նեղացման կամ կծկման) հետևանքով կամ սնունդը ստամոքսում երկարատև մնալուց, որի դեպքում Գ. ունենում է տհաճ հոտ և համ: Գ. լինում է դատարկ (օդով), սննդով, կծու, թթու, նեխնած, ուժեղ կամ թույլ: Թթու Գ. երբեմն ստամոքսահյութի բարձր թթվայնության հետևանք է: Կծու Գ. առաջանում է լեղին 12-մատնյա աղիքից ստամոքս ներթափանցելիս: Նեխած Գ. (նեխած ձվի հոտով) լինում է աղիքների խոր հատվածներից ստամոքս թափանցած կամ սննդազանգվածը ստամոքսում երկար մնալուց առաջացած ծծմբաջրածնի արտազատման հետևանքով: Բարձրաձայն Գ. կարող է լինել նյարդային վիճակից, արագ ուտելուց, որի ժամանակ մեծ քանակությամբ օդ է կլանվում: Այն կարող է լինել նաև ստամոքսի, լյարդի, լեղապարկի, աղիքների հիվանդությունների ախտանշան: Հաճախ Գ. լինում է ստոծանու, երբեմն սիրտանոթային հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, սրտային անբավարարություն) ժամանակ: Բոլոր դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ և բուժել Գ-ի պատճառ հանդիսացող հիմն. հիվանդությունը:
ԳՈՆՈՌԵԱ, սուսանակ, տրիպեր, վեներ. հիվանդություն, որի հարուցիչները գոնոկոկերն են: Որպես կանոն՝ պատահական սեռ. կապերի հետևանք է, որի պատճառով առավել հաճախ գոնոկոկով ախտահարվում են սեռ. օրգանները և միզուկը: Վարակի աղբյուրը Գ-ով հիվանդն է: Սեռ. ակտի ժամանակ գոնոկոկն ընկնում է սեռ. օրգանների և միզուկի լորձաթաղանթի վրա և առաջացնում տեղային բորբոքում: Հնարավոր է նաև գոնոկոկի արտասեռ. փոխանցումը կենցաղային առարկաների (ընդհանուր անկողին, սրբիչ, ճիլոպ) միջոցով, որի հետևանք կարող է լինել (սեռ. օրգանների հետ մեկտեղ) աչքի, բերանի լորձաթաղանթի գոնոռեային բորբոքումը (տես Բլենոռեա): Կարող է նկատվել նաև ուղիղ աղիքի գոնոռեային բորբոքում (տես Ուղիղ աղիքի բորբոքում):
Հիվանդության 1-ին ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս վարակումից 3-5 օր անց: Տղամարդկանց մոտ դրանք ուղեկցվում են միզուկի առաջային հատվածում ջերմության, քորի և այրոցի զգացումով, որոնք ուժեղանում են միզելիս, միզուկի արտաքին բացվածքի կարմրությամբ և կպումով (հատկապես առավոտյան): Միզուկից արտադրությունն սկզբում քիչ է, գորշ գույնի: 1-2 օր անց հիվանդության ախտանշաններն ուժեղանում են, արտադրությունը դառնում է թարախային, առատ, թանձր, դեղնականաչավուն և կեղտոտում է սպիտակեղենը: Միզելիս հիվանդը միզածորանում այրող ցավ է զգում, գիշերն առաջանում են առնանդամի ցավոտ լարումներ (էրեկցիա): Հիվանդի ընդհանուր վիճակն էականորեն չի փոխվում, երբեմն աննշան բարձրանում է ջերմաստիճանը, նկատվում են ընդհանուր թուլություն, ախորժակի բացակայություն: Գ. չբուժելու դեպքում բորբոքումն աստիճանաբար տարածվում է հարևան օրգանների (շագանակագեղձ, սերմնաբշտեր, մակամորձի) վրա, կրում ընդհանուր ձգձգվող բնույթ և ի վերջո անցնում քրոնիկ. ձևի՝ սեռ. գրգռվածության, ալկոհոլի, կծու սննդի ազդեցությամբ պարբերաբար սրացումներով: Հիվանդության ընթացքում կարող են առաջանալ բարդություններ, որոնք հանգեցնում են անպտղության (օրինակ՝ մակամորձու սպիական փոփոխություններ) և պահանջում են երկարատև բուժում, իսկ երբեմն նաև վիրաբուժ. միջամտության (օրինակ՝ միզուկի նեղացման ժամանակ):
