Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտ 1 ամիս օդում մնում են լաքի ցնդող բաղադրամասերը:

Մանկական սենյակ: Սովորաբար երեխաներին հատկացվում է ամենալուսավոր և տաք սենյակը, ցանկալի է Բ-ի արևոտ կողմում: Խորհուրդ չի տրվում մանկ. սենյակն ուժեղ տաքացնել, որովհետև երեխան շարժուն է և օրվա ընթացքում հաճախ է լինում մյուս սենյակներում: Ջերմաստիճանի և խոնավության տատանումները կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ, ուստի անհրաժեշտ է մանկ. սենյակում ստեղծել բնականոն, կայուն միկրոկլիմա (օդի կայուն ջերմաստիճան և խոնավություն): Սենյակը պետք է կանոնավոր օդափոխել, հատկապես՝ ձմռանը: Ցանկալի է կահավորել մանկ. կահույքով՝ խուսափելով ավելորդություններից: Անհրաժեշտ է շարժուն խաղերի համար թողնել ազատ տարածություն, որը կարևոր է հատկապես նախադպրոց. և կրտսեր դպրոց. տարիքի երեխաների համար: Ցանկալի է առանձնացնել աշխատանքային և հանգստի հատվածները: Աշխատանքային հատվածը պետք է պատուհանին մոտ լինի, որպեսզի լավ լուսավորվի: Նախադպրոց. տարիքի երեխայի աշխատանքային հատվածում (խաղի կամ որևէ զբաղմունքի, նկարչության ևն համար) կարելի է տեղադրել ոչ մեծ (ծալովի) սեղանիկ, իսկ խաղալիքների համար՝ դարակներ: Սեղանիկը պետք է լինի ուղղանկյուն, որովհետև պարապելիս երեխաները մշտապես կրծքավանդակը սեղմում են սեղանին, իսկ ներկելիս և ծեփելիս՝ արմունկները կախվում են, որը հոգնեցնում է և խանգարում ունակությունների ճիշտ դրսևորմանը: Փոքր երեխան հաճախ խաղում է հենց հատակին, ուստի խորհուրդ է տրվում աշխատանքային հատվածում փռել ոչ մեծ գորգ, ուղեգորգ կամ կարպետ:

Դպրոց. տարիքի երեխաների համար պետք է ունենալ գրասեղան՝ տեղադրված պատուհանի մոտ այնպես, որ լույսն ընկնի ուղիղ կամ ձախից: Ցանկալի է սեղանին ծածկոց փռել: Պետք է ապահովել երեխայի ճիշտ դիրքը սեղանի շուրջ, քանի որ ոչ ճիշտ դիրքը կարող է կարճատեսության և ողնաշարի ծռումների պատճառ դառնալ: Երեխայի պարապելու համար ցանկալի է ունենալ կախովի գրատախտակ, որի բարձրությունը կարելի է փոխել երեխայի հասակին համապատասխան: Մանկ. սենյակը պետք է լավ լուսավորվի, հետևաբար, ճիշտ է ցերեկային վարագույրներ՝ նույնիսկ շղարշե, չկախել, իսկ սենյակի հարդարումը և կահավորումը (պաստառների, պատերի, հատակի, կահույքի գույնը) բաց երանգներ ունենան: Հատկապես պետք է հետևել պատուհանների ապակիների մաքրությանը, ավելի հաճախ լվանալ, քան մյուս սենյակներինը: Ընդհանուր լուսավորման համար հարմար են առաստաղային լուսամփոփի տիպի լուսատուները, որոնք տեղադրում են խաղի համար նախատեսված տեղում: Երկարավուն սենյակի դեպքում, հավասարաչափ լուսավորման համար տեղադրում են նաև լրացուցիչ լյումինեսցենտային լուսատուներ: Մանկ. սենյակի գիշերային լուսավորման համար անհրաժեշտ է նաև առանձին լուսատու (8-15 Վտ հզորության գիշերալամպ): Շատ կարևոր է երեխայի աշխատատեղի լուսավորումը: Պետք է խուսափել փայլից, որը բացասաբար է անդրադառնում երեխայի տեսողության և նյարդային համակարգի վրա: Փայլը կախված է նաև լուսատուի դիրքից: Փայլելիս տառերը պարզ չեն երևում, և աչքերը հոգնում են: Աշխատատեղը լուսավորելու համար պետք է ընտրել սեղանի մակերեսին համապատասխան լուսատու: Եթե երեխան փոքր է, շատ հարմար է կախովի լուսատուն, որովհետև կարելի է և՛ կարգավորել բարձրությունը, և՛ շարժել հորիզոն. հարթությամբ: Գերադասելի է, որ լուսամփոփն արտաքինից լինի սպիտակ կամ կանաչավուն, իսկ ներսից՝ սպիտակ: Լուսային կենտրոնը պետք է տեղադրել երեխայից մի փոքր (գլխից մինչև 40 սմ) առաջ և ձախ, իսկ սեղանի մակերեսից՝ մինչև 50 սմ վերև, ընդ որում՝ լամպը լուսամփոփի տակից չպետք է երևա: Իսկ եթե երեխան արդեն մեծ է, կարելի է գործածել սեղանի լամպ, որի լուսային կենտրոնը սեղանի մակերեսից պետք է 30 սմ բարձր լինի, իսկ շիկացման լամպի հզորությունը՝ 60 Վտ:

