Բանն այն է, որ ալերգենի հատկություններով են օժտված մանրէների կենսագործունեության քայքայման արգասիքները, ինչպես նաև բորբոքման ժամանակ առաջացող նյութերը:
Ոչ վարակիչ Բ.հ. առաջանում է կենդ. և բուս. ծագման ալերգեններից: Կենդ. ծագման ալերգեններից են բուրդը, փետուրը, ձիու մազը, ձկան թեփուկները ևն: Երբեմն օրգանիզմի զգայնությունը բարձրանում է նաև որոշ միջատների (տիզ, փայտոջիլ, խավարասեր, թիթեռներ ևն) նկատմամբ: Բուս. ծագման ալերգեններից կարևոր է բույսերի ծաղկափոշին (տես Պոլինոզ):
Բուս. ալերգենների ազդեցությունից Բ.հ-ի նոպաներ առաջանում են ապրիլ-հուլիս ամիսներին՝ բույսերի ծաղկման շրջանում: Բ.հ-ի պատճառ կարող են լինել նաև սենյակի փոշին, ակվարիումի ձկների չոր կերը, որոշակի սննդամթերքներ (ձու, խեցգետին, շոկոլադ, սունկ, ելակ, նարինջ ևն), որոշ դեղանյութեր ևն:
Բ.հ-ի նոպայի առաջացման համար կարևոր են նյարդային և ներզատիչ համակարգերի անհատ. առանձնահատկությունները: Հայտնի են դեպքեր, երբ վարդի հոտի նկատմամբ զգայուն հիվանդի շնչարգելության նոպան սկսվել է արհեստ. վարդի տեսքից: Նոպայի պատճառ կարող են լինել նաև բացասական հուզումները:
Բ.հ-ի առաջացման և ընթացքի վրա ազդում են նաև կլիմայական գործոնները: Հիվանդությունը հաճախ սրվում է գարնանը և աշնանը, հիվանդների ինքնազգացողությունը վատանում է հիմնականում քամու, ջերմաստիճանի և մթն. ճնշման կտրուկ փոփոխություններից, օդի բարձր խոնավությունից: Բացի այդ, վերջինս նպաստում է քրոնիկ, բրոնխային և թոքային վարակների սրացմանը, որն իր հերթին ծանրացնում է Բ.հ-ի ընթացքը:
Հիվանդությունը հիմնականում արտահայտվում է շնչարգելության նոպայով: Որպես կանոն՝ այն սկսվում է հանկարծակի, հաճախ՝ գիշերը: Հիվանդն զգում է օդի անբավարարություն, դժվարանում է շնչառությունը, արտաշնչումն ուղեկցվում է ուժեղ սուլող խզզոցներով: Այնուհետև կարող է հազ սկսվել: Շնչառության հեշտացման համար հիվանդն ընդունում է հարկադր. դիրք, կանգնում կամ նստում է՝ ձեռքերով հենվելով մահճակալի, աթոռի եզրերին՝ լարելով կրծքի մկանները: Նոպայի վերջում (մի քանի ր-ից մի քանի ժ, երբեմն՝ օրեր) շնչառությունը կարգավորվում է, լինում է խորխարտադրություն: Երկարատև կամ հաճախակի (օրվա ընթացքում՝ կարճ ընդմիջումներով) նոպաներն անվանում են հեղձուկային վիճակ: Ոչ հաճախակի նոպաները թոքերում փոփոխություններ չեն առաջացնում: Հիվանդության առաջացմանը և նոպաների արագացմանը զուգընթաց կարող են ի հայտ գալ թոքափքանք, սրտի գործունեության խանգարում: Շնչարգելություն կարող է առաջանալ ոչ միայն Բ.հ-ի, այլև առանձին հիվանդությունների հետևանքով, ուստի հիվանդին զննելիս բժիշկը հիմնականում պարզում է շնչարգելության բնույթը և առաջացման պատճառները:
Բ.ի-ի բուժման և կանխարգելման նպատակով օգտագործում են տարբեր դեղանյութեր՝ հաբերի, աերոզոլերի ձևով, ներարկման միջոցով ևն:
