Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գ-ով հիվանդի համար կարևոր նշանակություն ունի ճիշտ սնունդը: Այն պետք է ընդունել օրը 4-5 անգամ՝ նույն ժամին: Ընթրել քնից 2 ժ առաջ: Օրաբաժնից բացառել ապուխտները, թթուները, սուր համեմունքները: Սնունդն ավելի լավ է պատրաստել բուս. յուղով, միսն ու ձուկն (անյուղ) ուտել խաշած: Շատ օգտակար են կաթը, մածունը, կեֆիրը, կաթնաշոռը, ինչպես նաև բանջարեղենը, մրգերն ու հատապտուղները: Նախընտրելի է բուս. ապուրները պատրաստել շաբաթական 2-3 անգամ, մսի կամ սնկի արգանակով:

Օգտագործվող հեղուկի (ջուր, թեյ, ապուրներ) քանակը չպետք է գերազանցի օրական 5-6 բաժակից, խորհուրդ չի տրվում խմել միանգամից 1 բաժակից ավելի: Արգելվում են թունդ թեյն ու սուրճը: Հակացուցված է ծխելը, սպիրտային խմիչքներ օգտագործելը: Հարկավոր է հետևել աղիքների գործունեությանը, փորկապության հակումների դեպքում օգտագործել թույլ լուծողականներ:

Դեղորայքային բուժումը նշանակում է միայն բժիշկը: Սուր նոպան պահանջում է անհետաձգելի բուժօգնություն: Եթե հիվանդի մոտ նախկինում ախտորոշվել է Գ., ուրեմն մինչև բժշկի գալը հարկավոր է ստացած հանձնարարություններին համապատասխան 1-ին 1 ժամում 15-20 ր մեկ, այնուհետև ժամը մեկ, աչքը կաթեցնել պիլոկարպինի լուծույթ, միևնույն ժամանակ ընդունել աղային լուծողական (կես բաժակ ջրին՝ 1 ճաշի գդալ ծծմբաթթվական մագնեզիում), ոտքերի տաք լոգանք (20-30 ր), ապա պառկել անկողնում, ոտքերին ջեռակ դնել, ծոծրակին ու վզին՝ մանանեխի ծեփուկներ: Ուժեղ ցավերի ժամանակ ընդունել 0,5 գ ամիդոպիրին կամ անալգին:

Եթե դեղորայքային բուժման ազդեցությամբ (համապատասխան ռեժիմը պահպանելու դեպքում) ներակնային ճնշումը չի իջնում կամ անբավարար է իջնում, դիմում են վիրահատ. միջամտության: Վիրահատության օգնությամբ պակասեցնում են ներակնային հեղուկի արտադրությունը՝ թեթևացնելով դրա հետհոսքն աչքից, ստեղծում ներակնային ճնշման քիչ թե շատ կայուն իջեցում:

Կանխարգելումը. 40-ից բարձր տարիքի յուրաքանչյուր մարդ պետք է տարին գոնե 1 անգամ դիմի բժշկի, որպեսզի ստուգի աչքի վիճակը, եթե նույնիսկ հիվանդության ախտանշանները բացակայում են:

40-ից բարձր տարիքի բոլոր հիվանդների մոտ, որոնք տարբեր առիթներով դիմում են ակնաբույժի, հարկավոր է պարզել, չկա՞ն արդյոք ներակնային ճնշման բարձրացման ախտանշաններ: Այդ նպատակով, օրինակ, խոշոր արդ. ձեռնարկություններում անցկացվում են տարեց բանվորների և ծառայողների զանգվածային բժշկ. զննումներ: Կանխարգելիչ հետազոտությունները թույլ են տալիս հայտնաբերել ոչ միայն Գ-ի վաղ ձևերով հիվանդներին, այլև այդ հիվանդության հանդեպ նախատրամադրվածություն ունեցող անձանց: Նման դեպքերում հիվանդության առաջացումը հաջողվում է կանխել ճիշտ ռեժիմի և համապատասխան բուժման շնորհիվ:

ԳԼԽԱՊՏՈՒՅՏ, շրջապատող առարկաների կամ սեփական մարմնի թվացող պտտման և հավասարակշռության խախտման զգացողություն: Հիվանդին թվում է, թե առարկաները պտտվում են իր շուրջը, պատերը և առաստաղը թափվում են, կամ ունենում է «ընկնելու» զգացողություն, քայլելիս երերում է, հավասարակշռությունը դժվար է պահպանում: Գ. հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, գունատությամբ, անոթազարկի դանդաղումով: Գ-ի պատճառ են մարմնի հավասարակշռության՝ հատկապես ներքին ականջում տեղակայված անդաստակային ապարատի (տես Ականջ) կարգավորմանը մասնակցող նյարդային համակարգի բաժինների գործունեության խանգարումները: Գ. կարող է առաջանալ նույնիսկ առողջ մարդկանց մոտ՝ այդ ապարատի ուժեղ գրգռման դեպքում (մարմնի դիրքի կտրուկ փոփոխության, ծովաճոճումների ժամանակ, մեծ բարձրությունների վրա աշխատելիս): Սակայն հաճախ Գ. են ունենում գերզգայուն անդաստակային ապարատ ունեցող մարդիկ, որոնք մանկուց վատ են տանում տատանումները (կարուսել, ճոճանակ, տրանսպորտով երթևեկում): Գ-ի պատճառ կարող են լինել հիպերտոնիկ հիվանդությունը, գլխուղեղի անոթների աթերոսկլերոզը, միջին ականջի հիվանդությունը (տես Ականջաբորբ), գլխի վնասվածքները (տես Գանգագլխուղեղային վնասվածք), ինչպես նաև ալկոհոլով (տես Ալկոհոլային հարբեցում), նիկոտինով, շմոլ գազով և այլ թունավորումները: Բժիշկը պետք է բացահայտի Գ-ի պատճառը և բուժում նշանակի: Ուժեղ Գ-ի ժամանակ անհրաժեշտ է պառկել և բժիշկ կանչել:

ԳԼԽԱՑԱՎ, տարբեր հիվանդությունների ժամանակ ավելի հաճախակի հանդիպող ախտանշան: Առաջանում է գլխի անոթների կամ գլխուղեղի թաղանթների նյարդային վերջույթների գրգռման հետևանքով (տես Կենտրոնական նյարդային համակարգ, Գլխուղեղ): Առաջացման պատճառից կախված՝ Գ. ունի իր առանձնահատկությունները: Անոթային հիվանդությունների ժամանակ այն հաճախ լինում է բաբախող, սաստկանում է գերհոգնածությունից, ալկոհոլ օգտագործելուց, ծխելուց, ուժեղ գրգռիչների (աղմուկ, հոտեր, ուժեղ լույս) ազդեցությունից: Հիպերտոնիկ հիվանդությամբ տառապողներին հաճախ քնից հետո անհանգստացնում են գլխում ծանրության զգացումը և ծոծրակում ճնշող ցավը: Օդափոխված սենյակում քունը և առավոտյան թեթև մարմնամարզությունը, որպես կանոն, մեղմացնում են Գ.: Նոպայաձև, գլխի մի կեսի ցավը լինում է անգարի ժամանակ: Ճնշող Գ. կարող է առաջանալ գլխի մկանների լարվածության, ողնաշարի պարանոցային հատվածի հիվանդությունների (օստեոխոնդրոզ), պարանոցի մկանների գերլարվածության դեպքերում, աշխատանքի ժամանակ գլխի ոչ ճիշտ դիրքից: Գ-ի պատճառ կարող է լինել նաև տեսողության գերլարումը, օրինակ՝ վատ լուսավորության, տեսողության խանգարման (երբ ակնոց չեն կրում) կամ աչքի հիվանդությունների, օրինակ՝ գլաուկոմայի ժամանակ: Դեմքի, ծոծրակի շանթող, կտրատող, այրող ցավեր առաջանում են եռվորյակ և ծոծրակային նյարդերի նյարդացավերի ժամանակ: Փսխումով, գիտակցության մթագնումով և բարձր ջերմությամբ ուղեկցվող ուժեղ Գ. լինում է գլխուղեղի բորբոքման և ուղեղապատյանաբորբի դեպքերում: Հաճախ համառ Գ. կապված է քթի հավելյալ ծոցերի հիվանդությունների (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր) հետ: Գ. կարող է լինել գանգագլխուղեղային վնասվածքի հետևանք, իսկ հաճախ այն ուղեկցվում է վարակիչ հիվանդություններով, թունավորումներով, նյարդային խանգարումներով, ներքին օրգանների հիվանդություններով: Համառ Գ-ի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, պարզել պատճառը: Ինքնուրույն, երկարատև ցավամոքիչ միջոցների օգտագործումը կարող է չվերացնել Գ-ի պատճառը և ունենալ բացասական հետևանք: Ժամանակին հիմն. հիվանդության բուժումը, որպես կանոն, վերացնում կամ մեղմում է Գ.:

ԳԼԽԻ ԹԵՓՈՏՈՒՄ, առատ թեփուկներ, որոնք առաջանում են գլխի մաշկի մազածածկ մասերում: Սովոր. թեփոտման ժամանակ մանր թեփուկները տարածվում են գլխի մազածածկ մասի ամբողջ մակերեսով կամ առավելապես լինում են ճակատային և քունքային հատվածներում, երբեմն՝ առանձին օջախներով: Ճարպազատում