Այն դեպքում, երբ դա տեղի է ունեցել, հարկավոր է սեռ. հարաբերությունից հետո միզել և արտաքին սեռ. օրգանները լվանալ տաք ջրով ու օճառով: Այդպիսով մեխանիկորեն հեռացվում են սեռ. օրգաններն ընկած գոնոկոկերը: Պատահական սեռ. հարաբերությունից հետո 1-ին ժամերին հարկավոր է դիմել շուրջօրյա վեներաբան. օգնության կետ: Սեռ. օրգաններ հիվանդածին մանրէների թափանցումը կանխող հուսալի միջոց են պահպանակները: Վեներ. հիվանդությունների կանխարգելման միջոցառումները խիստ բազմազան են: Դրանք ներառում են հիվանդության հայտնաբերման և հաշվառման օրենքով սահմանված համակարգը, հարկադիր բուժումն ու բուժումից խուսափող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը, մաշկավեներաբան. դիսպանսերների լայն ցանցի ստեղծումը, բնակչության շրջանում սանլուս. և դաստիարակչ. աշխատանքները:
ԳՈՆՋ, մաշկի, մազերի և եղունգների վարակիչ սնկիկային հիվանդություն: Վարակվում են հիվանդի և նրա գործածած առարկաների ու իրերի (սանր, գլխարկ, սպիտակեղեն ևն) հետ անմիջական շփումից: Փոքր երեխաները վարակվում են հիմնականում ընտանիքի անդամներից: Հիվանդության սկզբում գլխի մազածածկ հատվածում ի հայտ են գալիս կարմիր բորբոքային թեփոտվող օջախներ և կլոր դեղին կեղևներ, որոնք, անուշադրության դեպքում միաձուլվելով, առաջացնում են հոծ դեղին չոր կեղև: Կեղևի տակ գլխի մաշկը ապաճում է, դառնում նուրբ ու փայլուն: Մազերը դառնում են գորշ, մոխրագույն, չոր, մազային կոճղեզները ոչնչանում են:
Չբուժվելիս Գ. կարող է տարիներ տևել և պատճառ դառնալ ճաղատության: Նույնանման բորբոքային թեփոտվող օջախներ և դեղին կեղևներ են առաջանում նաև իրանի հարթ մաշկին, վերջույթներին, եղունգները դեղնում են, սկզբում՝ հաստանում, այնուհետև՝ փխրունանում և փշրվում:
Բուժումը հիվանդանոցային է:
Կանխարգելումը. հիվանդները պետք է շտապ հոսպիտալացվեն, ընտանիքի մյուս անդամներն անպայման հետազոտվեն մաշկային դիսպանսերում, իսկ իրերը և բնակարանը վարակազերծվեն:
ԳՈՏԿԱՑԱՎ, գոտկային շրջանի սուր ցավ, որն առաջանում է հիմնականում ողնաշարի մկանների ծանրաբեռնվածությունից (ծանրություն բարձրացնելիս կամ անհարմար շարժումից): Գ-ի նախապայման է օրգանիզմի ընդհանուր կամ գոտկային շրջանի մրսածությունը: Գ. հաճախ կարող է լինել նյարդարմատաբորբի, ողնաշարի և այլ հիվանդությունների դրսևորում: Գ-ի ժամանակ ցավը հաճախ միակողմանի է, կտրուկ սաստկանում է աննշան ֆիզ. լարվածությունից, շարժումներից, հազից, փռշտոցից ևն: Գոտկատեղը սեղմելիս շատ ցավոտ է: Հիվանդը չի կարողանում ուղղվել, ընդունում է հարկադրական (կիսակորացած) դիրք: Ինքնուրույն որևէ բուժարարողությունը կարող է լուրջ բարդություններ առաջացնել: Ռեժիմն անկողնային է. անկողինը պետք է լինի հարթ և կոշտ (ներքնակի տակ դնում են նրբատախտակ կամ տախտակե վահան): Գ-ի կանխարգելման նպատակով պետք է խուսափել ֆիզ. գերբեռնվածությունից, ուժեղ մրսելուց:
ԳՈՐՏՆՈՒԿՆԵՐ, մաշկի վիրուսային հիվանդություն: Հաճախ հիվանդանում են երեխաները և երիտասարդները: Հարուցիչը փոխանցվում է հիվանդների և տնային գործածության իրերի հետ անմիջական շփումից: Հիվանդությանը կարող են նպաստել մաշկի չնչին վնասվածքները, քրտնոտությունը ևն: Լինում են սովոր., տափակ, ներբանային:
Սովոր. Գ. պինդ, մոխրագույն կամ մաշկագույն վերնամաշկային հանգուցիկներ են (հաճախ մի քանի հատ)՝ 3-10 մմ տրամագծով, անհարթ մակերեսով: Որպես կանոն՝ լինում են ձեռքերի դրսային մակերևույթին և մատներին:
Տափակ Գ. (պատանեկան) հանգուցիկներ են (սովորաբար մի քանի հատ)՝ 0,5-3 մմ տրամագծով, հաճախ՝ կլորավուն, մաշկագույն կամ դեղնադարչնագույն, հարթ մակերեսով: Հիմնականում լինում են դեմքին, ձեռքերի դրսային մակերևույթին, հազվադեպ՝ նախաբազուկներին:
Ներբանային Գ. առաջանում են կոշիկի առավել ճնշող տեղերում: Դրանք կոշտուկներ հիշեցնող (տարբերվում են եղջերային կուտակումների տակ կարմրավուն պտկիկային գերաճով) գորշավուն, ցավոտ գոյացություններ են, որոնք հաճախ դժվարացնում են քայլելը:
Բուժումը նշանակում է բժիշկը: Ինքնաբուժումը, հատկապես այրող միջոցներով (թթվով և հիմքով) կարող է առաջացնել շրջակա հյուսվածքների բորբոքում, թարախակալում, սպիներ: Գ-ից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել անձն. հիգիենայի կանոնները (ձեռքերը կանոնավոր լվանալ, օգտվել անհատ. սրբիչից ևն), փոքրիկ վնասվածքների դեպքում մաշկը մշակել ախտահանող լուծույթներով, պայքարել քրտնոտության դեմ:
ԳՐԻՊ, վիրուսային ծագման հիվանդություն, որը հակված է լայնորեն տարածվելու, ընթանում է շնչառ. ուղիների լորձաթաղանթի ախտահարմամբ և ընդհանուր թունավորման երևույթներով (ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սրտխառնոց, երբեմն՝ նաև փսխում):
Գ-ի հարուցիչները A և B տիպի վիրուսներն են, որոնք լավ են պահպանվում սառը պայմաններում և արագ մահանում են տաքացնելիս, արևի անմիջական ճառագայթներից, վարակազերծող միջոցներից:
Ընկնելով վերին շնչառ. ուղիներ՝ Գ-ի վիրուսը թափանցում է լորձաթաղանթի վերին շերտի (էպիթել) բջիջներ՝ առաջացնելով դրանց քայքայում և թեփոտում: Վիրուս պարունակող թեփոտված բջիջները պոկվում են և շնչելիս, խոսելիս, հազալիս ու փռշտալիս, թքի, քթի լորձի, խորխի հետ ընկնելով օդի մեջ, վարակում են շրջապատողներին (վարակի հարուցչի փոխանցման օդակաթիլային ճանապարհ): Վարակումը հնարավոր է նաև կենցաղային առարկաների միջոցով (խաղալիքներ, ծծակ, ամանեղեն, սրբիչ): Հիվանդության հարուցիչների տարածման վտանգավոր աղբյուր են հիվանդության թեթև և ջնջված ձևերով հիվանդները, ովքեր հաճախ չեն դիմում բժշկի, չեն պահպանում անկողնային ռեժիմ և տարածում են հիվանդությունը:
Վիրուսի հանդեպ ընկալունությունը շատ բարձր է, հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ՝ ցանկացած եղանակի (առավել հաճախ՝ աշնանը և ձմռանը): Հիվանդությունից հետո ձեռք բերված իմունիտետը հաճախ կորչում է, քանի որ