Ֆ. Ուգլովը, Լ. Բոգուշը, Վ. Ստրուչկովը և ուր.:
Խորհրդային Բ-յան ամենախոշոր նվաճումներից էր միկրովիրաբուժության զարգացումը, որը հնարավորություն է տալիս վերակառուցող. վիրաբուժության խնդիրները լուծել որակ. նոր մակարդակով (վիրահատության մեթոդը նախատեսում է վիրահատ. մանրադիտակի, հատուկ օպտիկայի և գերճշգրիտ սարքերի կիրառում): Այդ ուղղությունը տրամադրում է միկրովիրաբուժ. վիրահատությունների մեծ փորձ, որի շնորհիվ հաջողվել է վնասվածքի հետևանքով ձեռքերի մատների և վերջույթների ավելի խոշոր հատվածների վերաճեցումը, ոտնաթաթի մատների պատվաստումը ձեռնաթաթին, նյարդերի, մաշկի և մկանների կտորների պատվաստումը ևն:
20-րդ դ. սկզբին ձևավորվել է ուռուցքաբանությունը, որի հիմնադիրներն են Ն. Պետրովը և Պ. Գերցենը:
ԽՍՀՄ-ն աշխարհում 1-ին երկիրն էր, որտեղ ստեղծվել էր հակաքաղցկեղային պայքարի պետ. համակարգ:
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բնագավառում էական նվաճումների շարքն են դասվում Մ. Վոլկովի, Կ. Սիվաշի, Օ. Գուդուշաուրու, Վ. Կալնբերգի, Գ. Իլիզարովի և այլոց աշխատանքները՝ ճնշող-ձգող ապարատների, կոնքազդրային տիտանակոբալտային արհեստ. հոդի, ոսկրերի հիվանդությունների և արատների ժամանակ ոսկրային հյուսվածքների ստեղծման բնագավառում:
Խոշոր նվաճումներով է նշանավորվել ակնաբանության զարգացումը. Մ. Ավերբախը, Վ. Օդինցովը, Վ. Ֆիլատովը և նրանց հետևորդները մշակել և գործնականում ներդրել են տեսող. օրգանի հիվանդությունների և վնասվածքների ախտորոշման, բուժման և կանխարգելման լայն ճանաչում գտած (այդ թվում՝ փոխպատվաստումային վիրաբուժության) մեթոդները:
Միկրովիրաբուժության շնորհիվ աչքի վիրահատությունները դարձել են ավելի խնայողական, անվտանգ և արդյունավետ: Ակնաբուժության մեջ միկրովիրաբուժ. ուղղության հիմնադիրը Մ. Կրասնովն է: Նրան են պատկանում աչքի փորահատության նոր սկզբունքները՝ տարբեր տեսակի լազերների կիրառմամբ, ԽՍՀՄ-ում 1-ին անգամ բարձր աստիճանի կարճատեսության վիրահատ. բուժումը, գլաուկոմայի «առանց դանակի» (լազերի օգնությամբ) միկրովիրաբուժությունը: Արհեստ. ոսպնյակի «վերաճեցման» յուրօրինակ մեթոդներ են առաջարկել Մ. Կրասնովը և Ս. Ֆեոդորովը, մշակվել են կարճատեսության և աչքի տարաբեկության վիրաբուժ. շտկման բարձր արդյունավետ մեթոդներ: Քիթկոկորդականջաբանության խոշոր նվաճումներից է ականջի ծանր հիվանդության՝ օտոսկլերոզի ժամանակ լսողությունը լավացնող վիրահատությունների ներդրումը:
Արագորեն զարգացել են նաև մանրէաբանությունը և վիրուսաբանությունը: Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գիտ. հիմք են դարձել վարակի փոխանցման մեխանիզմների մասին Լ. Գրոմաշևսկու առաջարկած ուսմունքը, ժանտախտի, խոլերայի, սիբիրյան խոցի և որովայնային տիֆի (տես Որովայնային տիֆ, պարատիֆեր) համաճարակաբանության, լեպտոսպիրոզի, ռիկետսիոզների ևն ուսումնասիրությունները: Ե. Պավլովսկու, Կ. Սկրյաբինի և այլոց աշխատանքներով ստեղծվել է ուսմունք՝ փոխանցող, հիվանդությունների բնական օջախայնության մասին, դրվել են ճիճվաթափության և մակաբուծ. հիվանդությունների դեմ պայքարի հիմքերը: Հենվելով մանրէաբանության և վիրուսաբանության նվաճումների վրա (Լ. Ջիլբեր, Մ. Չումակով, Ա. Սմորոդինցև, Վ. Տիմակով և ուր.)՝ վարակիչ հիվանդությունների առանձնահատուկ կանխարգելման մեթոդը (վակցինայի և շիճուկի օգնությամբ) որոշիչ դեր է ունեցել բնական ծաղիկի, դիֆթերիայի, պոլիոմիելիտի, կարմրուկի և մի շարք այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում:
Պոլիոմիելիտային կենդանի վակցինայով զանգվածային իմունացման շնորհիվ ամբողջ երկրում պոլիոմիելիտով հիվանդացությունը նվազել է 120 անգամ: Մանկ. վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի հաջողությունները մանկաբուժության կարևոր նվաճումներից են: Բավականին նվազել է մահացությունը՝ մանկ. բոլոր վարակիչ հիվանդություններից (կարմրուկի, քութեշի, կապույտ հազի դեպքում՝ տասնյակ անգամներ):
ԽՍՀՄ Բ-յան զարգացման ակնհայտ նվաճումները պայմանավորված էին նաև նրանով, որ երկրում իրականացվող գիտության կազմակերպման քաղաքականությունը խրախուսում էր ազգային հանրապետությունների գիտ. ներուժի կենտրոնացումը Ռուսաստանի կենտր. ինստիտուտներում ու հիվանդանոցներում: Չնայած Բ-յան և գործն. բժշկության նվաճումներն արագ ներդրվում էին երկրի խոշոր հիվանդանոցներում, բայց առանձին հանրապետություններում գիտ. հիմնարար հետազոտության համար բավարար հնարավորություններ միշտ չէ, որ ստեղծվում էին:
ԽՍՀՄ փլուզումից հետո (1991) Բ-յան բնագավառում նրա բնական իրավահաջորդը դարձավ ՌԴ-ն, իսկ մյուս հանրապետությունները, այդ թվում նաև Հայաստանը, չնայած բավական զարգացած ԳՀ և հիվանդանոցային համակարգի առկայությանը, հայտնվեցին լուրջ դժվարությունների առջև:
Ժամանակակից Բ-յան խնդիրները: 20-րդ դ. 70-ական թթ. սկսած՝ անցյալում զանգվածային տարածում գտած և մահվան հիմն. պատճառ հանդիսացող վարակիչ ու մակաբուծ. հիվանդությունները ցածր տեսակարար կշիռ ունեն: Տնտեսապես զարգացած երկրներում վերացել են հատուկ վտանգավոր համաճարակային հիվանդությունները, կրճատվել մանկ. վարակներով հիվանդացությունը:
Զարգացած երկրներում սիրտանոթային հիվանդությունները դարձել են մահացության (1980-ական թթ. մահվան բոլոր պատճառների ավելի քան 50 %-ը) և հաշմանդամության հիմն. պատճառ: Հատուկ նշանակություն են ձեռք բերել սրտի իշեմիկ հիվանդության (այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտի), հիպերտոնիկ հիվանդության և կենտր. նյարդային համակարգի անոթային ախտահարումները, որոնց բաժին է ընկնում սիրտանոթային համակարգի հիվանդություններից մահացության ավելի քան 80 %-ը: Սակայն նշանակալի են նաև այդ հիվանդությունների ախտորոշման և բուժման հաջողությունները: Օրինակ՝ 30 տարվա ընթացքում եռակի ավելացել են սրտամկանի ինֆարկտով հիվանդների առողջանալու և աշխատանքային գործունեության վերադառնալու հնարավորությունները: Բ-յան հրատապ խնդիրներից են չարորակ նորագոյացությունները, որոնցից մահացությունը 60 տարում ավելացել է 2-3 անգամ: Աշխարհում ամեն տարի քաղցկեղից մահանում է մինչև 2 մլն մարդ: Դա բացատրվում է մասնավորապես մթնոլորտի աղտոտմամբ, ծխելու տարածվածությամբ ևն: Ուռուցքային աճի բնույթը լիովին չի բացահայտված, առաջիկայում հարկավոր է շատ բան իմանալ քիմ. ուռուցքածին նյութերի ազդեցության մեխանիզմների, ճառագայթման, ուռուցքածին վիրուսների, օրգանիզմի պաշտպան. մեխանիզմների մասին: Ուռուցքների բուժման արդյունքների լավացմանը նպաստել են ախտորոշման և վիրահատ. մեթոդների կատարելագործումը, հզոր սարքերի և ճառագայթաբուժման նպատակով ռադիոակտիվ իզոտոպների կիրառումը: Առավել արդյունավետ են համալիր (վիրաբուժ.,