հիվանդությունների բարդություն: Բարձր արյունահոսելիությունը նկատվում է նաև արյան մակարդելիությունն իջեցնող առանձին դեղանյութերի ընդունման ժամանակ: Բացի հակամակարդիչ դեղանյութերից, որոնք նշանակվում են արյան մակարդելիության բարձրացման ժամանակ, Ա.ն-յանը նպաստում են ջերմիջեցնող ցավազրկող դեղանյութերը (օրինակ ացետիլսալիցիլաթթուն՝ ասպիրինը) ինչպես նաև օրգանիզմում վիտամինների ասկորբինաթթու և ռուտին) անբավարարությունը՝ կապված ոչ ճիշտ սնման հետ (սննդում թարմ մրգերի, բանջարեղենի անբավարարության կամ սննդի խոհարար. մշակման կանոնները չպահպանելու դեպքում): Ա․ն-յան պատճառը կարող է հաստատել միայն բժիշկը՝ հիվանդի մանրամասն հարցուփորձի և հետազոտության միջոցով:
Բուժում է բժիշկը: Առանձին դեպքերում պահանջվում է վիրահատ. միջամտություն՝ փայծաղի հեռացում: Հանկարծակի առաջացող արյունահոսությունների ժամանակ հարկավոր է անհապաղ դիմել բժշկի կամ շտապ օգնություն կանչել: Մինչև բժշկի գալը (առավել հաճախ քթային արյունահոսության ժամանակ) հիվանդի համար ստեղծել հանգիստ պայմաններ. հորիզոն. դիրք տալ՝ թեթևակի բարձրացնելով գլուխը, քթարմատին սառը դնել, կարելի է քթանցքերի մեջ ջրածնի գերօքսիդի 3%-անոց լուծույթով թրջած բամբակե կամ թանզիֆե խծուծ դնել: Եթե հիվանդին նշանակված են հակամակարդիչներ, ապա դրանց ընդունումն անմիջապես պետք է ընդհատել:
Վիտամինային անբավարարության հետ կապված արյունահոսելիության կանխարգելումը, ասկորբինաթթվով (խնձոր, սև հաղարջ, մասուր, կանաչ սոխ, թրթնջուկ, աղցան) և ռուտինով (հնդկացորեն, ցիտրուսներ) հարուստ սնունդ, սննդի ճիշտ պատրաստում: Սննդում նշված վիտամինների անբավարարության ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել ասկորբինաթթվի և ռատինի պատրաստուկներ: Կանխարգելիչ միջոցառումները պետք է համաձայնեցնել բժշկի հետ:
ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ, արյան արտահոսումն արյունատար անոթներից՝ անոթի պատի ամբողջականության խախտման հետևանքով:
Ըստ ծագման՝ Ա. լինում է վնասվածքային՝ անոթների վնասման պատճառով, և ոչ վնասվածքային՝ կապված որևէ հիվանդագին գործընթացի հետևանքով արյան անոթի քայքայման կամ որոշ հիվանդությունների ժամանակ արյան անոթի պատի թափանցելիության բարձրացման հետ: Բացի այդ, Ա-յամբ են ուղեկցվում այնպիսի ֆիզիոլոգ. գործընթացներ, ինչպիսիք են դաշտանը (տես Դաշտանային ցիկլ) և ծննդաբերությունը: Վնասվածքային Ա., որն առաջանում է անմիջապես վնասվածքից հետո, կոչվում է առաջնային, իսկ վնասվածքից մի քանի օր անց սկսվածը՝ 2-րդային: Վերջինիս պատճառներն առավել հաճախ վերքի թարախային գործընթացներն են, որոնք քայքայում են վնասված անոթի լուսանցքը փակող արյան մակարդուկները: Ա-յան առաջացմանը, դրա տևողությանը և ուժգնությանը նպաստում է արյան մակարդելիության իջեցումը (տես Արյուն, արյունաստեղծ համակարգ):
Ա. վտանգավոր է նախ նրանով, որ շրջանառվող արյան քանակության նվազման հետևանքով վատանում է սրտի գործունեությունը, խանգարվում կենսական կարևոր օրգանների՝ գլխուղեղի, լյարդի, երիկամների թթվածնամատակարարումը: Դա հանգեցնում է նյութափոխանակության կտրուկ խանգարման, իսկ արյան մեծ կորստի դեպքում՝ մահվան: Արյան կորստի ծանրության աստիճանը որոշվում է արյան արտահոսման արագությամբ ու տևողությամբ: Օրգանիզմի պաշտպան. ուժերի ներգրավումը (արյունահոսող անոթի լուսանցքի