Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաժինների Ա-յանը: Մեզում արյան առկայությունը երիկամների, միզածորանի, միզապարկի Ա-յան նշան է: Սակայն այս բոլոր նշանները միշտ չէ, որ հնարավորություն են տալիս ճիշտ որոշել Ա-յան աղբյուրն ու պատճառը, ուստի նման դեպքերում պահանջվում են բարդ ախտորոշիչ հետազոտություններ: Մեզում, կղանքում արյան չնչին քանակը կարելի է հայտնաբերել միայն մանրադիտակով կամ հատուկ ռեակցիաների օգնությամբ:

Ներքին գաղտնի Ա., այսինքն մարմնի փակ խոռոչներում արյան կուտակումը լինում է ներքին օրգանների (լյարդ, թոք) վնասման հետևանքով, նման դեպքերում արյունը չի հոսում արտաքին միջավայր: Այդպիսի Ա. հնարավոր է ախտորոշել միայն արյան կորստից առաջացած ընդհանուր վիճակի փոփոխություններով և այս կամ այն խոռոչում արյան կուտակման ախտանշաններով: Որովայնի խոռոչում արյան առկայությունը բնորոշվում է սուր սակավարյունության ախտանշաններով, գունատություն, անոթազարկի հաճախացում, ծարավի զգացում, քնկոտություն, աչքերի առաջ մթագնում, ուշագնացություն: Կրծքի խոռոչում արյան կուտակման ժամանակ սակավարյունության ախտանշանները զուգակցվում են հևոցի հետ (շնչառությունը դժվարանում է և հաճախանում): Գանգի խոռոչում արյան կուտակման ժամանակ առավել ակնհայտ են գլխուղեղի ճնշման ախտանշանները, գլխացավ, գիտակցության, շնչառության խանգարումներ, լուծանքներ ևն:

Ա-յան 1-ին իսկ ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է անհապաղ ձեռք առնել այն դադարեցնող ֆիզ., կենսբ. և դեղորայքային տարբեր միջոցներ: Արտաքին Ա-յան ժամանակ տարբերում են ժամանակավոր (նախն.) և մշտ. (վերջն.) դադարեցում: Ժամանակավորը կանխում է արյան վտանգավոր կորուստը և հնարավորություն տալիս ժամանակ շահել Ա-յան վերջն. դադարեցման համար: Արտաքին Ա-յան ժամանակավոր դադարեցման եղանակներն են ճնշող վիրակապը, մատներով արյունահոսող զարկերակը սեղմելը, Ա. դադարեցնող լարան (ժգուտ) դնելը, վերջույթի գերծալումը: Ճնշող վիրակապը դնում են առավելապես երակային, մազանոթային և մանր զարկերակային Ա-յան ժամանակ, հետևյալ կերպ. վերքի վրա դնում են մանրէազերծած թանզիֆե անձեռոցիկ, վրայից՝ մի քանի շերտով ծալած բամբակ, այնուհետև բինտով ձիգ կապում: Բամբակի փոխարեն կարելի է օգտագործել մանրէազերծած բինտ: Առանձին դեպքերում (օրինակ՝ հետույքի շրջանի, գլխի մազածածկ մասի) վերքերին ճնշող վիրակապ դնելը Ա-յան ժամանակավոր դադարեցման միակ միջոցն է:

Խոշոր զարկերակային Ա-յան ժամանակ, զարկերակի սեղմումը՝ վերքի տեղադրությունից վեր, ցանկացած իրադրությունում արյան ժամանակավոր դադարեցման ամենամատչելի եղանակն է: Դրա կիրառման համար հարկավոր է մարմնի վրա իմանալ այն տեղը (կետը), որտեղ տվյալ զարկերակը առավել մակերեսային է, և հնարավոր է այն սեղմել ոսկրին: Այդ կետերում գրեթե միշտ հնարավոր է շոշափել զարկերակի անոթազարկը (նկ. 1): Մատներով սեղմումը հնարավորություն է տալիս վայրկենաբար դադարեցնել Ա.: Սակայն նույնիսկ ուժեղ մարդը չի կարող մատներով անոթը սեղմած պահել 10-15 ր-ից ավելի, քանի որ ձեռքերը հոգնում են, և սեղմումը թուլանում է: Այդպիսի գործելաձևը թույլ է տալիս ժամանակ շահել այլ միջոցների գործադրման, այսինքն՝ լարան դնելու համար:

