Կրծքի շրջանում ի հայտ են գալիս ցավեր, որոնք ուժեղանում են խորը շնչելիս, հազալիս, իսկ ֆիզ. ծանրաբեռնվածության, արագ քայլելու, վերելքի, այնուհետև նաև հանգիստ ժամանակ առաջանում է հևոց: Համառ հևոցը նոպայաձև ուժեղանում է քրոնիկ. Բ-ի հեղձուկային ձևի ժամանակ, որին բնորոշ է դժվար արտաշնչումը: Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37,5-38° C, հիվանդության մեղմացման շրջանում նշված երևույթներն ամբողջությամբ անհետանում կամ թույլ են արտահայտվում: Սրացումները հաճախ լինում են ցուրտ եղանակներին և ուղեկցվում են այլ հիվանդություններով:
Սուր Բ. բուժելիս անհրաժեշտ է խստորեն հետևել բժշկի խորհուրդներին և նշանակումներին: Դեղանյութի ընտրությունը կախված է հիվանդության ձևից և փուլից: Անկողնային ռեժիմը, լիարժեք սնունդը, առատ, տաք ըմպելիքը (ազնվամորու մուրաբայով, լորենու ծաղիկներով թեյը, սոդայով կամ հանքային ջրով կաթը), խաշած կարտոֆիլի գոլորշու շնչումը, մանանեխի լոգանքները (ոտքերի) սովորաբար թեթևացնում են հիվանդի վիճակը: Ուժեղ սրացման դեպքում բուժումը հիվանդանոցային է:
Բացի դեղանյութերից, կարևոր է նաև հիվանդի խնամքը: Սրացման շրջանում նախ պետք է ստեղծել հիգիենային նպաստավոր պայմաններ: Հիվանդի սենյակը պետք է չոր և տաք լինի, լավ օդափոխվի: Ձմռանը սենյակն օդափոխելիս պետք է հիվանդին լավ ծածկել վերմակով և մեջքով շրջել դեպի պատուհանը, որպեսզի սառը օդի ազդեցությունից հազն ու հևոցը չուժեղանան: Հարկավոր է խուսափել մարմնի գերտաքացումից և գերսառեցումից: Օդի չափից ավելի չորացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում ջերմության աղբյուրի դիմաց մեծ ամանով ջուր դնել, իսկ ջեռուցման մարտկոցը ծածկել թաց շորով: Սենյակում կողմնակի հոտերը կարող են ուժեղացնել հազը և հևոցը: Այդ դեպքում հարկավոր է հիվանդին նստեցնել այնպես, որ կարողանա ձեռքերով հենվել մահճակալին կամ աթոռին: Վարակազերծման նպատակով խորխը պետք է հավաքել հատուկ թքամանում, որի ծավալի 1/3-ը նախապես լցվի 5 %-անոց քլորամինի լուծույթով: Բորբոքային գործընթացի սրացման, առատ խորխարտադրության ժամանակ օրգանիզմը շատ սպիտակուցներ է կորցնում, ուստի հիվանդը պետք է ստանա բավարար քանակությամբ վիտամիններ, ինչպես նաև կենդ. ծագման սպիտակուցներ պարունակող սնունդ: Հակացուցված են կծու, թթու կերակուրները: Մշակված է բուժ. մարմնամարզության հատուկ համալիր, որի նպատակը շնչառ. բոլոր մկանների մասնակցությամբ ճիշտ և խորը շնչառությունն է: Հատուկ ուշադրություն է դարձվում արտաշնչման մարզումներին, որն անցկացնում է բուժ. ֆիզկուլտուրայի մեթոդիստը: Սրացումներից դուրս քրոնիկ. Բ-ի ժամանակ խորհուրդ է տրվում առողջավայրաառողջարանային բուժում: Խոշոր քաղաքների բնակիչներին օգտակար է հանգիստը, զբոսանքը՝ քադաքամերձ այգիներում, պուրակներում:
Կանխարգելումը. օրգանիզմի կոփում: Մաքուր օդը, ջրային արարողությունները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը: Կոփումն սկսում են օդային լոգանքներից, հարմարվելուց հետո անցնում շփումների՝ սկզբում թաց քամած, ապա չքամած սրբիչով: Այնուհետև օգտակար է ջրցողումը՝ 30-32° C ջերմաստիճանի ջրով, որը 23 օրը մեկ 1° C-ով իջեցնելով՝ պետք է հասցնել մինչև ծորակի ջրի ջերմաստիճանի: Բարերար ազդեցություն է ունենում մաքուր օդում չափավոր մարզվելը (թենիս, թիավարություն, լող, դահուկային սպորտ):
