ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(ԱՄԷ)
Պետություն Հարավարևմտյան Ասիայում, Արաբական թերակղզու հաբավ-արևելքում: Տարածքը՝ 83,6 հզ. կմ: Բնակչությունը՝ 2,7 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Աբու Դարի (400 հզ.): Հայերի թիվը՝ շուրջ 2 հզ.:
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների միջև հաստատվել են 1998-ին:
Հայերն Արաբական ծոցի երկրներ այցելել են դեռևս XVI դ. սկզբից: Սակայն նրանց զանգվածային հոսքը ԱՄԷ սկսվել է 1975-ից, ինչը պայմանավորված էր նավթի հարուստ պաշարներ ունեցող և տնտեսական վերելք ապրող այս երկրում իրենց նյութական վիճակը բարելավելու ձգտումով: Ազգային կյանքը կազմակերպելու նպատակով 1977-ին հրավիրվել են ժողովներ ու հավաքույթներ, Դուբայի Ս. Երրորդություն անգլիական եկեղեցում մատուցվել է հայերեն առաջին պատարագը: 1979-ին Արաբական ծոցի տարածաշրջանը դարձել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդություն: Նույն թվականի դեկտեմբերին, ԱՄԷ-ի հայ համայնքի հիմքերը դնելու նպատակով, քուվեյթահայ ազգային գործիչ Մելիք Մելիքսեթյանի նախաձեռնությամբ Դուբայ է այցելել Քուվեյթի կաթողիկոսական փոխանորդ Օշական վրդ. Չոլոյանը: Նա էլ նշանակել է Դուբայի առաջին ազգային վարչության անդամներին (Տիգրան Թաշճյան՝ ատենապետ, Նշան Պասմաճյան, Զարեհ Թյությունճյան, Թորոս Պալյան և Հարություն Տիրացույան): Աբու Դաբիում առաջին ազգային վարչության անդամներ են նշանակվել Պերճ Աբրահամյանը, Վարդան Ինկիլիզյանը, Գրիգոր Ճերեճյանը, Անդրանիկ Տաղլյանը, Հրաչ Արզումանյանը, Միքայել Պատալյանը և Վարդգես Թավլյանը: Մշակվել է համայնքի ներքին կանոնադրությունը: Գործել է վարձված եկեղեցին իր դպրաց դասով, Քուվեյթից կամ Անթիլիասից պարբերաբար հրավիրվել է այցելու հոգևոր հովիվ, երկու շաբաթը մեկ մատուցվել է պատարագ: 1993-ից համայնքն ունի մնայուն հոգևոր հովիվ (առաջինը՝ Բաբկեն վրդ. Չարյան):
Մինչև Արաբական ծոցի շրջանի թեմի վերածվելը ազգային վարչությունների անդամներին նշանակել է կաթողիկոսական փոխանորդը՝ երկու տարի ժամկետով: 1994-ին, երբ տարածաշրջանը թեմի կարգավիճակ է ստացել, տեղի են ունեցել թեմական առաջին ընարությունները Քուվեյթում, Աբու Դաբիում և Շարժայում: Ընտրվել է թեմական խորհուրդ՝ բաղկացած 3 հոգևորականից և 18 աշխարհականից (9-ը՝ Քուվեյթից, 5-ը՝ Շարժա-Դուբայից և 4-ը՝ Աբու Դաբիից): Ներկայումս (2003) Շարժա-Դուբայի ազգային վարչության ատենապետն է Նշան Բասմաջյանը, Աբու Դաբիի ազգային վարչության ատենապետը՝ Գրիգոր Մահսերեճյանը:
1995-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ ԱՄԷ կատարած իր առաջին հայրապետական այցելության ժամանակ խնդրանքով դիմել է Շարժայի կառավարիչ շեյխ Սուլթան Բեն Մոհամմեդ ալ Քասիմին, որն էլ, ընդառաջելով խնդրանքին, տեղի հայությանը տրամադրել է հողատարածք և եկեղեցի կառուցելու արտոնություն տվել: Դրանով, փաստորեն, տեղաբնակ հայությունը ճանաչվել է որպես համայնք՝ ազգային հաստատություն-