Ընդհանուր քնային զարկերակի սեղմումը կատարվում է պարանոցի վերին և միջին հատվածների, ենթածնոտային հատվածի և դեմքի ուժեղ Ա-յան ժամանակ: Օգնություն ցույց տվողը ողնաշարի ուղղությամբ սեղմում է վնասվածքի կողմի քնային զարկերակը բութ մատով կամ նույն ձեռքի II-IV մատներով:

Ենթաանրակային զարկերակը սեղմում են ուսահոդի ենթաանրակային և անութային շրջանների և բազկի վերին երրորդի ուժեղ Ա-յան ժամանակ: Այն կատարվում է բութ կամ II-IV մատներով՝ վերանրակային փոսում, անրակից վեր՝ վերևից ներքև ուղղությամբ: Բազկային զարկերակը սեղմում են բազկի միջին և ստորին երրորդի, նախաբազկի և դաստակի վերքերից Ա-յան ժամանակ՝ II-IV մատներով՝ բազկի ներսային մակերևույթին երկգլխանի մկանի ներսային եզրին: Բազկային զարկերակը սեղմվում է բազկոսկրին: Ազդրային զարկերակը սեղմվում է ստորին վերջույթի վերքերից ուժեղ Ա-յան ժամանակ՝ ձեռքի բութ մատով կամ բռունցքով: 2 դեպքում էլ սեղմումն իրականացվում է աճուկային շրջանում՝ ցայլոսկրի և զստոսկրի միջև ընկած տարածության միջին մասում: Բութ մատով սեղմելիս, ճնշումն ուժեղացնելու նպատակով, վրայից սեղմում են նաև մյուս ձեռքի բութ մատով: Բռունցքով սեղմումը կատարվում է այնպես, որ միջմատոսկրային հոդերում ծալման գիծը լինի աճուկային ծալքին հակառակ: Սեղմումը կարելի է ուժեղացնել մյուս բռունցքով: Ա. դադարեցնող լարան դնելը վերջույթների խոշոր զարկերակներից Ա-յան ժամանակավոր դադարեցման հիմն. եղանակն է: Ռետինե լարանը բաղկացած է հաստ ռետինե խողովակից կամ 1-1,5 մ երկար ժապավենից, որի մի ծայրին ամրացված է կեռիկ, մյուսին՝ մետաղե շղթա: Մաշկը չվնասելու համար լարանը դնում են հագուստի վրայից կամ այդ հատվածը նախօրոք մի քանի անգամ փաթաթում են բինտով, սրբիչով: Ռետինե լարանը ձգած վիճակում դնում են վերջույթի վրա և ձգումը չթուլացնելով՝ մի քանի անգամ փաթաթում դրա շուրջն այնպես, որ մի փաթույթը կիպ կպչի մյուսին, և դրանց միջև մաշկածալքեր չառաջանան: Լարանի ծայրերն ամրացնում են շղթայով և կեռիկով: Ռետինե լարանի բացակայության դեպքում օգտագործում են ձեռքի տակ եղած առարկաները, օրինակ՝ ռետինե խողովակ, գոտի, փողկապ, բինտ, թաշկինակ ևն: Նման դեպքում վերջույթը պինդ կապում են դրանով, ինչպես լարանով, այնուհետև փայտիկի օգնությամբ ծայրերը ոլորում (նկ. 2): Բարակ կամ կոպիտ առարկաներ (պարան, մետաղալար) օգտագործել խորհուրդ չի տրվում, քանի որ հյուսվածքները (հատկապես նյարդերը) կարող են վնասվել:

Լարանը դրվում է վերքից վերև և որքան հնարավոր է մոտ: Եթե լարանը թույլ