Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միջև՝ ենթաոստայնենային (սուբարախնոիդային) տարածությունները: Վերջինս լցված է ուղեղողնուդեղային հեղուկով: Վերկարծրենային տարածությունը ողնուղեղի շուրջը՝ ողնաշարի խողովակի երկարությամբ, լցված է փուխր ճարպաբջջանքով, որտեղ տեղադրված է ողնուղեղից արյուն տանող երակային հյուսակի անոթային ցանցը: Վերկարծրենային տարածությունը գանգի խոռոչում զուրկ է ճարպաբջջանքից և երակներից, կարծրենին անմիջականորեն կպած է գանգոսկրի ներքին թաղանթին: Նրբենին կիպ կպած է Գ-ի և ողնուղեղի մակերևույթին՝ մտնելով բոլոր ճեղքերն ու ակոսները, և պարունակում է ուղեղը սնող արյան անոթներ:

Գ-ում կա 4 խոռոչ՝ ուղեղի փորոքներ, որոնք լցված են ուղեղողնուղեղային հեղուկով: 2 կողմնային փորոքները համաչափորեն տեղադրված են Գ-ի մեծ կիսագնդերի խորքում, իսկ III և IV փորոքները կենտ են՝ տեղադրված միջանկյալ ուղեղի և Գ-ի ցողունի շրջանում՝ միջին գծով: Բոլոր փորոքները հաղորդակցվում են միմյանց հետ. կողմնայինները աջ և ձախ տեսաթմբերի միջև սեղմված նեղ ճեղքով բացվում են III փորոքի մեջ: III փորոքը հաղորդակցվում է IV-ի հետ (տեղադրված է Գ-ի ցողունի և ուղեղիկի միջև), այսպես կոչված, Գ-ի ջրանցքի միջոցով: IV փորոքը բացվածքներով կապված է ենթաոստայնենային տարածության և ողնուղեղի երկայնական կենտր. խողովակի հետ: Հասուն մարդու փորոքային համակարգում և ենթաոստայնենային տարածությունում պարունակվում է 90-150 մլ ուղեղողնուղեղային հեղուկ, որն արտադրվում է Գ-ի փորոքներում (հիմնականում՝ կողմնային), ապա անցնում Գ-ի և ողնուղեղի ենթաոստայնենային տարածություն և ոստայնենու ելուստներով լցվում կարծրենու հատուկ գոյացությունների՝ երակային ծոցերի մեջ, այնուհետև՝ երակային համակարգ: Օրվա ընթացքում ուղեղողնուղեղային հեղուկը մոտ 5 անգամ լրիվ փոխվում է: Ենթաոստայնենային տարածությունն առաջացնում է մի քանի լայնացումներ (ցիստեռններ), որոնք լցվում են ուղեղողնուղեղային հեղուկով: Դրանցից խոշոր են երկուսը. մեծը տեղադրված է երկարավուն ուղեղի և ուղեղիկի միջև, ծայրայինը՝ ողնաշարային խողովակի ստորին մասում: Հետազոտության նպատակով ծոծրակային կամ գոտկային ընդծակման (պունկցիայի) միջոցով այդ 2 լայնացումներից կարելի է վերցնել մի քանի մլ ուղեղողնուղեղային հեղուկ: Գ. բոլոր կողմերից շրջապատված է ուղեղողնուղեղային հեղուկով և կարծես «լողում է» դրա մեջ, որը կտրուկ շարժումների և սալջարդի ժամանակ այն պաշտպանում է վնասումից: Ուղեղողնուղեղային հեղուկը մասնակցում է նաև կենտր. նյարդային համակարգում նյութափոխանակության գործընթացներին, հանդիսանում արյունագլխուղեղային կամ գլխուղեղի իմունաբան. պաշտպան. համակարգի բաղկացուցիչ մասը և կասեցնում է թունավոր նյութերի, վիրուսների, բակտերիաների, վարակիչ հիվանդությունների հարուցիչների թափանցումը Գ. (տես Իմունիտետ, Վարակիչ հիվանդություններ):

Գ. արյունամատակարարվում է արյունատար անոթների հարուստ և ճյուղավորված ցանցով և օգտագործում է օրգաններ ու համակարգեր տարվող արյան թթվածնի 20 %-ը, որն ապահովում է նյարդային բջիջների ու թելերի բարձր աշխատունակությունը: Գ. պահանջում է ուժեղ արյունամատակարարում, ուստի արտակարգ զգայուն է դրա անբավարարության հանդեպ:

Գ-ի ֆիզիոլոգիան: Կենդ. աշխարհի էվոլյուցիայի ընթացքում Գ-ի կառուցվածքն ու ֆունկցիան անընդհատ բարդացել են:

Մարդու Գ. իր զարգացման ընթացքում՝ պտղից մինչև հասուն անհատ, կրկնում է կենդանիների Գ-ի զարգացման հիմն. փուլերը. սկզբում սաղմնավորվում է ողնուղեղը, ամենից ուշ՝ Գ-ի մեծ կիսագնդերն ու դրանց կեղևը: Դրա համար էլ մարդու զարգացումը տեսակափոխվում է ողնուղեղի պարզագույն ռեֆլեքսային գործունեությունից դեպի նպատակաուղղված բարդ գործունեություն՝ կապված Գ-ի մեծ կիսագնդերի կեղևի բարձրագույն կենտրոնների ռեֆլեքսային գործունեության հետ: Ցանկացած ռեֆլեքսի իրագործումն ընդգրկում է հիմն. 4 փուլ. մաշկում, լորձաթաղանթներում, մկաններում և ներքին օրգաններում տեղադրված ընկալիչներից ինֆորմացիայի ընդունում, ինֆորմացիայի վերծանում և պատասխանի ծրագրավորում, պատասխանի իրականացում՝ ազդանշանը գործադիր օրգանին (մկան, գեղձ) հաղորդելով, ծրագրի իրականացման ճշտության հսկողություն: 4-րդ փուլը «եզրափակում է» նյարդային ազդանշանների անընդհատ շրջանառության շրջանը, ուստի ավելի ճիշտ է նշել ոչ թե ռեֆլեքսային աղեղի, այլ ռեֆլեքսային օղակի մասին: Մարդու գիտակցական գործունեության հիմքում ընկած բարդ ռեֆլեքսները կատարվում են տասնյակ և հարյուրավոր նյարդաբջիջների մասնակցությամբ:

Գ-ի ցանցանման գոյացությունը հսկում է ամբողջ վերել ինֆորմացիան, որը դրա միջոցով ուղղվում է դեպի բարձրադիր կենտրոններ և ամենից առաջ մեծ կիսագնդերի կեղև: Հավելյալ ուժգնությամբ ազդանշանները շրջափակվում են, իսկ ինֆորմացիայի «հանգստի» շրջանում ցանցանման գոյացությունը կարծես թե «իրենից» ավելացնում է ազդանշանները՝ իրականացնելով մեծ կիսագնդերի կեղևի վրա վերել ակտիվացնող ազդեցությունը: Դրա շնորհիվ պահպանվում է օրվա տվյալ ժամանակի համար մեծ կիսագնդերի կեղևի ֆունկցիոնալ ակտիվության կայուն մակարդակը (ցերեկվա արթնությունը, գիշերվա քունը), որը համեմատաբար անկախ է միջավայրի մշտապես փոփոխվող ազդակներից: Բացի այդ, ցանցանման գոյացությունը հատվածային ռեֆլեքսային գործունեությունն արգելակող վայրէջ ազդանշաններ է ուղարկում ողնուղեղի հատվածներին: Դա հեշտացնում է ողնուղեղի առաջային եղջյուրների բջիջների կողմից կենտր. նյարդային համակարգի վերին բաժինների «հրամանների» կատարումը, քանի որ մասնավորապես ազատում է դրանց հատվածային զգացողության բջիջների ազդակներին պատասխանելու անհրաժեշտությունից:

Օրգանիզմի արտաքին և ներքին միջավայրերի փոփոխությունների վերաբերյալ ինֆորմացիան, որն ընդունվում է ընկալիչների կողմից և վերել ուղիներով