Ննջարան: Տարբերում են միայն քնելու, մանկ. և աշխատատեղով ննջարաններ: Բ-ում ննջարանը պետք է լինի ոչ միջանցիկ և ամենախաղաղը: Ցանկալի է այնպես կահավորել, որ ցերեկն այն օգտագործվի որպես աշխատասենյակ: Ժամանակակից շատ Բ-ներում պահարանների տեղադրման համար նախատեսվում են որմնախորշեր: Ննջարանը լուսավորելու նպատակով, բացի ընդհանուր լուսատուից, օգտագործում են նաև պատի լուսատու՝ 40 Վտ հզորության լամպով, իսկ աշխատասեղանի համար՝ սեղանի լամպ:

Խոհանոցը պետք է մեկուսացված լինի մյուս սենյակներից: Սնունդ պատրաստելու հիգիենային պահանջները բավարարելու համար խոհանոցի լրակազմում պետք է լինեն կերակուր պատրաստելու և խոհանոցի ամանեղենի համար աշխատանքային սեղան-պահարան, չոր մթերքի և ճաշի ափսեների համար պատի պահարաններ, ինչպես նաև էլեկտր. սալօջախ կամ գազօջախ, սառնարան, ամանեղենի և մթերքի լվացակոնք: Վերջինիս տակի պահարանի մեջ դրվում են մթերքի մնացորդների համար դույլ, խոզանակներ, ավել, ջնջոց և այլ պիտույքներ: Խոհանոցի համար կարևոր է բնականոն օդափոխությունը. 1 մ3 գազի այրումից գոյանում է 800 գ ջուր: Անբավարար օդափոխության դեպքում խոհանոցում բարձրանում է օդի և՛ ջերմաստիճանը, և՛ խոնավությունը: Բ-ի անհարմար նախագծման դեպքում վատանում է նաև մյուս սենյակների միկրոկլիման: Գազի ոչ լրիվ այրումից առաջացած ածխածնի օքսիդից, ծխից խոհանոցի օդը մաքրելու համար նպատակահարմար է գազօջախի վերևում տեղադրել խոհանոցային օդափոխիչ, որում կա հոտերի և աերոզոլերի հավաքման զտիչ, վտանգավոր խառնուրդներից օդը մաքրող ակտիվացրած ածուխ և օդը մանրէազերծող անդրամանուշակագույն լամպ: Հիգիենայի տեսակետից առավել նպատակային են էլեկտր. սալօջախները:

Խոհանոցի կահույքը կարելի է տեղադրել տարբեր սխեմաներով, բայց ցանկացած դեպքում հիմն. սարքավորումներն են էլեկտր. սալօջախը, աշխատասեղանը և լվացարանը, որոնց շուրջը, տակը և վրան տեղադրվում են մթերքի, ամանեղենի, խոհանոցային և այլ իրերի համար օժանդակ պահարաններ:

Խոհանոցի հատակի համար ամենահարմարը (դիմացկուն է, հարթ և «տաք») պլաստիկն է: Ցանկալի չէ այն պատել հախճապակիով կամ ցեմենտել, որոնք, չնայած լավ են լվացվում, բայց սառն են և ոչ հիգիենային: Խոհանոցի պատերի երեսպատվածքը պետք է ջրակայուն լինի, որպեսզի մաքրվի խոնավ ջնջոցով կամ սպունգով: Այդ առումով առավել հարմար է բաց երանգի յուղաներկը: Կարելի է նաև պաստառապատել (լվացվողով):

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել խոհանոցի աշխատատեղի արհեստ. լուսավորությանը: Կարևոր է, որ լույսն ընկնի ձախից կամ վերևից: Ընդհանուր լուսավորության համար առաստաղի լուսատուի լամպի հզորությունը պետք է լինի 100 Վտ:

Սանհանգույցը (լոգարան, լվացարան և զուգարան) յուրաքանչյուր Բ-ի անբաժան մասն է: Լողասենյակի կահավորանքներից են լոգարանը, լվացակոնքը, տաք և սառը ջրի ծորակները, սրբիչների չորացուցիչը և լուսատուն: Տաք ջրի մատակարարման