Ավստրալահայ միացյալ ընկերակցություն, հիմնվել է 1974-ին, Սիդնեյում՝ Ա-ի մի խումբ ազգային գործիչների նախաձեռնությամբ: Նպատակն է՝ նպաստել հայ գաղութի տնտեսական և սոցիալական դրության բարելավմանը, օգնել Ա. նոր գաղթած հայերին, պաշտպանել ավստրալահայերի քաղաքացիական իրավունքները՝ փոխհարաբերություններ հաստատելով պետական մարմինների և Ա-ի մյուս համայնքների հետ: Ընկերակցությունը ձեռնարկում է մշակութային, մարզական միջոցառումներ, դաստիարակչական դասընթացներ, օժանդակություն է ցույց տալիս այն միություններին, որոնք հայապահպան գործունեություն են ծավալում: Ունի ավելի քան 500 անդամ: Ընկերակցության կազմակերպած միջոցառումներից գոյացած հասույթներով ձեռք է բերվել շենք, որտեղ 1982-ին բացվել է Հայ կենտրոնը:
Ավստրալահայերի պատմական միություն, գործում է 1975-ից: Կազմակերպում է հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ դասախոսություններ, ցուցահանդեսներ, հավաքում հայերին վերաբերող նյութեր:
Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) մասնաճյուղը Ա-ում հիմնվել է 1976-ին և կոչվում է ՌԱԿ Արտակ Դարբինյան ակումբ: Ունի Հայ իրավանց խորհուրդ, որը քաղաքական քարոզչական աշխատանք է կատարում Հայկական հարցի և Արցախի հիմնախնդրի լուսաբանման ուղղությամբ, այդ նպատակով կապեր հաստատում Ա-ի պետական գործիչների հետ: Ակումբը ծավալում է ազգային, ընկերային, մշակութային գործունեություն, կազմակերպում հանգանակություն ի նպաստ Հայաստանի, օժանդակում «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքներին:
«Հայ հանգստյան տուն» միություն, հիմնվել է 1979-ին, Սիդնեյում՝ մի խումբ հայուհիների նախաձեռնությամբ: Նպատակն էր հիմնել ծերանոց հայ տարեցների համար: 1984-ին ձեռք է բերվել տուն՝ 34 մահճակալով: 1989-ին Ալեքսանդր ամուսինների նվիրատվությամբ գնվել է նոր շենք (37 մահճակալով) և կոչվել Ալեքսանդր հանգստյան տուն: Այն ունի նաև տարեցների համար 12 բնակարանից բաղկացած շենք, որը կոչվում է «Սպիտակ»՝ ի հիշատակ 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի: Հանգստյան տունը նյութական օժանդակություն է ստանում նաև Ա-ի կառավարությունից:
Սոցիալ-դհմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Ա-ի շրջանի վարիչ մարմինը հիմնվել է 1983-ին, Սիդնեյում: Ստեղծել է «Հայ իրավանց պաշտպան» հանձնախումբ, որը կազմակերպում է Մեծ եղեռնի ոգեկոչման հուշ-երեկոներ, հրապարակային դասախոսություններ, քաղաքական հավաքներ, կապեր հաստատում Ա-ի պետական գործիչների հետ: Կուսակցության գործունեությունն իրականացվում է Նոր սերունդ մշակութային, ՀՄՄ մարզական, «Տխրունի» երիտասարդական միությունների միջոցով: 1995-ից հրատարակում է «Զանգ» պաշտոնաթերթը:
Նոր սերունդ մշակութային միության Սիդնեյի մասնաճյուղ, հիմնվել է 1983-ին: 1988-ից գործում են միության «Նոր սերունդ» պարախումբը՝ մեծերի և փոքրերի խմբերով, «Նոր սերունդի ձայն» ռադիոժամը: Միության հովանու ներքո գործում է Տիկնանց օժանդակ մարմինը:
«Տխրունի» երիտասարդական միության Ա-ի մասնաճյուղ, գործում է 1983-ից: Կազմակերպում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի երեկոներ, ոգեկոչման հանդիսություններ, քաղաքական թեմաներով դասախոսություններ, երիտասարդական հավաքներ:
Թեքեյան մշակութային միության Սիդնեյի մասնաճյուղ, հիմնվել է 1984-ին՝ Նուբար Պերպերյանի նախաձեռնությամբ, 1990-ից կոչվում է Վահան Թեքեյան հայկական մշակութային միություն: Նպատակն է երիտասարդության հայեցի դաստիարակությունը, սփյուռք-հայրենիք մշակութային կապերի զարգացումը: Միության ջանքերով ստեղծվել է Ա-ի հայրենի արվեստագետների խումբը, որը գեղարվեստական գործունեություն է ծավալում գաղութում: Գործում է միության «Էրեբունի» շաբաթօրյա ռադիոժամը, լույս է տեսնում «Միություն» ամսաթերթը:
Հայ մարմնամարզական միության (ՀՄՄ) Սիդնեյի մասնաճյուղ, ունի ֆուտբոլի և բասկետբոլի խմբեր, որոնք պարբերաբար մասնակցում են տեղական ֆեդերացիայի մրցաշարերին: Ֆուտբոլի խումբն ընկերային խաղեր է կազմակերպում նաև հայկական այլ մարզական միությունների խմբերի հետ: