է սեղմում, Ա. շարունակվում է, և, քանի որ սեղմված են նաև երակները, ծայրանդամը լցվում է արյունով, անոթներում արյան ճնշումը բարձրանում է, և վերջույթը կապտում է: Վերջույթը լարանով ուժեղ սեղմելիս վնասվում են նաև հյուսվածքները, այդ թվում՝ նյարդերը, և կարող է առաջանալ վերջույթի լուծանք: Լարանը պետք է մնա մինչև Ա-յան դադարելը: Դրա ճիշտ կիրառումից Ա. միանգամից դադարում է, ծայրանդամի մաշկը՝ գունատվում: Վերջույթի սեղմման աստիճանը կարելի է որոշել լարանից ցած գտնվող որևէ զարկերակի անոթազարկով: Վերջինիս բացակայությունը վկայում է զարկերակի սեղմման մասին: Լարանը վերջույթի վրա կարող է մնալ 2 ժ-ից ոչ ավելի (ձմռանը, դրսում՝ 1-1,5 ժ), քանի որ երկարատև սեղմումից լարանից ցած վերջույթը կարող է մեռուկանալ: Լարանին ամրացվում է թղթի կամ ստվարաթղթի թերթիկ, որի վրա նշվում է լարանը դնելու ժամկետը: Այնպիսի դեպքերում, երբ անցել է 2 ժ-ից ավելի, իսկ տուժածին որևէ պատճառով չեն հասցրել բուժհիմնարկ, լարանը կարճ ժամանակով հանում են: Դա կատարում են երկուսով, մեկը մատներով սեղմում է զարկերակը՝ լարանից վերև, մյուսը՝ դանդաղ, որպեսզի արյան հոսքը դուրս չմղի զարկերակում արդեն գոյացած մակարդուկը, լարանը 3-5 ր բաց է թողնում և այն նորից դնում նախորդ տեղից մի քիչ վերև: Հարկավոր է հետևել տուժածին, քանի որ լարանը կարող է թուլանալ, և Ա. վերսկսվել:
Վերջույթի գերծալումը, որպես վերջույթի Ա-յան ժամանակավոր դադարեցման եղանակ, կիրառելի է վերին (մասամբ՝ ստորին) վերջույթների Ա-յան ժամանակավոր դադարեցման համար: Վերջույթի ուժեղ ծալման ժամանակ Ա. դադարում է զարկերակի ծալման հաշվին: Նախաբազկի և դաստակի վերքերից Ա-յան դադարեցման համար վերջույթը գերծալում են արմնկային հոդում և ծալված նախաբազուկը բինտով կապելով՝ մոտեցնում բազկին: Բազկի վերին հատվածի և ենթաանրակային շրջանի վերքից Ա-յան ժամանակ վերին վերջույթն ուժեղ հետ են թեքում և ծալում արմնկային հոդում, ապա ծայրանդամն անշարժացնում բինտով: Այլ կերպ՝ արմնկային հոդում ծալված 2 ձեռքը հետ են տանում և բինտով կապում իրար: Նման դեպքերում միաժամանակ սեղմվում են 2 վերջույթի զարկերակները: Ստորին վերջույթի զարկերակներից Ա-յան ժամանակ հարկավոր է ոտքն ուժեղ ծալել ծնկային և կոնքազդրային հոդերում և անշարժացնել այդ դիրքում: Այս բոլոր եղանակները ոչ միշտ են հասնում նպատակին և կիրառելի չեն վերջույթի ոսկրերի կոտրվածքի առկայության ժամանակ: Ցանկացած Ա., հատկապես վերջույթների վնասումից առաջացած, դադարեցնելիս հարկավոր է վերջույթին բարձր դիրք տալ և ապահովել մարմնի վնասված հատվածի հանգիստը: Արտաքին Ա-յան վերջն. դադարեցումը, որի դեպքում պահանջվում են հատուկ միջոցառումներ, իրականացնում է վիրաբույժը:
Ներքին Ա-ների դեպքում հարկավոր է անհապաղ շտապ օգնություն հրավիրել կամ տուժածին տեղափոխել հիվանդանոց, քանի որ 1-ին օգնության միջոցով անհնարին է թեկուզ ժամանակավոր դադարեցնել այն: Որովայնի ուժեղ սալջարդերի և վերքերի ժամանակ հարկավոր է դիմել բժշկի օգնությանը՝ չսպասելով ներքին Ա-յան ախտանշանների ի հայտ գալուն, որոնք կարող են դրսևորվել ոչ միանգամից (օրինակ՝ փայծաղը վնասվելիս նրա հյուսվածքը երբեմն սկսում է բուռն արյունահոսել վնասվածքից մի քանի ժ անց): Գլխի սալջարդի դեպքում նույնպես անհապաղ պետք է բժշկի դիմել (տես Գանգագլխուղեղային վնասվածք):
