստեղծագործության մեջ հայրենի եզերքի կարոտը («Կաղանդի գիշեր») շաղախվել է ամերիկյան բարքերի հանդեպ նուրբ հեգնանքին՝ ստեղծելով գրական անկրկնելի ոճ: Այդպես են ստեղծվել եղերական թանձր պատկերներով հատկանշվող «Տիոնիկը» պատմվածքը, «Չորս տարի Քյուրդիստանի լեռներուն մեջ» ինքնակենսագրական վեպը, ամերիկյան կյանքի թեթև, բայց խորքային գեղարվեստական վերլուծությունները («Տղաս», «Մեր գյուղը», «Ապրող ծառ մը»): Այս ամենն իրենց վառ արտահայտությունն են գտել արձակագրի «Ցեղին ձայնը» (հ. 1, 2, 1949, 1954), «Չորս աշխարհ» (1962), «Պանդոկ» (1967), «Կարոտ» (1971), «Չորս տարի Քյուրդիստանի լեռներուն մեջ» (1973), «Ապրեք, երեխեք» (1973), «Երջանկություն» (1977) ժողովածուներում:

XX դ. առաջին կեսի ամերիկահայ արձակում և թատերգության մեջ կարելի է հիշատակել նաև Հեղինե Դավթյանի, Սուրեն Մանուելյանի, Լուսիկ Մելիքյանի, Ղուկաս Մելոյանի, Սարեն Սանինյանի, Վալադ Վալադյանի և ուրիշների անունները, որոնց երկերը հաճախ էին տպագրվում և ունեին ընթերցողների որոշակի շրջանակ:

Դարակեսին ձևավորված ամերիկահայ գրողների միջին սերունդն իր ձայնը լսելի դարձրեց բարձրարժեք երկերով: Դրանց մեջ «կարոտի» մնայուն հատկանիշներով առանձնանում է Հակոբ Ասատուրյանը (1903-2003), որի նշանավոր «Հովակիմի թոռները» (1965), «Հովակիմի թոռնորդիները» (1982), «Տո, լա՛ճ տնավեր» (1986) եռերգությունը հայ գեղարվեստական տարեգրության փայլուն օրինակներից է՝ պատմական Գամիրքից մինչև Նյու Յորք ձգվող հայ մարդու ոդիսականը: Հակոբ Ասատուրյանի «Անդաստան» (1946) քերթողագիրքը, «Ո՞ւր, Վահրամ» (1990), «Վերջալույսի հույզեր», «Սերունդները մխացող» և այլ երկեր ամրապնդեցին արձակագրի հռչակը և՛ սփյուռքում, և՛ հայրենիքում:

Խարբերդ աշխարհի մխացող կարոտն ամերիկյան աշխարհի անընտել բարքերին հակադրելու փորձ էր Անդրանիկ Անդրեասյանի (1909-1996) ստեղծագործությունը: Նրա պատմվածքները («Պաղտասար քեռին», «Հայրենիքի ձայն», «Դառնության բաժակ») և խոհագրությունը ընկերային արդարության սուր շեշտեր ունեին, ինչը «կարոտի» գրականության մեջ հավելում էր նոր գիծ օտար ափերում հայ բեկորների ճակատագրի քննությանը [«Սպիտակ արդարություն» (1938), «Կարմիր ասպատակի օրագրեն» (1947), «Վերջին կայան» (1956), «Տարագիր երկնքին տակ» (1967)]: Ամերիկյան քաղաքական կյանքի գնահատությանն էր նվիրված «Երկար գիշերին մեջեն» վեպը (1974), որը նորույթ էր սփյուռքի գրական կյանքում: Եղբոր հետ միասին նա գրել է «Փլուզում և Վերածնունդ» վիպաշարը (անգլերեն):

Գրականության մեջ իր ուրույն տեղն ունի Հակոբ Կարապենցը (Կարապետյան, 1925-94): Լինելով իրանահայ՝ նա գրել է բացառապես արևելահայերեն: Գրական ստեղծագործական հետաքրքրություններն ու տարերքը նրան տարել են մարդու և մարդկայինի, ազգայինի և համազգայինի խորքային քննության, արվեստագետի կերպարի անընդմեջ բացահայտման հունով: Նրա պատմվածքների ժողովածուները [«Անծանոթ հոգիներ» (1970), «Նոր աշխարհի հին սերմնացանները» (1975), «Միջնարար» (1981), «Ամերիկյան շուրջպար և այլ պատմվածքներ» (1986), «Անկատար» (1987), «Մի մարդ ու մի երկիր» (1994)], ինչպես նաև վեպերը [«Կարթագենի դուստրը» (1972), «Ադամի գիրքը» (1983)] գրողին դարձրել են ամենից ուշագրավ դեմքը XX դ. վերջին քառորդի ամերիկահայ գրականության մեջ:

Ամերիկահայ գրականության մեջ զգալի ավանդ ունի նաև Վահե Օշականը (1922-2000): Նրա չափածո և արձակ ստեղծագործությունների ժողովածուներից հայտնի են «Պատուհան» և «Քաղաք» (1963), «Քառուղի» (1971), «Ահազանգ» (1980), «Փախստականը» (1988), «Արվարձաններ» (1990), «Սերունդները» (1995) և այլ հատորները: Վ. Օշականը նաև ճանաչված գրաքննադատ էր: Նա իր խմբագրած “Raft. A Journal of Armenian Poetry and Criticism” («Լաստ. Հայկական չափածոյի և քննադատության հանդես») անգլերեն պարբերականում օտարախոս և օտարացող ընթերցողին էր ներկայացնում անգլիագիր և հին ու նոր հայ բանաստեղծների ստեղծագործությունները:

Ամերիկահայ վերջին շրջանի գրական ավանդույթները պահպանելու նկատելի ճիգ են գործադրում Մերձավոր Արևելքից, Եվրոպայից տարբեր տարիների այստեղ հաստատված Վահե Պերպերյանը, Վեհանուշ Թեքյանը, Թորգոմ Փոսթաճյանը, Իշխան Ճինպաշյանը, Արփիկ Չամրաս Աղախանյանը, Պողոս Գուպելյանը, Ժագ Հակոբյանը, Զարեհ Մելքոնյանը, Անդրանիկ Սարյանը,