Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տո, 1929-ին հիմնադրվել է Այնթապի հայրենակցական միությունը: 1962-ից ունեցել է սեփական շենք: Զբաղվել է հիմնականում ընկերային ու մշակութային աշխատանքներով, ոգեկոչել Այնթապի հերոսամարտի (1920-21) զոհերի հիշատակը: 1962-ին հրատարակել է «Արաքս» պարբերաթերթը: 1982-ից դադարել է գործել (մնում է որպես իր սեփական շենքի իրավատեր):

Մարաշի հայրենակցական միություն, հիմնվել է 1924-ին (1950-ից ունի սեփական շենք): Զբաղվում է հիմնականում ընկերային, մշակութային ու մարզական աշխատանքներով: Ամեն տարի ոգեկոչում է 1920-ի Մարաշի ինքնապաշտպանության զոհերի հիշատակը: 1954-66-ին հրատարակել է «Մարաշ» պարբերաթերթը:

«Արմենիա» երիտասարդական միություն, հիմնվել է 1941-ին, Բուենոս Այրեսում: ՀՀԴ երիտասարդական կազմակերպություն: Ծավալում է հասարակական-քաղաքական, մշակութային, մարզական գործունեություն: Ունի կենտրոնական վարչություն, մասնաճյուղեր Բուենոս Այրեսում (3), Կորդովայում, Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ) և Սան Պաուլոյում (Բրազիլիա): 1949-ից հրատարակում է «Կամք» պարբերաթերթը, տարբեր մասնաճյուղեր ունեցել են նաև իրենց պարբերական հրատարակությունները, ռադիոհաղորդումները:

«Արմենիա» մշակութային ընկերակցություն, ստեղծվել է 1951-ին, Բուենոս Այրեսում՝ ՀՀԴ հովանավորությամբ: Դաշնակցության և Համազգային մշակութային միության առաքելություններն իրականացնող մարմին է (ՀՀԴ առաջին կառույցը Ա-ում ստեղծվել է 1911-ին): Ունի մասնաճյուղ Կորդովայում: Ընկերակցության շրջանակներում գործում են Հայ դատի հանձնախումբը, «Արմենիա» երիտասարդական միությունը: Սերտորեն համագործակցում է ՀՄԸՄ-ի հետ, որն ունի սեփական մարզադաշտ:

1931-ից հրատարակում է «Արմենիա» շաբաթաթերթը, 1954-89-ին Կորդովայում ունեցել է ռադիոժամ:

Արգենտինահայ մշակութային միություն, հիմնվել է 1960-ին, Բուենոս Այրեսում (մինչև 1960-ը կոչվել է Արգենտինահայ հայրենակցական միություն): Ա-ի Համայնավար կուսակցության հայազգի անդամների և համակիրների կազմակերպությունն է: Միությանը կից գործում է «Գայանե» պարախումբը, ունեցել է նաև երիտասարդական կազմակերպություն: 1961-90-ին միությունը հրատարակելէ «Սևան» շաբաթաթերթը: Ունի սեփական շենք՝ ակումբային հնարավորություններով:

Թեքեյան մշակութային միություն (ԹՄՄ), հիմնվել է 1960-ին, Բուենոս Այրեսում՝ ՌԱԿ-ի հովանավորությամբ: Մինչև 1974-ը գործել է «Արշակ Չոպանյան» մշակութային միություն անունով, այնուհետև՝ ներկա անվանումով: Զբաղվում է հասարակական-քաղաքական, մշակութային գործունեությամբ: 1975-ից հրատարակում է «Սարտարապատ» շաբաթաթերթը: Սերտորեն գործակցում է ՀԲԸՄ-ի հետ: 1998-ին Բուենոս Այրեսում բացվել է ԹՄՄ «Սուրեն և Վերճինիա Ֆեսճյան» կենտրոնը՝ կառուցված տեր և տիկին Ֆեսճյանների բարերարությամբ:

Հայ համալսարանական կենտրոն, ստեղծվել է Բուենոս Այրեսում, գործել է ընդհատումներով՝ 1972-78-ին և 1983-89-ին: Միության նպատակն էր համախմբել համալսարանական ուսանողներին, կազմակերպել հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին վերաբերող դասընթացներ, դասախոսություններ, ընկերային հավաքույթներ ևն: Կարճ ժամանակով հրատարակել է պարբերական «CUA» անունով (միության սկզբնատառերը՝ իսպաներեն):

«Մյուրեքյան» հիմնարկություն, հիմնադրվել է 1972-ին, գոյատևել մինչև 1982-ը: Նախագահ՝ Տիգրան Մյուրեքյան: Գլխավոր նպատակն էր ամրապնդել հայ և արգենտինյան ժողովուրդների բարեկամությունը: Նախաձեռնել է երկու երկրներիմշակութային, գիտական պատվիրակությունների փոխանակում, թողարկել ձայնապնակներ, կատարել նվիրատվություններ (Ա-ի նկարիչների գործեր է նվիրել Հայաստանի ազգային պատկերասրահին): 1978-ին կազմակերպել է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի բալետի խմբի հյուրախաղերը Բուենոս Այրեսում:

«Պողոս Արզումանյան» հիմնարկություն, բարեգործական կազմակերպություն, հիմնվել է 1983-ին, Բուենոս Այրեսում: Նախագահ՝ Սիրանույշ Արզումանյան-Մեծատուրյան, փոխնախագահ՝ Արմենակ Մեծատուրյան: Հովանավորում է Արմենիո-Արգենտինա վարժարանը: Բազմաթիվ նվիրատվություններ է արել գաղութի, սփյուռքի և Հայաստանի պետական, հասարակական, բարեսիրական, մշակութային, կրթական նպատակների, ինչպես նաև գրքերի հրատարակման համար: 1993-ին հիմնարկության միջոցներով վերակառուցվել է Երևանի N 76 դպրոցը և վերանվանվել «Արգենտինայի Հանրապետություն»: Հիմնարկությունը նաև ստանձնել է ՀՀ Արագածոտնի