Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կորիզները, իսկ 2 ստորին բլուրներում՝ լսող. կենտրոնի առաջային կորիզները: Միջին ուղեղի տեսող. և լսող. առաջային կենտրոնները ոչ միայն Գ-ի մեծ կիսագնդերի կեղևում տեղադրված տեսողության և լսողության բարձրագույն կենտրոնների ինֆորմացիայի հաղորդման կետ են, այլև մասնակցում են հանկարծակի ձայնային կամ լուսային գրգիռների հանդեպ ոչ կամային ինքնաբեր շարժող. հակազդեցության (այսպես կոչված՝ «ստարտ-ռեֆլեքսներ») կազմակերպմանը: Քառաբլուրների և Գ-ի ոտիկների միջև տեղադրված է միջին ուղեղի նյութի միջանկյալ թիթեղը, որում գտնվում են ցանցանման գոյացության թելքերն ու կորիզները, ակնաշարժ նյարդի շարժող. և վեգետատիվ կորիզները, ինչպես նաև զգացողության վերել հաղորդիչ ուղիները: Անմիջապես Գ-ի ոտիկների վրա տեղադրված են սև սուբստանցիան և կարմիր կորիզը, որոնք մասնակցում են շարժող. ավտոմատիզմի մշակմանը (տես ստորև՝ Ֆիզիոլոգիա բաժնում): Միջին ուղեղի ցանցանման գոյացությունը լայն կապեր ունի Գ-ի կիսագնդերի խորը բաժինների հետ և կատարում է մի շարք կարևոր ֆունկցիաներ, մասնավորապես մասնակցում է քնի և արթնության կարգավորմանը:

Գ-ի ցողունից հետո տեղադրված է ուղեղիկը, որը համարյա ամբողջությամբ ծածկում է երկարավուն ուղեղը և Գ-ի կամուրջը: Ուղեղիկը Գ-ի ցողունի հետ կապված է 3 զույգ ոտիկներով՝ վերիններով՝ միջին ուղեղի, միջիններով՝ Գ-ի կամրջի, ստորիններով՝ երկարավուն ուղեղի հետ: Ուղեղիկի ոտիկները իրականում հաղորդիչ ուղիներ են, որոնք ինֆորմացիան Գ-ի և ողնուղեղի հիմն. բաժիններից փոխադրում են ուղեղիկ և ընդհակառակը՝ ազդանշանները ուղեղիկից հաղորդում են կմախքային մկանները նյարդավորող շարժիչ բջիջներին: Ուղեղիկը կարգավորում է շարժումների համաձայնեցումը: Կազմված է որդից, 2 կողմնային կիսագնդերից: Որդի և կիսագնդերի նյութում կան գորշ նյութի կորիզներ: Ուղեղիկի ողջ մակերևույթը ծածկված է գորշ նյութի կեղևային շերտով, որը կատարում է առավել բարդ դեր. ապահովում է տարածության մեջ մարմնի ու նրա մասերի դիրքի վերաբերյալ բազմաբնույթ ինֆորմացիայի վերծանումը և հանգստի ու շարժումների ժամանակ մարմնի հավասարակշռությունն ապահովող լավագույն որոշումը:

Առջևում միջին ուղեղը վերածվում է միջանկյալ ուղեղի կամ Գ-ի դիէնցեֆալ բաժնի, որը միջին տեղ է զբաղեցնում Գ-ի 2 մեծ կիսագնդերի միջև: Միջանկյալ ուղեղը կազմված է 2 համաչափ կեսերից, որոնք իրարից բաժանված են ճեղքանման 3-րդ փորոքով, որտեղ տարբերում են գորշ նյութի կորիզների 4 մեծ խումբ. տեսաթումբ, մակտեսաթումբ, հետտեսաթումբ և ենթատեսաթումբ: Այդ կորիզային գոյացություններն ունեն տարբեր ֆունկցիաներ: Տեսաթումբը Գ-ում գորշ նյութի ամենամեծ կուտակումն է, որտեղ կենտրոնացված են զգացողության, մասամբ նաև տեսողության ու լսողության, համի ու հոտառության բոլոր հաղորդիչ ուղիներից եկող ինֆորմացիան ընդունող նյարդային բջիջները: Տեսաթմբում այդ ազդակները մշակվում և համակարգվում են, այնուհետև փոխանցվում Գ-ի մեծ կիսագնդերի կեղևին: Ենթատեսաթմբային շրջանում միջին գծով տեղադրված է Գ-ի վերին կենտ մակուղեղը՝ կոնաձև մարմինը կամ էպիֆիզը (տես Ներզատիչ համակարգ): Հետտեսաթմբային շրջանը կազմված է ներքին և արտաքին ծնկաձև մարմիններից, որոնք նյարդաթելերի խրձերով միացած են քառաբլուրների վերին և ստորին բլրակների հետ և տեսողության ու լսողության ենթակեղևային կենտրոններն են:

Ենթատեսաթումբը (հիպոթալամուս) տեղադրված է տեսաթմբից ցած: Ստորին մասում այն ունի կոնաձև նեղացում՝ ձագար, որից սկսվում է Գ-ի ստորին հավելումը՝ հիպոֆիզը: Ենթատեսաթմբում տեղադրված են մարմնի ջերմաստիճանը, ջրաաղային, ճարպային, ածխաջրային փոխանակությունները, քնի և արթնության գործընթացները, ներզատիչ գեղձերի, սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդային համակարգերի (տես Վեգետատիվ նյարդային համակարգ) ֆունկցիաները կարգավորող գորշ նյութի կորիզները: Ենթատեսաթմբի կորիզների նյարդաբջիջների նյարդազատուկը (նեյրոսեկրետ) դրանց ելուստներով (աքսոններով) և արյան անոթներով անցնում է ստորին մակուղեղ (հիպոֆիզ), այնուհետև՝ արյան մեջ:

Գ-ի մեծ կիսագնդերը կազմում են կենտր. նյարդային համակարգի առավել ծավալուն և զանգվածեղ բաժինը: 2 կիսագնդերը, որոնք իրարից բաժանված են երկայնական ճեղքով, միմյանց միանում են սպիտակ նյութի մի քանի կպումներով, որոնցից ամենամեծը բրտամարմինն է: Կպումները բաղկացած են 2 կիսագնդերի նյարդային կենտրոններն իրար միացնող նյարդաթելերից և ապահովում են կիսագնդերի համաձայնեցված գործունեությունը: Կիսագնդերի մակերևույթը կազմված է գորշ նյութի 5 մմ հաստությամբ շերտից, որը կոչվում է Գ-ի մեծ կիսագնդերի կեղև: Այն բաղկացած է տարբեր չափերի և ֆունկցիոնալ նշանակության նյարդաբջիջներից: Մակերևույթն ալիքաձև է՝ բարձր կատարներով, գալարներով և ճեղքանման փոսերով՝ ակոսներով, որը բավականաչափ մեծացնում է կեղևանյութի ընդհանուր մակերեսը: Ակոսներն ու գալարները կողմնորոշիչ դեր են կատարում յուրաքանչյուր կիսագնդի պայման. բաժանման համար. տարբերում են 4 հիմն. բիլթ՝ ճակատային, գագաթային, քունքային, ծոծրակային, և 1 հավելյալ կղզյակ՝ քունքային բիլթը ճակատային և գագաթային բլթերից բաժանող ճեղքի խորքում: Մեծ կիսագնդերի կեղևի տակ գտնվում է սպիտակ նյութը, որը կազմված է միելինային թաղանթով պատված, տարբեր ուղղություններով տարածված բազմաթիվ նյարդաթելերից: Նյարդաթելերի մի մասը պատկանում է վայրէջ հաղորդիչ ուղիներին: Դրանք սկսվում են կեղևի բջիջներից և ավարտվում Գ-ի կորիզներում ու ողնուղեղի գորշ նյութում: Մյուս թելերը պատկանում են զգացողության, լսողության, համի և հոտառության վերել հաղորդիչ ուղիներին և ավարտվում են կեղևի բջիջներում, որոնք պատասխանատու են օրգանիզմի ներքին և արտաքին միջավայրերից եկող ինֆորմացիայի ընդունման և վերծանման համար: Կան նաև նույն կիսագնդի կենտրոններն իրար կապող, ինչպես նաև միջկիսագնդային սպիտակ կպումներ առաջացնող թելեր:

Մեծ կիսագնդերի խորքում տեղադրված են գորշ նյութի մի քանի գոյացություններ, այսպես կոչված, հիմային կորիզներ: Դրանցից են պոչավոր և ոսպանման կորիզները, ինչպես նաև, այսպես կոչված, ցանկապատը՝ գորշ նյութի բարակ թաղանթը: Տեսաթմբի և հիմային կորիզների միջև գոյություն ունի նեղ արանք, որով անցնում են բոլոր հիմն. հաղորդիչ ուղիները՝ դեպի կեղև բարձրացողները և այնտեղից իջնողները: Այդ արանքում խիստ խտացած և սեղմված հաղորդիչ ուղիները գոյացնում են, այսպես կոչված, ներքին պատյանը՝ սպիտակ նյութի չափազանց պինդ, 2-3-ից մինչև 5-8 մմ հաստության շերտ: Ոսպանման և պոչավոր հիմային կորիզների նյարդաբջիջները մասնակցում են ավտոմատ շարժումների իրականացմանը:

Գ. ծածկված է 3 (կարծրենի, ոստայնենի և նրբենի) ուղեղապատյաններով, որոնք իրարից բաժանված են ճեղքանման տարածություններով: Կարծրենուց դուրս գտնվում է վերկարծրենային (էպիդուրալ), իսկ կարծրենու և ոստայնենու միջև՝ ենթակարծրենային, ոստայնենու և նրբենու