Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրոն: Ունի մանկապարտեզ, նախակրթարան, երկրորդական բաժիններ: Վարժարանում կրթություն է ստանում շուրջ 300 աշակերտ: Շրջանավարտներից շատերն ուսումը շարունակում են տեղի համալսարաններում:

Ալեքսանդր վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1990-ին, Սիդնեյում՝ Ալեքսանդր ամուսինների բարերարությամբ, ՀԲԸՄ հովանավորությամբ: Բացումը կատարվել է 1991-ին: Ունի մանկապարտեզ և նախակրթարան: Վարժարանը հետևում է Նյու Սաութ Ուելս նահանգի կրթության նախարարության ծրագրին: Դասավանդվում են նաև հայոց լեզու, պատմություն, կրոն: Ունի 7 դասարան, 70 աշակերտ: ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Ա-ում առաջին ազգային կառույցը՝ Հայ եկեղեցու մարմինը, հիմնվել է 1950-ական թթ. վերջին, Սիդնեյ և Մելբուռն քաղաքներում: Ներկայումս գործում են հայ ավանդական երեք կուսակցությունների տեղական կազմակերպությունները, բարեգործական, հասարակական, մշակութային և երիտասարդական մի շարք կազմակերպություններ:

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Սիդնեյի մասնաճյուղ, հիմնվել է 1962-ին: Միությունն ունի կենտրոնատեղի՝ «Ալեք Մանուկյան» կենտրոնով և «Ալեքսանդր» սրահով (կառուցվել է 1983-ին՝ ՀԲԸՄ նախագահ Ալեք Մանուկյանի և Ալեքսանդր ու Իզաբել Ալեքսանդր ամուսինների բարերարությամբ): 1984-ին կազմակերպվել է Հայ երիտասարդական ընկերակցության սկաուտական շարժումը: Մասնաճյուղի հովանու ներքո գործում են բասկետբոլի, կարատեի, աերոբիկայի խմբեր (1991-ին կազմակերպվել են Նավասարդյան խաղեր Սիդնեյի և Մելբուռնի մասնաճյուղերի միջև), «Անդրանիկ» պարախումբը, «Վահրամ Փափազյան» թատերախումբը, Գալուստ Կյուլպենկյան գրադարանը (ունի 1000-ից ավելի գիրք), տիկնանց հանձնախումբը, ՀԲԸՄ «Երևան» նվագախումբը (1995-ից): ՀԲԸՄ հովանավորությամբ են գործում նաև Ալեք Մանուկյան շաբաթօրյա (1973-ից) և Ալեքսանդր ամենօրյա (1991-ից) վարժարանները, «Էրեբունի» ռադիոժամը: Հրատարակվում է «Միություն» ամսաթերթը:

ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղի ատենապետն է Վահե Արթինյանը (1992-ից):

Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՀԴ) ավստրալահայ համայնքում գործում է 1964-ից: Դաշնակցական առաջին խմբի նպատակն էր նորաստեղծ գաղութում կազմակերպական ու հայապահպան աշխատանք կատարելը: Տարիների ընթացքում կազմակերպությունը խմբից վերածվել է կոմիտեի, ապա՝ կենտրոնական կոմիտեի: ՀՀԴ շրջանային մարմնի ղեկավարությամբ գործում են Հայ դատի հանձնախումբը, երիտասարդական, պատանեկան միությունները, որոնց նպատակն է հայ երեխաներին ազգային ոգով դաստիարակելը: ՀՀԴ ունի կազմակերպական կառույցներ Սիդնեյ և Մելբուռն քաղաքներում:

Համազգային մշակութային միության Ա-ի մասնաճյուղ, գործում է 1964-ից: Նպատակն է հայ երիտասարդներին հայեցի դաստիարակելը, հայ մշակույթին մերձեցնելը: Հովանավորում է ամենօրյա և մեկօրյա վարժարաններ, «Հակոբ Պարոնյան» թատերախումբը, «Կոմիտաս» երգչախումբը, «Սասուն», «Նաիրի» պարախմբերը: Սիդնեյ և Մելբուռն քաղաքներում գործում են միության «Շանթ», «Նաիրի», «Սևան», «Կոմիտաս» մասնաճյուղերը, գրական, մարզական հանձնախմբերը:

Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) Ա-ի մասնաճյուղ, հիմնվել է 1965-ին: Մարզական և սկաուտական գործունեություն ծավալելով՝ իր շուրջն է համախմբել ավստրալահայ պատանիներին ու երիտասարդներին: Միությունն ունի մասնաճյուղեր («Արաքս», «Անդրանիկ», «Նավասարդ», «Կամք», «Արարատ») Սիդնեյ և Մելբուռն քաղաքներում:

Հայ օգնության միության (ՀՕՄ) Ա-ի մասնաճյուղ, գործում է 1965-ից: Ծավալում է մաքրասիրական, բարեսիրական, մշակութային գործունեություն: Ունի մանկամսուր, ընկերային ծառայության գրասենյակ: Միության «Սոսե», «Արաքս», «Նաիրի» մասնաճյուղերը գործում են Սիդնեյում և Մելբուռնում:

Հայ դատի հանձնախմբի Ա-ի մասնաճյուղ, գործում է 1970-ական թթ-ից, Սիդնեյում: Կազմակերպում է քաղաքական ելույթներ, հանդիպումներ պետական հայտնի դեմքերի հետ: Հիշատակության արժանի նախաձեռնություններից են Նյու Սաութ Ուելս նահանգի խորհրդարանում հայերի ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը և խորհրդարանի շենքում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրումը: