Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնկեղեգը, սև գնդիկը, տատաշը, քարասերմիկը: Նշված բույսերը հարուստ են եթերային յուղերով, վիտամիններով, բուս. հորմոններով և այլ ակտիվ նյութերով, որոնցով էլ պայմանավորված են նրանց բուժիչ հատկությունները: Բժշկապետը պարզել է նաև մարգացնծուի, երնջակի, կուսածաղկի, արևադարձի, սորնջակի և որոշ այլ բույսերի հակաուռուցքային հատկությունները: Ամիրդովլաթը կիրառել է նաև հակաթունային (նարդոս, վաղենակ, երկաթախոտ ևն) և օրգանիզմի տոնուսը բարձրացնող (սղանգ, լոշտակ) բույսեր, վաղաժամ ծերությունը կանխող որոշ բուս., կենդ. և անօրգ. ծագում ունեցող խեժեր (քաղբան, սեքպինաճ, անգուժատ, ակնամոմ ևն): Մարմնի տոնուսը բարձրացնելու, վերքերն ապաքինելու և ուռուցքները բուժելու համար Ամիրդովլաթ Ամասիացին խորհուրդ էր տալիս օգտագործել մումիան: Նա ստեղծել է հայ բուսաբույժ-բժիշկների դպրոց, որը գոյատևել է մի քանի դար, որի ազդեցության հետքերը նշմարվում են Սեբաստիայի բժշկ. դպրոցի ներկայացուցիչների՝ Հովասափ, Ասար և Բունիաթ Սեբաստացիների (16-17 դդ.) երկերում: Սեբաստիայի դպրոցի բժիշկների գործունեությամբ ավարտվում է հայ միջնադարյան բժշկության զարգացման վերջին շրջանը:

18-րդ դ. 2-րդ կեսից սկսած՝ հանդես են գալիս Եվրոպայի և Ռուսաստանի բուհերում կրթություն ստացած հայ բժիշկները (Պետրոս Քալանթարյան, Ստեփանոս Շեհրիմանյան, Հովակիմ Օղուլլուխյան, Միքայել ՌԵստեն), որոնք հաճախ եվրոպ. գիտության տվյալները համադրել են հայ բժշկության հարուստ փորձի հետ: Առանձնահատուկ ուշադրություն է ներկայացնում Պետրոս Քալանթարյանի «Բժշկարան համառօտ» աշխատությունը (տպագրվել է 1793-ին, Դոնի Նախիջևանում): Գիրքը վերաբերում է վարակիչ, ալերգ., մաշկային, հոգեկան, նյարդային և մի շարք այլ հիվանդությունների բուժման հարցերին:

Ստեփանոս Շեհրիմանյանի (1766-1840) «Տնկաբանութիւն կամ փղորայ Հայաստանի», 1818) աշխատությունում նկարագրված են Հայաստանի դեղաբույսերը, ընդ որում՝ հեղինակն օգտագործել է հայ միջնադարյան բուսաբուծության տվյալները: Շեհրիմանյանը գրել է նաև «Անդեղեայ ժանտախտի» (1796, հրտ. 1812) աշխատությունը: Նրա առաջարկած դեղանյութերի շարքում նշված է նաև հայկավը: Շեհրիմանյանի ստեղծագործությունները վկայում են, որ նա ծանոթ էր եվրոպ. նորագույն բժշկության նվաճումներին:

18-19-րդ դդ. բժիշկ Միքայել Ռեստենի «Բժշկաբանութիւն» (2 հրտ., հ. 1-2, Վնտ., 1832) և «Կրթութիւն բժշկական արուեստի» (հ. 1-6, Կ.Պոլիս, 1833-41) աշխատությունները ևս հայ Բ-յան զարգացման նմուշներ են:

Հայաստանում Բ. վերսկսեց զարգանալ խորհրդային կարգերի հաստատումից հետո, որից աստիճանաբար սկսեցին առանձնանալ և որպես ինքնուրույն գիտություններ ձևավորվել հետևյալ ճյուղերը. բժշկակենսաբանական՝ ախտաբանություն (ախտաբան. անատոմիա, ախտաբան. ֆիզիոլոգիա), բակտերիաբանություն, գենետիկա բժշկական, դատական բժշկություն, դեղաբանություն, դեղագործություն, իմունաբանություն, ծերաբանություն, կենսաքիմիա, կենսաֆիզիկա, հյուսվածաբանություն, մակաբուծաբանություն, մանրէաբանություն, ֆիզիոլոգիա, բժշկասոցիալական՝ հիգիենա (աշխատանքի հիգիենա և մասնագիտ. հիվանդություններ, երեխաների և դեռահասների հիգիենա, կոմունալ հիգիենա, սննդի հիգիենա, սոցիալ. հիգիենա), համաճարակաբանություն, կլինիկական՝ ակնաբանություն, անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա, արյունաբանություն, արյան փոխներարկում, կուրորտաբանություն