նեղացումը, թրոմբի առաջացումը) նպաստում է այն բանին, որ մանր անոթներից, որպես կանոն, Ա. դադարում է ինքնուրույն: Խոշոր արյունատար անոթներից (հատկապես զարկերակներից) Ա. կարող է մի քանի ր-ում հանգեցնել արյան մահացու կորստի: Ուստի ցանկացած Ա. հարկավոր է անհապաղ դադարեցնել: Հատկապես վտանգավոր է երեխաների և ծերերի Ա.: Արյան ցածր մակարդելիությամբ ուղեկցվող առանձին հիվանդությունների (հեմոֆիլիա, ճառագայթային հիվանդություն) ցանկացած, նույնիսկ ոչ առատ Ա., եթե այն երկարատև է, կյանքի համար վտանգավոր է:
Ա. կարող է լինել արտաքին, երբ արյունը մաշկի վերքից կամ քթի, բերանի խոռոչի լորձաթաղանթից անմիջապես հոսում է շրջապատող միջավայր, իսկ ներքին բացահայտ Ա-յան ժամանակ արյունը լցվում է սնամեջ օրգաններ (ստամոքս, աղիքներ, բրոնխներ, միզապարկ) և կուտակվելով՝ արտաքին միջավայր է դուրս գալիս բնական անցքերով: Ներքին գաղտնի Ա-յան դեպքում արյունն անցնում է մարմնի փակ խոռոչները (կրծքի, որովայնի, գանգի): Ներհյուսվածքային Ա-յան (արյունազեղում) ժամանակ արյունը լցվում է փափուկ հյուսվածքների միջև և առաջացնում արյունային ուռուցք: Ըստ արյունահոսող անոթի տեսակի տարբերում են զարկերակային, երակային, զարկերակաերակային (խառը) և մազանոթային Ա.:
Զարկերակային արտաքին Ա-յան ժամանակ արյունն ալ կարմիր է, ցայտում է ուժեղ, ընդհատվող շիթով կամ շատրվանի նման՝ անոթազարկին համապատասխան ցատկերով: Երակային Ա-յան դեպքում արյունը մուգ բալի գույն ունի, հոսում է հավասարաչափ շիթով: Խոշոր երակի վնասման ժամանակ արյան հոսքը համապատասխանում է շնչառությանը, ոչ թե անոթազարկին: Խառը արտաքին Ա. բնորոշվում է և՛ զարկերակային, և՛ երակային Ա-յան ախտանշաններով: Մազանոթային Ա-յան ժամանակ արյունը հոսում է հավասարաչափ, վերքի ամբողջ մակերևույթով (ինչպես սպունգից):
Բերանի խոռոչից արյան արտադրությունը կարող է կապված լինել թոքերի, վերին շնչուղիների, ըմպանի, կերակրափողի և ստամոքսի Ա-յան հետ: Բերանից հոսող փրփրանման, ալ արյունը բնորոշ է թոքային Ա-յանը (օրինակ՝ տուբերկուլոզի ժամանակ): Արյունային փսխումը առավել հաճախ առաջանում է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության ժամանակ, երբ խոցը քայքայում է արյունատար անոթը: Ստամոքսային Ա. երբեմն վկայում է մինչ այդ ստամոքսի անախտանշան ընթացող խոցային հիվանդության մասին և երբեմն կարող է բարդացնել սուր ստամոքսաբորբի, ուռուցքների ընթացքը: Ստամոքսային Ա-յան հաճախակի պատճառներից է լյարդի ցիռոզը, որի ժամանակ կերակրափողի և ստամոքսի երակային անոթները լայնանում են ու պատռվում: Ստամոքսի և 12-մատնյա աղիքի Ա-յան ստույգ ախտանշան է սուրճի մրուր հիշեցնող փսխման զանգվածը (ստամոքս լցված արյունը ստամոքսահյութի աղաթթվի ազդեցությամբ դառնում է մուգ դարչնագույն), ստամոքսային առատ Ա-յան դեպքում՝ թարմ և մակարդված մուգ կարմիր արյան առկայությունը՝ փոքր քանակով «սուրճի մրուրի» խառնուրդով: Որոշ ժամանակ (1-2 օր) անց առաջանում է գարշահոտ ձյութանման կղանք (մելենա): Արյունը կղանքում ի հայտ է գալիս ստամոքսաղիքային համակարգի ցանկացած հատվածից, ընդ որում՝ ձյութանման տեսքը վկայում է ստամոքսաղիքային համակարգի վերին բաժինների, իսկ կղանքի հետ հավասարաչափ խառնված մուգ կարմիր արյունը՝ ստորին բաժինների Ա-յան մասին: Կղանքի հետ հավասարաչափ չխառնված և չփոփոխված արյունը բնորոշ է հաստ աղիքի ամենաստորին