Թոքային կամ ստամոքսաղիքային Ա. վկայում է հիվանդանոցային բուժում պահանջող լուրջ հիվանդության առկայության մասին:
Թոքային Ա-յան ժամանակ օգնությունը տես Արյունախխում հոդվածում: Ստամոքսաղիքային համակարգի Ա-յան ժամանակ, մինչև բժշկի գալը, հարկավոր է ապահովել հիվանդի հանգիստը: Որովայնի վերին հատվածին դնել սառույցով կամ սառը ջրով պարկիկ: Հիվանդին չի թույլատրվում ուտել և խմել: Ուղիղ աղիքից առատ Ա. նույնպես պահանջում է շտապ բժշկ. օգնություն:
ԱՐՅՈՒՆԱՅԻՆ ՈՒՌՈՒՑՔ, հեմատոմա, արյունահոսության հետևանքով արյան սահմանափակ կուտակում հյուսվածքներում, որտեղ առաջանում են արյունով լցված խոռոչներ: Ա.ու-ի պատճառ են անոթների պատռվածքները, հաճախ՝ հարվածները կամ արյան մակարդելիության փոփոխությունները: Ա.ու. կարող է առաջանալ մաշկի տակ, վերնոսկրում, մկաններում, լորձաթաղանթներում, ներքին օրգաններում ևն: Փափուկ հյուսվածքներում սալջարդի հետևանքով առաջանում է ոչ մեծ մակերեսային, ցավոտ Ա.ու.՝ արյան ենթազեղումով, որը հաճախ կարելի է կանխել՝ սալջարդի ժամանակ ճիշտ 1-ին օգնություն ցույց տալով: Ժամանակին բուժելիս Ա.ու. սովորաբար անցնում է անհետևանք: Տարածուն (օրինակ՝ միջմկանային) Ա.ու-ի դեպքում հիվանդը պետք է բուժվի բժշկի հսկողությամբ:
Կենսական կարևոր օրգանների (գլխուղեղ, լյարդ ևն) սալջարդի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, քանի որ կարող են առաջանալ կյանքի համար խիստ վտանգավոր Ա.ու.:
ԱՐՅՈՒՆԱՍՏԵՂԾՈՒՄ, տես Արյուն, արյունաստեղծ համակարգ հոդվածում:
ԱՐՅՈՒՆԱՏԱՐ ԱՆՈԹՆԵՐ, տես Սիրտանոթային համակարգ հոդվածում:
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ, օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի լավացման, աշխատունակության բարձրացման և աշխատողների կամ ուսանողների առողջության պահպանման նպատակով ամենօրյա աշխատանքային ռեժիմում ներառված ոչ բարդ ֆիզ. վարժությունների համալիրներ: Ա.մ. նպաստում է որոշ մասնագիտ. հիվանդությունների կանխմանը:
Գիտության և տեխնիկայի առաջընթացը, աշխատանքի ավտոմատացումն ու մեքենայացումը թեթևացրին ֆիզ. աշխատանքը, սակայն միաժամանակ ի հայտ եկան մասնագիտություններ, որոնք պահանջում են ուշադրության, տեսողության, լսողության, նյարդային համակարգի գերլարում: Որպես կանոն՝ նման մասնագետների (հարահոսի վրա աշխատող, օպերատոր, սրբագրիչ, վարորդ, մեքենագրուհի ևն) շարժող. ակտիվությունը սահմանափակ է, որի հետևանքով օրգանիզմում վատանում են նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, իսկ փոքր կոնքի օրգաններում և ոտքերում ի հայտ են գալիս կանգային երևույթներ, թուլանում է մկանունքը, վատանում կեցվածքը: Մասնագիտության բերումով քիչ շարժուն մարդիկ հաճախ տառապում են գլխացավով, սիրտանոթային համակարգի և այլ հիվանդություններով, նյութափոխանակության խանգարմամբ: Հենց այս դեպքում է, որ Ա.մ. լրացնում է շարժող. ակտիվության պակասը: Ֆիզ. ծանրաբեռնվածությամբ մասնագիտություններում Ա.մ. բացառում է միևնույն մկանախմբերի վրա միապաղաղ ծանրաբեռնվածության բացասական ազդեցությունը և աշխատանքի մեջ է ներգրավում մինչ այդ անգործունյա մկանախմբեր կամ փոխում է աշխատող մկանների գործունեության բնույթը: Ա.մ-յան վարժությունների համալիրը, դրանց անցկացման ժամանակն ու մեթոդն ընտրում են՝ ելնելով աշխատանքի