Կանխարգելման համար էական նշանակություն ունի քթաբորբի (տես Հարբուխ), նշագեղձերի բորբոքման, քթի հավելյալ ծոցերի բորբոքումների ժամանակին և ճիշտ բուժումը, պայքարը փոշու, աղտոտված օդի դեմ:
ԲՐՈՆԽԱԼԱՅՆԱՆՔ, շնչառության օրգանների հիվանդություն, բնորոշվում է բրոնխների լայնացումով և ձևափոխումով, որոնցում, որպես կանոն, ընթանում է քրոնիկ. թարախային գործընթաց: Բ. լինում է բնածին և ձեռքբերովի: Բնածին Բ. հազվադեպ է հանդիպում, ձեռքբերովին թոքաբորբի, մանկ. վարակիչ (կապույտ հազ, կարմրուկ) և թոքային այլ հիվանդությունների հետևանք է:
Բ-ի ժամանակ բրոնխներում խորխի կուտակումը նպաստում է բրոնխների պատերի և այն շրջապատով թոքահյուսվածքների բորբոքմանը: Հիվանդությանը բնորոշ է քրոնիկ., աստիճանաբար սաստկացող ընթացքը:
Բնածին ոչ մեծ Բ., առանց բորբոքային փոփոխությունների կարող է տևել երկար՝ առանց կլինիկ. դրսևորումների: Չափերով և թվով զգալի մեծ Բ-ների և գլխավորապես դրանցում թարախային բորբոքման առկայության դեպքում նկատվում է ջերմության պարբերական բարձրացում, դող, շարունակվող հազ՝ առատ խորխարտադրությամբ (երբեմն 1 լ՝ օրվա ընթացքում), հատկապես առավոտյան, հաճախ՝ թարախային և գարշահոտ: Հնարավոր է թոքային արյունահոսություն, չբուժվելու դեպքերում առաջանում են սիրտանոթային համակարգի և երիկամների բարդություններ: Հիվանդի աշխատունակությունը ցածր է, հիվանդության սրացման դեպքում բուժումը հիվանդանոցային է: Բորբոքային գործընթացի մեղմացման շրջանում բժշկի հսկողությամբ խորխը հեռացվում է բրոնխներից: Խորհուրդ է տրվում առողջարանային, ֆիզիոթերապևտիկ. բուժում: Անհրաժեշտության դեպքում՝ վիրահատություն:
Բ. կանխարգելու համար անհրաժեշտ է ժամանակին բուժել շնչառության օրգանների սուր և քրոնիկ. բորբոքային հիվանդությունները: Որքան բարձր է օրգանիզմի դիմադրողականությունը վարակի նկատմամբ, այնքան փոքր է բրոնխներում բորբոքային գործընթացի սրացման հավանականությունը: Դրան նպաստում են աշխատանքի հիգիենայի պահպանումը, շնչառ. մարմնամարզությունը, օրգանիզմի կոփումը, կենդ. սպիտակուցներով և վիտամիններով հարուստ լիարժեք սնունդը, բորբոքային օջախի ապաքինումը: Հիվանդը պետք է հնարավորության սահմաններում խուսափի փոշոտ, ցածր ջերմաստիճանի, թունավոր քիմ. նյութերի ազդեցության պայմաններում աշխատելուց:
ԲՐՈՆԽԱՅԻՆ ՀԵՂՁՈՒԿ, շնչառության օրգանների քրոնիկ. հիվանդություն, բնորոշվում է շնչարգելության նոպաներով:
Բ.հ. ալերգ. հիվանդություն է (տես Ալերգիա), առաջանում է ալերգենների՝ որոշ քիմ. նյութերի կամ ֆիզ. գործոնների նկատմամբ օրգանիզմի բարձրացած զգայնությունից, որը կարող է լինել օրգանիզմի ժառանգ. մարմնակազմվածքային առանձնահատկության դրսևորում կամ առաջանալ ալերգենի հետ երկարատև շփումից, մի շարք անբարենպաստ գործոնների (մրսածություն, գերհոգնածություն, քրոնիկ. բորբոքային հիվանդություններ ևն) միաժամանակյա ազդեցությունից:
Տարբերում են վարակիչ ալերգ. և ոչ վարակիչ ալերգ. (ատոպիկ) Բ.հ.:
Վարակիչ ալերգ. Բ.հ-ի առաջացմանը նպաստում են բակտերիաները, վիրուսները և այլ մանրէներ, որոնք, օրգանիզմի հետ փոխազդելով, առաջացնում են ալերգ. կազմափոխություններ: Ամենից հաճախ այն առաջանում է շնչառ. օրգանների (տես Բրոնխաբորբ, Բրոնխալայնանք, Թոքաբորբ) կամ քթի հավելյալ ծոցերի (հայմորյան, ճակատային) քրոնիկ. հիվանդությունների ֆոնի վրա, երբ օրգանիզմում երկարատև առկա է վարակի օջախը: