Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներ հիմնելու իրավասությամբ: 1996-ին կազմակերպվել է հանգանակություն, սկսվել են Շարժայում եկեղեցու և դպրոցի շենքի շինարարական աշխատանքները: 1997-ին տեղի է ունեցել ԱՄԷ-ում առաջին հայկական՝ Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու (ճարտ.՝ Բաբկեն Այվազյան) հիմնարկեքը, 1998-ին՝օծումը: Համալիրի կառուցման գործում զգալի ավանդ են ներդրել նաև ճարտարագետ Հրայր Սողոմոնյանը, բարերարներ Զոհրապ Թեփերճյանը, Արա Քեոսեյանը, Աղավնի Քեոսեյանը, Հարություն Հովհաննիսյանը, Պետրոս Ասլանյանը, Հայկուշ Թահմազյանը, Մելիք Մելիքսեթյանը և ուրիշներ:

ԱՍԷ-ի հայ համայնքի ժողովրդագրական պատկերը բնորոշվում է ներհոսքի և արտահոսքի համաժամանակյա գործընթացներով: Իրենց նյութական վիճակը բարելաված հայերի որոշ մասը վերադառնում է մշտական բնակության վայրերը, նրանց փոխարինելու են գալիս նոր հայ ընտանիքներ՝ հիմնականում Արևելքի երկրներից: Ներկայումս (2003) ԱՄԷ-ում հայերի թիվը շուրջ 2 հզ. է: Նրանք կենտրոնացած են Շարժայում, Դուբայում (1000), Աբու Դաբիում (550), սակավ թվով՝ Աջման, Ումմ ալ Քայվայն, Ֆուժեյրա, Ռաս Էլ Խայմա քաղաքներում: Հիմնականում լիբանանահայեր և սիրիահայեր են, կան նաև իրաքահայեր, իրանահայեր և Հայաստանից արտագաղթածներ: Նրանց մեծ մասը գործարարներ են, բժիշկներ, ճարտարապետներ, ճարտարագետներ, արհեստավորներ: Ապրում են ԱՄԷ-ում երեք տարին մեկ նորոգվող ժամանակավոր կեցության արտոնագրով և քաղաքացիություն ստանալու հնարավորություն չունեն: Այդուհանդերձ, տնտեսապես բարգավաճ, լավ կազմակերպված և հայախոս համայնքներից է: Այստեղ պարբերաբար նշվում են ազգային և եկեղեցական տոները: Համայնքի հոգևոր հովիվն է Արամ քհն. Տեյիրմենճյանը (1997-ից):

Ազգային վարչությունների գլխավոր խնդիրն է իրենց շուրջը համախմբել տեղի հայերին, երիտասարդությանը դաստիարակել ազգային արժեքների և ավանդույթների ոգով, կազմակերպել կրթական գործը: 1980-ի մարտին նրանց ջանքերով հիմնվել է Շարժայի հայկական մեկօրյա վարժարանը, 1980-ի հոկտեմբերին՝ Աբու Դաբիի հայկական մեկօրյա վարժարանը, որոնք անընդմեջ գործում են մինչև օրս: Ունեն մանկապարտեզի 3 բաժին, նախակրթարան և շրջանավարտ դասարան: Դասավանդվում են հայոց լեզու և գրականություն, հայ ժողովրդի պատմություն, երգ, կրոն: Ներկայումս (2003) Աբու Դաբիի վարժարանը (տնօրեն՝ Թամար Տեր-Հովհաննիսյան) ունի 60, Շարժայինը (տնօրեն՝ Վիգեն Գլընճյան)՝ 115 աշակերտ: Աբու Դաբիում գործում է նաև զուտ կրոնական թեքումով հայկական մեկօրյա վարժարանը (ունի 35 աշակերտ), որը հիմնել և ցայսօր տնօրինում է Վարդան Ինկիլիզյանը: Բոլոր 3 դպրոցներում աշխատում են շուրջ 30 ուսուցիչներ:

Թեմական խորհրդի, Շարժա-Դուբայի և Աբու Դաբիի ազգային վարչությունների հովանու ներքո գործում են նաև Հայ երիտասարդաց տները, համայնքի մշակութային կյանքը կազմակերպող գեղարվեստական հանձնախումբը, դպրոցների գործունեությունն ապահովող հոգաբարձական կազմը, տիկնանց միությունը, օժանդակ հանձնախումբը:

1989-ից գործող Աբու Դաբիի Հայ մշակութային ընկերակցությունը (հիմնադիրներ՝ լիբանանահայ գրող Արամ Սեփեթճյան, ճարտարապետներ Անդրանիկ Տադլյան, Վաչե Գասեմճյան և ուրիշներ) կազմակերպում է գրական և մշակութային միջոցառումներ, օտարներին ներկայացնում հայ մշակույթը: Ընկերակցության վարչության նախագահն է ճարտարապետ Գրիգոր Ճերեճյանը:

Համայնքում հայտնի անուններ են նաև Արա Խանոյանը (շինարարական խոշոր ընկերության ղեկավար), Պերճ Աբրահամյանը («Spectrum» խորհրդատվական ընկերության սեփականատեր), Լևոն Տեր-Հովհաննիսյանը («ССС» հայտնի շինարարական ընկերության Աբու Դաբիի մասնաճյուղի նախագահ), Վահե Թուխմանյանը (հացի արտադրության սեփականատեր), Վարդան Ինկիլիզյանը (ճարտարապետ. հայկական ոճով մի շարք շենքեր է կառուցել Աբու Դաբիում), Հրայր Սողոմոնյանը և Անդրանիկ Տադլյանը (ճարտարապետներ), Կարպիս Պառուշյանը (պաշտպանության նախարարության խորհրդականներից), Մայք Խարապյանը (գործարար) և ուրիշներ:

Համայնքը սերտ կապեր է պահպանում Հայաստանի հետ, իր հանգանակած միջոցներով արդիական ատաղձագործարան է հիմնել Ստեփանավանում: 1993-ին Աբու Դաբիի կիրակնօրյա վարժարանի սաների հավաքած գումարով նյութական օգնություն է ցույց տրվել Գյումրիի ծնողազուրկ երեխաներին: Աբու Դաբիի Հայ մշակութային ընկերակցությունը ստանձնել է Հայաստանում 26 որբերի խնամակալությունը:

Գրկ. Յիշատակի գիրք Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցւոյ նավակատիքին և օծման, Շարժա, 1998:

Արամ Սարգսյան