Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կազմակերպությունների հետ մշակում և իրականացնում է բանվորների աշխատանքի ու հանգստի սանհիգիենային պայմանների բարելավման միասնական պլան, անցկացնում հակահամաճարակային միջոցառումներ, իրագործում հիվանդությունների և արտադր. վնասվածքների նվազեցման ու կանխարգելման միջոցառումներ: Ձեռնարկությունում բժշկասան. սպասարկումը կատարվում է արտադրամասային սկզբունքով. արտադրամասերի թերապևտները կազմակերպում են իրենց կցված բանվորների բժշկական զննումները, իրականացնում հիվանդների դիսպանսերացումը, բուժման կարիք ունեցողներին ուղարկում հանգստյան տներ, առողջարաններ, անցկացնում սանլուս. աշխատանքներ: Մասնակցում են նաև մյուս բժիշկ-մասնագետները: Հատուկ ուշադրություն է դարձվում ձեռնարկությունում աշխատող պատանիների և աղջիկների ֆիզ. զարգացման, առողջ. վիճակին, պարբերաբար իրականացվում է բժշկական հսկողություն:

ԲԻՈՆԻԿԱ, կիբեռնետիկայի բաժին՝ կենդանի բնության մեջ օրգանիզմների ու համակարգերի ֆունկցիաների ուսումնասիրության հիման վրա տարբեր ճարտարագիտ. խնդիրների լուծման նպատակով ստեղծում է տեխ. սարքեր ու համակարգեր:

Էվոլյուցիայի ընթացքում տարբեր կենսբ. օբյեկտներում մշակվել են բազմաթիվ արդյունավետ, շահավետ և հուսալի կառուցվածքներ (օրգաններ, հյուսվածքներ), որոնք ունեն նաև փոքրագույն չափեր: Տեխ. համակարգերի պարամետրերի նկատմամբ աճող պահանջներից (ճշգրտություն, հուսալիություն, նվազ էներգատարություն, հիշողության մեծ ծավալ, փոփոխվող իրադրությանը և արտաքին պայմաններին ինքնաբերաբար հարմարում) ելնելով՝ ժամանակակից տեխ. համակարգեր կառուցելիս որպես «նախատիպ» վերցվում են կենդ. և բուս. օրգանիզմները:

Կենսբ. համակարգերի հնարավորություններից տեխ-ին անցնելու համար անհրաժեշտ են կենսբ. օբյեկտներում ընթացող կենսագործունեության գործընթացների մանրազնին ուսումնանիրություն, գործընթացների մաթ. նկարագրման և մոդելավորման մեթոդների մշակում: Բ. կապված է նաև կենսբ. համակարգերի տարբեր մոդելների կառուցման հետ (օրինակ՝ ինֆորմացիայի ընկալման և վերամշակման օրգանների, նյարդային համակարգի տարրերի ևն): Բ-ի մեթոդները կիրառվում են նավագնացության փոքրածավալ և հուսալի համակարգեր, ինֆորմացիայի ընկալման համակարգերի ճանաչող սարքեր կառուցելիս, ինֆորմացիայի հավաքման, կոդավորման, կուտակման, վերամշակման մեթոդների, քիմ. և կենսաքիմ. էներգիաները մեխանիկականի վերափոխող էլեկտրոնային սարքերի տարրերի ու հատվածամասերի չափերի փոքրացման, կենսաէլեկտր. սարքերի (օրինակ՝ պրոթեզների) պատրաստման, ստորջրյա կապի համակարգերի և շարժվող ստորջրյա սարքերի մշակման ու այլ խնդիրներ լուծելիս:

Բ-ում մեծ տեղ են գրավում կենդանիների նմանակ, բայց առավել կատարյալ համակարգերի հետազոտությունները՝ թիթեռների «անտենաները», ձկների ու ծովային կենդանիների անդրաձայնային կապերը, թռչունների թռչելու համակարգը, ինչպես նաև կենսբ. ժամացույցների մեխանիզմները (տես Կենսաբանական ռիթմեր): Բ. դեռևս իր զարգացման շեմին է, սակայն քիչ չեն նվաճումները, նախագծվել են միջատների աչքի ֆասետային կառուցվածքի սկզբունքով ինքնաթիռների արագության չափիչներ, թռչող ապարատների կայունացման, ամպամածության դեպքում Արեգակով կառավարման և շատ այլ սարքեր:

Դրանք միաժամանակ հնարավորություն տվեցին խորացնելու շատ կենսբ. գործընթացների իմացությունը: Բ-ի բնագավառում աշխատում են ամենատարբեր մասնագետներ՝ ճարտարագետներ, բժիշկներ, հոգեբաններ, ֆիզիոլոգներ, կենսաբաններ, մաթեմատիկոսներ և ուրիշներ, որոնց համատեղ աշխատանքով է միայն հնարավոր լուծել Բ-ի խնդիրները:

ԲԻՈՊՍԻԱ, տես Կենսազննում:

ԲԼԵՆՈՌԵԱ, աչքի լորձաթաղանթի (շաղկապենու) վարակիչ հիվանդություն, բնորոշ է առատ արտադրությունը: Հարուցիչը հիմնականում գոնոկոկերն են:

Բ-ի ժամանակ կոպերն այտուցվում, պնդանում և կարմրում են, իսկ ուժեղ այտուցվելիս կոպի մաշկը գունատվում է: Դեղին թարախային արտադրությունը, կուտակվելով կոպի տակ, ստորին կոպի եզրով թափվում է մաշկին:

Լինում է նորածինների, մանկ. և մեծահասակների Բ.: Նորածինները Բ-ով վարակվում են ծննդաբերության ժամանակ՝ գոնոռեայով հիվանդ մորից՝ սանհիգիենային կանոնները չպահպանելու դեպքում: Մեծահասակները վարակվում են կեղտոտ ձեռքերի միջոցով: Սկզբում ախտահարվում է 1 աչքի լորձաթաղանթը: Աչքի լորձաթաղանթի բորբոքման ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել ակնաբույժի: Ժամանակին բուժելիս երեխաներն առողջանում են 3-5, մեծահասակները՝ 8-12 օրում, ընդ որում՝ բարդություններ հազվադեպ են լինում: Չի կարելի վնասված աչքին վիրակապ դնել, որը կնպաստի վարակի հարուցչի տարածմանը:

Կանխարգելումը. պայքար մոր միզասեռ. ուղիների գոնոռեայի դեմ: Ծննդատներում Բ-ի կանխման համար համապատասխան բուժարարողություն են կատարում:

ԲԼԵՖԱՐԻՏ, տես Կոպաբորբ:

ԲԾԱՎՈՐ ՏԻՖ, մարդու վարակիչ հիվանդություն. ընթանում է արյունատար անոթների և կենտր. նյարդային համակարգի ախտահարումով: Բնորոշ են յուրահատուկ ցանը և տենդային վիճակը:

Բ.տ-ի զանգվածային բռնկումներ (տես Համաճարակ) մշտապես նկատվել են պատերազմների, սովի և այլ սոցիալ. վատ պայմանների ժամանակ, որոնք ուղեկցվել են բնակչության կյանքի, բնակարանային և կենցաղային պայմանների կտրուկ վատացմամբ (տես Ոջլոտություն), ինչպես նաև մարդկանց մեծ խմբերով տեղափոխությունների ժամանակ: Բ. տ-ի հարուցիչը Պրովացեկի ռիկետսիաներն են (տես Ռիկետսիոզներ), որոնք կայուն են չորացման, սառեցման նկատմամբ և արագ ոչնչանում են 50°C-ից բարձր ջերմաստիճանի ու վարակազերծող նյութերի ազդեցությունից: Վարակի աղբյուրը Բ. տ-ով հիվանդ մարդն է: Հարուցչի փոխանցողը ոջիլն է (հաճախ հագուստի), որը վարակվում է հիվանդ մարդու արյունը ծծելով: Հիվանդի արյան հետ ոջլի աղիքներն են թափանցում ռիկետսիաները, արագ սկսում են բազմանալ և ոջլի արտաթորանքի հետ ընկնում են արտաքին աշխարհ՝ մարդու սպիտակեղենի ու մաշկի վրա: Առողջ մարդու արյունը ծծելու ընթացքում ոջիլների արտաթորանքի հետ արտազատվում են մեծ քանակությամբ ռիկետսիաներ, որոնք, կծած տեղը քորելիս թափանցում են արյան մեջ և տարածվում են ամբողջ օրգանիզմում, թափանցում տարբեր օրգաններ: Արյան մեջ հարուցիչները ոչնչանում են՝ արտազատելով թունավոր նյութ՝ էնդոտոքսին (տես Տոքսիններ), որն ախտահարում է անոթները և օրգանիզմի վրա ունենում թունավոր ազդեցություն: Բ.տ-ի գաղտնի շրջանը 5-25, հաճախ 10-12 օր է: Հիվանդությունն սկսվում է ուժեղ, սեղմող գլխացավով, հիմնականում՝ քունքային շրջանում: Հիվանդը կորցնում է ախորժակը: Դողին հաջորդում է ջերմության աստիճանաբար բարձրացումը, որը 4-5-րդ օրը