Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճառագայթային, քիմիաբուժ.) մեթոդները:

Ժամանակի կարևոր խնդիրներից է նյարդահոգեբան. խանգարումների աճը, որոնց մեջ հատուկ նշանակություն ունեն ալկոհոլամոլությունը և թմրամոլությունը: Ստեղծված է ալկոհոլամոլության կանխարգելման, վաղ ախտորոշման և բուժման մեթոդների մշակման ու ներդրման համապետ. ծրագիր:

Առավել հրատապ խնդիր է վնասվածքների դեմ պայքարը, որի ժամանակակից ծրագիրն ընդգրկում է վնասվածքների պատճառների համալիր վերլուծությունը:

Ամբողջ մարդկության առջև լուրջ խնդիրներ է դրել վերջին տարիներին ի հայտ եկած հիվանդությունը՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը:

Սոցիալ. կարևոր նշանակություն ունի շրջապատող միջավայրի պահպանման ու առողջացման խնդիրը: Ջրի, օդի, հողի աղտոտումը, կենսոլորտում բնապահպան. հավասարակշռության խանգարումը բացասաբար են անդրադառնում մարդու առողջության վրա: Հատուկ խնդիր են ներկայացնում արդ. թունավոր թափոնները: Բնական պաշարների տարերային օգտագործումը, մոլորակի մի շարք շրջաններում մթնոլորտի աղտոտումը գերազանցում են բնության ինքնապաշտպանության շեմը, խախտվել են միջավայրի ինքնուրույն պահպանության գործընթացները, տեղի է ունենում մարդու առողջության համար վնասակար նյութերի կուտակում: Շրջակա միջավայրի առողջացման համար պայքարը, բնության պահպանությունը ձեռք են բերել միջազգային նշանակություն: Հիվանդության փոփոխված պատկերը սերտորեն կապված է ժողովրդագր. գործընթացների փոփոխության հետ, որոնք տնտ. զարգացած երկրներում բնորոշվում են ծնելիության նվազման միտումով (մոտ. 15-20 մարդ՝ 1 հզ. բնակչին), ընդհանուր (9-12 մարդ՝ 1 հզ. բնակչին) և մանկ (10-20 երեխա՝ 1 հզ. ողջ ծնվածին) մահացության հարաբեր. կայունացմամբ և կյանքի միջին տևողության բարձրացմամբ (69-75 տարի): Տեղի է ունենում բնակչության «ընդհանուր» ծերացում:

Բնակչության «ծերացման» խնդիրը պահանջում է շատ հարցերի լուծում՝ կապված ծերունական օրգանիզմում հիվանդածին գործընթացի առանձնահատկությունների, առողջապահության մարմինների կողմնորոշման (մասնագիտացված բժշկ. օգնություն, հոսպիտալացում), զբաղվածության և աշխատանքային գործունեության (ապրելակերպ, սոցիալտնտ. հետևանքներ), սոցիալ-ծերաբան. մարմինների կողմնորոշման հետ:

Գիտ. խնդիրներից բացի, ժամանակակից Բ-յան առջև ավելի սուր, քան երբևէ, դրված են բժշկի և հիվանդի փոխհարաբերությանը վերաբերող բարոյագիտ. խնդիրները՝ թույլատրելի միջամտության սահմաններում (օրինակ՝ հոգեկանի վրա ազդեցությունը հոգեհակ նյութերով), դոնորությունը՝ օրգանների փոխպատվաստման ժամանակ: Բ-յան բարոյագիտ. կողմը մոռացության մատնելու վտանգի մասին են վկայում այնպիսի էական փաստեր, ինչպիսիք են հակամարդկային փորձերը մարդկանց վրա կամ բժիշկների մասնակցությունը բակտերիաբան. պատերազմի նախապատրաստությանը: Բուժաշխատողների կողմից բարոյագիտ. նորմերի պահպանումը իրենց մասնագիտ. պարտականությունները կատարելիս, որը կազմում է բժշկ. բարոյագիտության առարկան, հատուկ ուշադրություն է պահանջում:

Բժշկի մարդասիրական և բարոյագիտ. սկզբունքներն օրենսդրորեն հաստատված են բժշկի երդման մեջ: 1980-ին հիմնվել է «Աշխարհի բժիշկները հանուն միջուկային պատերազմի կանխման» միջազգային շարժումը: Իր հիմքում մասնագիտ., տարբեր ազգությունների, քաղ. հայացքների և կրոն. հավատքով գիտնականներին և բժիշկներին միավորող այդ շարժումն արտացոլում է մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու կոչված բժշկի մասնագիտության էությունը: 1985-ին շարժումն արժանացել է խաղաղության նոբելյան մրցանակի: Այդ շարժման 3-րդ վեհաժողովն առաջարկել է լրացնել ազգային և միջազգային երդումներն ու օրենսգրքերը բժշկի մասնագիտ., բարոյագիտ. պարտքի մասին, որով բժիշկներին պարտավորեցնում է պայքարել միջուկային աղետի դեմ:

Սպիտակի երկրաշարժից հետո աղետյալ հայերին օգնելու, տարատեսակ ծրագրեր իրականացնելու՝ Բ-յան ձեռքբերումներով ու բժշկ. նորագույն սարքավորումներով Հայաստանի և Արցախի ազգաբնակչությանն օգնելու նպատակով ստեղծվել և Հայաստանում գործում է «Բժիշկներ առանց սահմանի» միջազգային մարդասիր. շարժումը, իսկ 1986-ից՝ «Բժշկ. օգնություն հայերին» (ԱՄՆ) կազմակերպությունը:

Բժշկագիտությունը Հայաստանում: Ուրարտ. և ավելի վաղ շրջանի հնագիտ. պեղումների արդյունքները (բժշկ. գործիքներ ևն) վկայում են հին Հայաստանում բժշկության մակարդակի մասին: Հայաստանում մասնավոր հիվանդանոցներ եղել են դեռևս 3-րդ դ.: 260-ին նախարար Սուրեն Սալահունու կինը՝ Աղվիթան, Առբենուտ կոչվող բուժիչ հանքային աղբյուրների մոտ, իր միջոցներով, բորոտանոց է կառուցել (Եվրոպայում 1-ին բորոտանոցները բացվել են դրանից 300 տարի հետո միայն):

1-ին հիվանդանոցները Հայաստանում եղել են վանքերին կից: Ըստ 5-րդ դ. պատմիչ Փավստոս Բուզանդի՝ կաթողիկոս Ներսես Մեծը Հայոց աշխարհի բոլոր կողմերում հիվանդանոցներ է բացել բորոտների, հաշմանդամների և ցավագարների համար: Հայ ժող. բժշկությունը, որ գրեթե 3 հզ. տարվա պատմություն ունի, ստեղծել է դեղանյութերի մի հարուստ գանձարան: Հայկ. լեռնաշխարհի դեղաբույսերն արտահանվել են Արևելքի և Արևմուտքի մի շարք երկրներ և տեղ գտել հնագույն դեղագիտարաններում:

Հայաստանը, ինչպես նաև Մարաստանը, հնում եղել է մի շարք արժեքավոր խեժատու բույսերի, այդ թվում նաև հայտնի ուպանի (Laserpitium), ինչպես նաև վայրի դեղաբույսերի հայրենիքը: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայոց Վաղարշակ թագավորը (2-րդ դ., մ.թ.ա.) Տայքի ճահճոտ վայրերում այգիներ և բուրաստաններ է հիմնել, որտեղ աճեցվել և բազմացվել են (դա վկայում է նաև 5-րդ դ. պատմիչ Ղազար Փարպեցին) վայրի դեղաբույսեր: Ըստ 9-րդ դ. պատմիչ Թովմա Արծրունու՝ Հայաստանի բուժիչ բույսերը մեծ խնամքով աճեցվել են դեռևս Արտաշես Բ թագավորի (1-ին դ., մ.թ.ա.) հիմնած հատուկ պարտեզներում: Մեծ կիրառություն ունեին նաև հանքային դեղանյութերը՝ հայկավը, հայքարը, բորակը, ինչպես նաև սնդիկի, երկաթի, ցինկի, կապարի միացությունները, որդան կարմիրը, որոնք Հայաստանից արտահանվել են հարևան երկրներ:

Հայ բժշկության մեջ օգտագործվել են նաև կենդ. ծագում ունեցող դեղանյութեր՝ պատրաստված կենդանիների սեռ. գեղձերից, ուղեղից, լյարդից, փայծաղից ևն:

Միջնադարյան հայ մատենագրության մեջ 4 տարրերի և դրանց համապատասխանող 4 հիմն. հեղուկների (արյուն, լորձ, դեղին և սև մաղձ) անտիկ տեսությունն 1-ին անգամ հիշատակվում է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» (5-րդ դ.) երկում: Հիվանդությունների առաջացումը նա կապում էր հիմն. հեղուկների հավասարակշռության խախտման հետ: Հիպոկրատի նման, Եզնիկ Կողբացին հոգեկան հիվանդությունները համարել է գլխուղեղի հյուծման հետևանք: Դավիթ Անհաղթի