Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


արագությունը՝ 0,25 մ/վրկ: Բարենպաստ պայմանների դեպքում թույլատրելի են օդի ջերմաստիճանի 0,5-1,5°C տատանումները: Հարաբեր. խոնավության (10%) տատանումներն օրգանիզմի վրա էական ազդեցություն չեն ունենում:

Օդի շարժման արագությունը ձմռանը 0,15 մ/վրկ-ից, իսկ ամռանը՝ 0,25 մ/վրկ-ից չպետք է գերազանցի:

Բ-ում երբեմն խոնավությունից ստեղծվում է անբավարար միկրոկլիմա, որի պատճառ կարող են լինել շենքի ոչ ճիշտ շահագործումը (անբավարար ջեռուցում և օդափոխություն), գերբնակեցումը, լվացքի խոնավությունը: Վերջինս մարդու առողջության վրա անբարենպաստ ազդեցություն է ունենում: Բարձր (70-%-ից) հարաբեր. խոնավության պայմաններում բարձրանում է օրգանիզմի ջերմատվությունը (մրսելու զգացում), նվազում է մաշկի և թոքերի միջոցով ջրի հեռացումը: Խոնավությունը հատկապես բացասական ազդեցություն է ունենում թոքային տուբերկուլոզով հիվանդների վրա, նպաստում գործընթացի սրացմանը: Խոնավ շինությունում օդի որակի վրա ազդում են սնկերը և բորբոսները, որոնք արագ աճում են պատերի անկյուններում, կահույքի վրա: Խոնավությունից սննդամթերքն արագ փչանում է: Բ-ի խոնավությունը կարելի է վերացնել՝ այն հաճախակի օդափոխելով և լավ տաքացնելով: Շատ խոնավ սենյակի պատուհանները վարագույրով չպետք է ծածկել ամբողջ օրը, որպեսզի ավելի շատ արևի ճառագայթներ ներթափանցեն շինություն: Խոնավ շինություններում խորհուրդ չի տրվում պատերը յուղաներկով ներկել, այն ավելի շատ է խոնավություն կուտակում:

Ջեռուցում: Օրվա ընթացքում Բ-ում պետք է պահպանել օդի կայուն ջերմաստիճան՝ անկախ դրսի օդի ջերմաստիճանի տատանումներից (վառարանի պայմաններում ջերմաստիճանի տատանումներն օրվա ընթացքում 4-6°C-ից, իսկ կենտր. ջեռուցման դեպքում՝ 2-3°C-ից չպետք է գերազանցեն): Տարբերում են տեղային և կենտր. ջեռուցում: Տեղային ջեռուցումն իրականացվում է վառարանով՝ 1, 2 կամ 3 կից սենյակներ տաքացնելու համար: Վառարանից օգտվելիս անհրաժեշտ է պահպանել որոշ կանոններ՝ երեկոյան ուշ ժամի այն չվառել, վառելիքը (փայտ, քարածուխ) չթողնել վառարանին մոտ և վառվող վառարանը չթողնել առանց հսկողության, լավ խառնել վառվող փայտը, քարածուխը, որպեսզի դրանք հավասարաչափ վառվեն: Առավել արդյունավետ և անվտանգ են հերմետիկ դռնակներով ու հատուկ կառուցվածքի կրակատեղով, ծխնելույզով վառարանները:

Կենտր. ջեռուցման դեպքում ջերմությունը տրվում է ջերմակրին (ջուր, գոլորշի), որը խողովակաշարի համակարգով հասնում է ջեռուցիչ սարքին՝ մարտկոցին: Մարտկոցները տեղադրում են պատուհանների տակ, որոնց մակերեսի միջին ջերմաստիճանը 60-70°C-ից ցածր չպետք է լինի: Ժամանակակից բնակելի կառույցներում Բ. տաքացնում Են տաքացվող պատերով, առաստաղով կամ հատակով (որոնցով անցնում է խողովակաշարի համակարգ): Տաքացված պանելների մակերեսի ջերմաստիճանն ավելի ցածր է ջրատաքացվող սարքերի մակերեսի ջերմաստիճանից: Առաստաղի պանելների համար այն հաստատված է 28-30°C, իսկ պատերի պանելների համար՝ 40-45°C:

Ձայնամեկուսացում: Մարդու օրգանիզմի վրա բացասական ազդեցություն է ունենում աղմուկը՝ փողոցի, բնակելի շենքերում գտնվող ձեռնարկությունների, արտադր. սարքավորումների, ջրմուղ պոմպերի ու շարժիչների, վերելակի, օդափոխիչների, ինչպես նաև երեխաների, ռադիոընդունիչի ևն: Աղմուկն ազդում է լսողության, նյարդային համակարգի վրա: Նույնիսկ ոչ ուժեղ աղմուկի դեպքում հաճախ խանգարվում է քունը: Բնակելի շենքերում չի թույլատրվում տեղադրել տրանսֆորմատորային կայաններ, ճաշարան և սրճարան՝ 100-ից ավելի տեղով, ձկան, բանջարեղենի մասնագիտացված խանութներ և արհեստանոցներ, որոնց աշխատանքն աղմկոտ է:

Բ-ի հիգիենային պահանջները: Նախասենյակը մյուս սենյակները պահպանում է աղմուկից և սառը օդի հոսանքից: Սովոր. նախասենյակը ոչ մեծ երկարության, մի քանի դռներով սենյակ է: Բ. ձևավորելիս անհրաժեշտ է նախ վերականգնել դռների պատճառով խախտված տարածության ամբողջականությունը: Այդ նպատակով պատերը կարելի է փայտապատել մինչև ամենաբարձր դռան մակարդակը կամ բոլոր դռները ներկել նույն գույնով՝ պատի և առաստաղի գույնին ներդաշնակ: Նախասենյակին ավելի հարմար է բաց մոխրագույն կամ բաց դարչնագույն նեղ զոլավոր պաստառ: Այնտեղ պետք է դնել պարզ կառուցվածքով, ամենաանհրաժեշտ կահույք: Կախոցը, որպես կանոն, 1,3-1,4 մ-ից լայն չպետք է լինի և պետք է ունենա 4-6 կեռիկ: Ցանկալի է, որ կախոցն ունենա 1 մ բարձրությամբ հայելի (կարելի է բավարարվել նաև փոքրով), որում երևա մարդու ամբողջ հասակը, իսկ հայելուց աջ կամ ձախ պետք է տեղադրվի լուսատու: Կախոցը տեղադրելիս պետք է կեռիկներն ամրացնել նաև երեխաների հասակի բարձրությամբ: Կոշիկների համար պետք է տեղադրել նեղ, փոքր պահարան՝ 15 սմ խորությամբ: Ժամանակակից կառուցվածքով Բ-ների մեծ մասի նախասենյակներում նախատեսված են տարբեր նշանակության պահարաններ:

Հյուրասենյակը սովորաբար Բ-ի ամենամեծ սենյակն է, որտեղ օրվա վերջին ընտանիքը հավաքվում է հանգստանալու, հեռուստացույց դիտելու: Հյուրասենյակում երբեմն նաև քնում են: Հյուրերին նույնպես ընդունում են այդ սենյակում:

Հարմարավետության համար անհրաժեշտ է հյուրասենյակում կահույքը ճիշտ տեղադրել: Հանգստի անկյունում, որպես կանոն, դրվում է ուղղանկյուն սեղան, բազմոց (բազմոց-մահճակալ) և 2 կամ 3 կիսաբազկաթոռ, հեռուստացույց (որը տեղադրվում է հատուկ սեղանին կամ պատվանդանին այնպես, որ էկրանն ու նստած դիտողի աչքերը լինեն նույն բարձրության՝ 2-3 մ հեռավորությամբ): Հյուրասենյակը հաճախ ծառայում է նաև որպես աշխատասենյակ:

Եթե Բ-ում խոհանոցը շատ փոքր է, ապա ճաշասեղանն ավելի հարմար է տեղադրել հյուրասենյակում: Մեծ մասամբ հյուրասենյակում ճաշում են միայն հյուրեր ունենալիս, իսկ մնացած ժամանակ՝ խոհանոցում: Նման դեպքում հյուրասենյակի կահույքը (73-75 սմ բարձրության սեղան՝ համապատասխան աթոռներով) հարմարեցնում են ճաշելուն: Հյուրասենյակում կարելի է նաև քնելու տեղ հարմարեցնել, իսկ 1 սենյականոց Բ-ի հյուրասենյակում՝ նաև երեխայի համար անկյուն՝ մանկ. սենյակի տիպի (տես ներքևում): Հյուրասենյակի լուսավորման համար սովորաբար նախատեսվում է 3-4 լուսատու: Հյուրասենյակի պատուհանները հաճախ ուղղված են դեպի հվ-արլ. կամ հվ-արմ, հետևաբար ամբողջ օրվա ընթացքում սենյակը շատ լուսավոր կլինի, իսկ տաք եղանակներին ուժեղ կտաքանա: Արևից պաշտպանվելու համար (հատկապես հարավում) կան կախվող վարագույրներ:

Բ-ի հատակը սովորաբար ներկում են մուգ դարչնագույն: Բայց ցանկալի է ներկել բաց դարչնագույն, դեղին: Մանրատախտակը (պարկետը) հաճախ լաքապատում են: Հատակը լաքապատելիս պետք է օդանցքը բաց թողնել, իսկ վերջացնելուց հետո լավ օդափոխել սենյակն ու հագած հագուստը և օճառով լվացվել: Առավել հարմար է հատակը ներկել գարնանը, ամռանը կամ արձակուրդից առաջ, որովհետև