Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ֆլորիստական և բժշկ. տեսանկյունից: Դ. արժեքավոր հումք են բարձր ակտիվություն ունեցող, կենսբ. ազդեցությամբ օժտված նյութերի ստացման համար: Բնության մեջ հանդիպում են նաև թունավոր բույսեր (բանգի, մահամորմ, մատնոցուկ ևն), որոնց մի մասն օգտագործվում է դեղանյութերի ստացման համար, իսկ մյուսները կարող են առաջացնել ծանր թունավորումներ: Որոշ Դ-ի փոքր չափաքանակներն ունեն բուժիչ ազդեցություն, իսկ մեծ քանակները թունավոր են: Ուստի դրանք պետք է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ: Նախքան Դ. հավաքելն անհրաժեշտ է ուսումնասիրել դրանց բուսաբ. հատկանիշները, որի համար կան հատուկ ատլասներ: Շատ Դ-ի պաշարները սահմանափակ են, իսկ որոշ տեսակներ (մատուտակ, փիփերթ, ուրց, կռատուկ ևն) գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Դեղանյութերը բույսերում կուտակվում են բողբոջներում, տերևներում, ցողուններում, ծաղիկներում, պտուղներում, արմատներում, կեղևում: Ուստի, հիմնականում հավաքում են բույսերի այն մասերը, որոնք պարունակում են ակտիվ նյութի առավելագույն քանակ: Կարևոր է նաև հավաքման ժամանակը:

Կոճղարմատները, արմատները և պալարները պետք է հավաքել վաղ գարնանը կամ աշնանը՝ վերգետնյա մասերի թառամումից հետո: Դրանք անհրաժեշտ է մաքրել հողից, լվանալ հոսող ջրով և չորացման համար դասավորել խոտի կամ պարկագործվածքի վրա: Փոքր արմատները չորացնել ամբողջությամբ, իսկ խոշորները՝ մանր մասերի կտրտած: Սոճու, կեչու, բարդու բողբոջները պետք է հավաքել մինչև տերևներ առաջանալը (ուռչելու փուլում), կեղևը՝ գարնանային հյութահոսքի շրջանում, երբ այն առավել հարուստ է ազդող նյութերով և հեշտությամբ է անջատվում: Տերևները հավաքել չոր եղանակին՝ բույսերի կոկոնակալման և ծաղկման շրջանում՝ ընտրելով զարգացած արմատամերձ, ստորին և միջին ցողունային տերևները: Ծաղիկները պետք է կտրել ծաղկակոթունով, ապա հեռացնել տերևները, երկար ծաղկակիրները, պտուղները և չորացնել: Խոտաբույսերը կտրել դանակով (չոր եղանակին): Չի կարելի բույսերը հողից հանել արմատով, դա աղտոտում է հումքը և կրճատում բույսի բնական պաշարները:

Պտուղներն ու սերմերը հավաքել լրիվ հասունանալուց հետո, իսկ որոշ բույսերի (սամիթ, քեմոն ևն) հեշտությամբ թափվող պտուղները՝ մինչև լրիվ հասունանալը: Թարմ հավաքած դեղային հումքը պարունակում է մինչև 85 % խոնավություն (արմատներում՝ մինչև 45 %), որը եթե չհեռացվի (չորացնելով), ապա հումքը կփտի: Չորացնում են բաց տեղում՝ արևի ուղղակի ճառագայթների տակ, կամ ստվերում՝ դասավորելով 1-2 սմ շերտով և օրական 3-4 անգամ շրջելով: Ապա հումքը տարվում է ձեղնահարկ կամ լավ օդափոխվող շինություն: Անձրևային եղանակին կատարվում է արհեստ. չորացում (հատուկ վառարաններում կամ ջեռոցում՝ 60° C-ից ոչ բարձր ջերմաստիճանում): Հումքը համարվում է լավ չորացած, եթե տերևներն ու ծաղիկները հեշտությամբ տրորվում են ձեռքում, ցողուններն ու արմատները չեն ճկվում, այլ կոտրվում են:

Խոտաբույսերը, ծաղիկները և տերևները ակտիվությունը պահպանում են սովորաբար 1-2 տարի, իսկ արմատները, կոճղարմատները և կեղևը՝ 2-3 տարի: Երբեմն բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել տնային պայմաններում պատրաստված թուրմեր և եփուկներ (տես Դեղաձևեր): Վերջիններս արագ են փչանում, ուստի դրանք պետք է պատրաստել ամեն օր կամ պահել 3 օրից ոչ ավելի, մութ և սառը տեղում: Շատ բույսեր պարունակում են ուժեղ ներգործող բաղադրիչներ, որոնց ընդունումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների: Ուստի դրանք պետք է օգտագործել միայն բժշկի խորհրդով:

Առավել տարածված կամ մշակվող Դ-ից են.

Ազնվամորի, անտառամորի, մոռենի, վայրի կիսաթուփ է, աճում է Իջևանի, Դիլիջանի, Սևանի անտառների բացատներում, ձորեզրերին: Մշակվում է պարտեզներում, պուրակներում, պտուղները պարունակում են օրգ. թթուներ, վիտամիններ, շաքարներ, պեկտինային նյութեր ևն: Բուժիչ նպատակով օգտագործում են պտուղները, մասամբ՝ տերևներն ու ծաղիկները: Ունի քրտնաբեր, ջերմիջեցնող, կենտր. նյարդային համակարգը դրդող հատկություններ:

Ալոճենի, սզնի, վայրի թուփ կամ կիսաթուփ է: ՀՀ-ում աճում է անտառային և մերձանտառային գոտիներում: Մշակվում է այգիներում և պուրակներում: Բուժիչ նշանակություն ունեն ծաղիկները և հասուն պտուղները, որոնցից ստացված պատրաստուկներն օգտագործվում են սիրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների ժամանակ:

Անանուխ, դաղձ, բազմամյա, կոճղարմատավոր վայրի կամ մշակովի խոտաբույս է: ՀՀ-ում աճում է ամենուրեք: Տերևները և ծաղիկները պարունակում են եթերայուղ, կարոտին, մենթոլ ևն: Վերջինս ունի անոթալայնիչ, հանգստացնող և տեղային ցավամոքիչ ներգործություն: Մենթոլը մտնում է վալիդոլի, Զելենինի կաթիլների և այլ պատրաստուկների բաղադրության մեջ: Տերևների թուրմն օգտագործվում է նաև մարսողության կանոնավորման, լնդերի բորբոքման, սրտխառնոցի և այլ դեպքերում: Լայնորեն կիրառվում է պղպեղային անանուխը:

Անթառամ, բազմամյա խոտաբույս է: ՀՀ-ում աճում է տափաստանային գոտիներում, ավազային հողերում, սարալանջերին: Ծաղկազամբյուղները պարունակում են ֆլավոնիդներ, եթերայուղեր, աղադանյութեր: Թուրմը և եփուկն ունեն լեղամուղ, հակամանրէային հատկություններ: Առավել բուժիչ նշանակություն ունի կղմինդրաբաժակ անթառամը:

Առյուծագի, բազմամյա խոտաբույս է: ՀՀ-ում աճում է ամենուրեք՝ ճամփեզրերին, ձորակներում, բաց տարածություններում, նաև մշակվում է: Բուժման նպատակով օգտագործում են տերևները և ընձյուղների գագաթները (ծաղկման շրջանում): Պատրաստուկներն ունեն կենտր. նյարդային համակարգը հանգստացնող, սրտի աշխատանքը կարգավորող, զարկերակային ճնշումն իջեցնող և քնաբեր հատկություններ:

Արյունխմիկ դեղատու, բազմամյա խոտաբույս է: ՀՀ-ում աճում է խոնավ մարգագետիններում, գետափերին, անտառների բացատներում: Բուժիչ նշանակություն ունեն արմատներն ու կոճղարմատները, որոնցից ստացվող պատրաստուկները տտիպ են՝ օժտված հակաբորբոքային և արյունահոսությունը դադարեցնող հատկություններով:

Բռնչի սովորական, վայրի թուփ է: ՀՀ-ում աճում է ջրամբարների ափերին, թփերի մացառուտներում, մինչև 2000 մ բարձրություններում գտնվող անտառներում: Բուժիչ հատկություն ունեն կեղևը և պտուղները: Կեղևը հավաքում են վաղ գարնանը, երբ այն հեշտությամբ է անջատվում բնափայտից: Պատրաստուկներն ունեն արյունահոսությունը դադարեցնող ազդեցություն: Պտուղները պարունակում են վիտամին C և կիրառվում են ստամոքսի խոցի դեպքում, ինչպես նաև որպես միզամուղ միջոց:

Դդում սովորական, մշակովի բույս է, կեղևը և մաքրած սերմերն օգտագործվում են (էմուլսիայի, եփուկի և