Բուժումը նշանակում է բժիշկը, իսկ դրանց ընտրությունը խիստ անհատական է: Կան նաև Բ.հ. մեղմացնող միջոցներ՝ բժշկ. բաժակներ, մանանեխի ծեփուկներ, ձեռքերի և ոտքերի տաք լոգանքներ: Հակահեղձուկային միջոցներով ինքնաբուժումը (առանց բժշկի հսկողության) կարող է ոչ միայն անարդյունավետ լինել, այլև բարդացնել վիճակը: Բ.հ. բուժելիս խնդիրը ոչ միայն նոպան վերացնելն է, այլև, հնարավորության սահմաններում, հիվանդության պատճառի, նոպա առաջացնող գործոնների հայտնաբերումը: Ալերգենի ոչ վարակիչ բնույթը պարզելուց հետո պետք է վերացնել շփումը դրա հետ (ընդհուպ մինչև աշխատանքը և բնակավայրը փոխելը): Իսկ Եթե դա անհնար է, հատուկ մեթոդով նվազեցնում են օրգանիզմի զգայնությունը տվյալ ալերգենի նկատմամբ: Բրոնխներից խորխի հեռացմանը նպաստում են մաքուր օդը, փշատերև անտառներում զբոսանքը, տաք հիմնային հանքային ջրերը: Հիվանդներից շատերին ցուցված է բուժ. մարմնամարզությունը (սրտի ուժեղ ախտահարման, հեղձուկային վիճակի բացակայության դեպքերում), այն լավացնում է թոքերի օդափոխությունը, վերացնելով բրոնխների խցանումը՝ բարձրացնում է արտաշնչման արդյունավետությունը: Շատ կարևոր է շնչառ. մկանների և հատկապես ստոծանու մարզումը (Բ.հ-ով հիվանդի համար նախընտրելի է փորային տիպի շնչառությունը): Բժշկի խորհրդով անհրաժեշտ է մշտապես զբաղվել բուժ. մարմնամարզությամբ: Կարևոր է սովորել քթով շնչել և արտաշնչել, ինչպես նաև արտաշնչելիս որովայնը ձգել: Պարապմունքները պետք է անցկացնել լավ օդափոխված սենյակում, իսկ տաք ժամանակ՝ դրսում: Միջնոպային շրջանում խորհուրդ է տրվում զբաղվել սպորտով (զբոսաշրջություն, թիավարություն, դահուկային սպորտ, թենիս ևն)՝ առանց ծանրաբեռնվելու: Շատ օգտակար է առողջարանային բուժումը, որի արդյունավետությունը կախված է կլիմայական գործոնների նկատմամբ հիվանդի ընկալումից:
Գերադասելի է մեղմ, խաղաղ կլիմայով և օդի ցածր խոնավությամբ առողջարանը:
Կանխարգելումը. շրջակա միջավայրի առողջացում, անհատ. միջոցներով վարակիչ շնչառ. հիվանդությունների կանխում, ալերգիա առաջացնող այլ անբարենպաստ գործոնների վերացում:
ԲՐՈՆԽՆԵՐ, տես Շնչառական համակարգ:
ԲՐՈՒՑԵԼՈԶ, վարակիչ հիվանդություն, մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից: Բնորոշ են երկարատև ընթացքը, նյարդային, սիրտանոթային, ինչպես նաև ոսկրահոդային համակարգերի ախտահարումները:
Բ-ի հարուցիչները բրուցելներն են՝ բակտերիաներ, որոնք դիմացկուն են ցածր ջերմության և ցրտահարության նկատմամբ, ջրում պահպանվում են մինչև 5, հողում՝ 3 և ավելի ամիս, կովի կաթում՝ մինչև 45, աղի պանրում՝ 60 օր, կարագում, սերուցքում, մածնում, թարմ պանրում՝ մինչև դրանց սննդային արժեքը կորցնելը, սառեցրած մսի (խոզի) մեջ՝ 5, աղով մշակված կաշվի մեջ՝ 2, բրդի մեջ՝ 3-4 ամիս: Կաթը եռացնելիս և պաստերացնելիս բրուցելները ոչնչանում են: Վարակազերծող միջոցներով բակտերիաները ոչնչանում են մի քանի ր-ում:
Ավելի հաճախ Բ-ով հիվանդանում են ընտանի կենդանիները (այծերը, ոչխարները, կովերը, խոզերը), որի հետևանքով նկատվում են վիժումներ, պտուղը մեռած է ծնվում: Բրուցելները շրջակա միջավայր են ընկնում հիվանդ կենդանիների կաթի, մեզի միջոցով: Բ-ի հարուցիչները պահպանվում են նաև հիվանդ կենդանիների մսում: Մարդը վարակվում է հիվանդ կենդանու թարմ կաթ և կաթնամթերք (պանիր, կարագ, կաթնաշոռ), ինչպես նաև անբավարար եփած ու տապակած միս օգտագործելիս: Կարող են վարակվել նաև կաշվի ու մորթու մշակման արտադրություններում, ինչպես նաև հիվանդ կենդանու և դրանց արտաթորանքով աղտոտված իրերի հետ շփվելիս:
Բ-ի հարուցիչները կարող են թափանցել մարդու օրգանիզմ վերին շնչուղիներով՝ փոշու հատիկների հետ կամ վնասված մաշկի միջոցով: Հաճախ հիվանդանում են կթվորուհիները, հորթապահները, հովիվները, անասնաբուժ. աշխատողները: Գաղտնի շրջանը սովորաբար 1-3 շաբաթ