ԱՎՍՏՐԱԼԻԱ
Պետություն Ավստրալիա մայրցամաքում (ներառում է նաև Թասմանիա և հարակից մանր կղզիները): Տարածքը՝ 7682,3 հզ. կմ2: Բնակչությունը՝ 18,7 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Կանբեռա (331 հզ.): Հայերի թիվը՝ 35-40 հզ.:
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի միջև հաստատվել են 1991-ին:
Հայերի առաջին փոքրաթիվ խմբերը Ա. մայրցամաք են եկել XIX դ. կեսին Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Սինգապուրից և Հարավարևելյան Ասիայի այլ երկրներից, Արևմտյան Հայաստանից: Հայերի Ա. գալը հատկապես խրախուսել է Սինգապուրում լույս տեսնող «Ուսումնասեր» հայալեզու լրագիրը (1849-53), որի խմբագիր Գրիգոր Գալստյանը (Գալստանյան) և առևտրական Մելքում Մանուկ Նորջուղայեցին Ա-ում հաստատված առաջին հայերից էին: Սակայն հայերի թիվը 1891-ին չի անցել մի քանի տասնյակից: 1918-ին Մեծ եղեռնից մազապուրծ փոքրաթիվ հայ գաղթականներ, գլխավորապես բարեգործական կազմակերպությունների միջոցով, ապաստանել են Ա-ում: Նրանք բնակություն են հաստատել Սիդնեյ և Մելբուռն քաղաքներում, աշխատել են ոսկու հանքերում, գործարաններում, պետական գրասենյակներում, զբաղվել արհեստներով, առևտրով, նաև հողագործությամբ: Աչքի են ընկել մեծահարուստ բարերար Հարություն Ակինյանը, Պալաքյան, Կայծքարյան, Կարագյոզյան, Քիվրիդյան, Շալջյան, Ամիրյան ընտանիքները: Մեծ ճանաչում է ունեցել Մելբուռնի համալսարանի պրոֆ. Կարագյոզյանը:
1918-20-ին Ա-ի ներգաղթային քաղաքականության մեջ մտցվել է «անցանկալի տարագիրներ» հասկացությունը, ինչը որոշ չափով դժվարացրել է հայերի մուտքը մայրցամաք: Վիճակը փոխվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-45) հետո, երբ Ա-ի տնտեսության հզորացման ռազմավարական նպատակով կառավարությունը նախաձեռնել է երկրի բնակչության և արդյունաբերության մեջ ներգաղթողների թվի ավելացման գործը: Ա. գաղթած հայերն այս ժամանակաշրջանում ապահովվել են աշխատանքով ու կացարաններով: Ավստրալահայ համայնքն սկսել է կազմավորվել 1950-ական թթ. վերջին: 1960-ական թթ. սկզբին երկրում բնակվել է շուրջ 1000 հայ: Հայերի նոր զանգվածային հոսքը Ա. (գլխավորապես՝ Եգիպտոսից, նաև՝ Միջին Արևելքի