Հիվանդության սուր շրջանը կանանց մոտ, ի տարբերություն տղամարդկանց, ընթանում է թորշոմած, քիչ նկատելի: Թարախային արտադրությունը հեշտոցից, արտաքին սեռ. օրգանների և շեքի շրջաններում քորն ու այրոցը, միզելու հաճախակի ցանկությունն ու միզելիս առաջացող ծակող ցավերն արագ անցնում են: Կինն, իրեն հիվանդ չզգալով, չի դիմում բժշկի և լինելով վարակի աղբյուր՝ շարունակում է սովոր. ապրելակերպը: Իսկ բորբոքային գործընթացը շարունակում է տարածվել և ընդունում է քրոնիկ. բնույթ: Գ-ի քիչ նկատելի դրսևորումները, որոնք հիվանդության սկզբում գրեթե չեն անհանգստացնում կնոջը, հիվանդության հարաճմանը զուգընթաց աստիճանաբար հանգեցնում են ծանր, վտանգավոր երևույթների: Գոնոռեային բորբոքումն արգանդի խոռոչից վերել ճանապարհով տարածվում է արգանդափողի լորձաթաղանթի վրա: Այդպիսի դեպքերում արգանդափողի լորձաթաղանթը հաստանում է, այտուցվում, արգանդափողի լուսանցքում գոյանում են մանր կպումներ: Արդյունքում ախտահարվում է արգանդափողի ողջ պատը, լորձաթաղանթի այտուցի և սպիների գոյացման հետևանքով արգանդափողը փակվում է, սերմնաբջիջների և ձվաբջիջների համար դառնում անանցանելի և պատճառ դառնում անպտղության: Արգանդափողերում թարախի կուտակումն ուղեկցվում է որովայնի ստորին հատվածի և գոտկատեղի մշտ. ցավերով: Թարախային պարունակության տարրերը, ներծծվելով արյան մեջ, թունավորում են օրգանիզմը, որի հետևանքով կինը դառնում է դյուրագրգիռ, խանգարվում է դաշտանը (ձգձգվում է, ուղեկցվում ցավերով, դառնում առատ): Քրոնիկ. Գ-ին բնորոշ են պարբեր. սրացումները՝ օրգանիզմի սառեցման, գերհոգնածության, դաշտանի ժամանակ: Յուրաքանչյուր հաջորդ սրացում հանգեցնում է ախտահարված օրգանների առավել խորը փոփոխությունների և մոտակա օրգանների վրա բորբոքման տարածման: Հետագայում բորբոքումը կարող է տարածվել ձվարանների վրա:
Ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ չբուժված Գ. առաջացնում է ոչ միայն անպտղության հանգեցնող խորը փոփոխություններ և հաճախ վիրահատություն պահանջող լուրջ բարդություններ, այլև ախտահարում է հեռավոր օրգանները՝ սիրտը, հոդերը ևն: Հաշվի առնելով դա, ինչպես նաև այն, որ Գ. վարակիչ է, անհրաժեշտ է հիվանդության 1-ին ախտանշաններն ի հայտ գալիս անհապաղ դիմել բժիշկ-վեներաբանի:
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Գ-ով հիվանդների վերաբերյալ բժշկական գաղտնիքի խիստ պահպանում: Ժամանակավոր անաշխատունակության թերթիկի վրա Գ. ախտանունը չի նշվում: Ժամանակին բժշկի դիմելիս բուժման գոյություն ունեցող մեթոդները հնարավորություն են տալիս ազատվել այդ հիվանդությունից: Սակայն արդյունքը շատ բանով պայմանավորված է հենց հիվանդի վարքագծով: Բուժման ժամանակ սեռ. կյանքն արգելվում է: Հարկավոր է խստորեն պահպանել անձն. հիգիենայի կանոնները: Վարակի տարածումը կանխելու համար չի կարելի թարախը սեղմելով դուրս բերել միզուկից: Անհրաժեշտ է սահմանափակել սուր համեմունքի (պղպեղ, ծովաբողկ, մանանեխ ևն), ինչպես նաև ալկոհոլի (այդ թվում՝ գարեջրի) օգտագործումը: Հեծանիվ նստելը, լողավազանում լողանալը, ֆիզ. մեծ բեռնվածությունը, երկարատև քայլելն արգելվում են:
Խորհուրդ է տրվում օգտագործել առատ ըմպելիք: Հարկավոր է հիշել, որ դեղորայքն ընդունելուց 1-2 օր անց սեռ. օրգաններից արտադրության և սուբյեկտիվ զգացողությունների բացակայությունը լրիվ բուժման երաշխիք չեն: Նման դեպքում բուժման լրիվ ընդհատումը կարող է հանգեցնել հիվանդության անցմանը քրոնիկ. ձևի: Հարկավոր է նաև իմանալ, որ Գ-ի ժամանակ կրկնակի վարակումը կանխող իմունիտետ չի մշակվում: Դրա հետ կապված անհրաժեշտ է կիրառել նախազգուշական միջոցառումներ, 1-ին հերթին խուսափել պատահական սեռ. կապերից: