այլ ձևերով) որպես հակաճիճվային միջոց:
Դժնիկ լուծողական, բեկտենի, թուփ է կամ փոքր ծառ: ՀՀ-ում աճում է բաց տարածություններում, լեռնային կիրճերում՝ տեղ-տեղ առաջացնելով դժվարանցանելի մացառուտներ: Պտուղների թուրմն ու եփուկն օգտագործվում են քրոնիկ. փորկապությունների ժամանակ՝ որպես լուծողական:
Դիոսկորեա կովկասյան, բազմամյա խոտաբույս է: ՀՀ-ում աճում է անտառային բացատներում, թփուտներում, անտառեզրերին: Բուժիչ հատկություն ունեն արմատներն ու կոճղարմատները, որոնցից ստացված պատրաստուկներն օգտագործվում են սիրտանոթային որոշ հիվանդությունների դեպքում:
Եզան լեզու մեծ, բազմամյա խոտաբույս է, շատ տարածված մոլախոտ: ՀՀում աճում է ամենուրեք՝ ճամփեզրերին, պուրակներում, բաց տարածություններում: Թարմ տերևների հյութն ունի մանրէասպան, արյունահոսությունը դադարեցնող և խորխաբեր հատկություններ, օգտագործվում է հաստ աղիքի քրոնիկ. բորբոքումների, խոցային հիվանդության (ոչ բարձր թթվությամբ), ստամոքսաբորբերի ժամանակ: Հայկ. ժող. բժշկության մեջ թարմ տերևները եռացող ջրում լվանալուց հետո կապում են վերքերին, և այն մաքրում է թարախը:
Եղեսպակ դեղատու, մշակովի բույս է: Տերևները հավաքում են ծաղկումից անմիջապես հետո (կոկոնակալման փուլում), որոնցից ստացված պատրաստուկներն օգտագործվում են (ողողումներ) որպես հակաբորբոքային, ախտահանող միջոց՝ բերանի խոռոչի և վերին շնչուղիների լորձաթաղանթի հիվանդությունների ժամանակ: Թարմ տերևներն ունեն մանրէասպան հատկություն:
Եղերդակ, ճարճատուկ, երկամյա կամ միամյա խոտաբույս է: Ցողունը կանգուն է (բարձր, մինչև 1 մ), արմատները՝ իլիկաձև: Բույսի բոլոր օրգանները պարունակում են կաթնահյութ: Պտուղը ունդ է: ՀՀ անջրդի հովիտներում, անտառեզրերին, ամայի տարածություններում ճանապարհների և առուների եզրերին աճում է Եի 2 տեսակ: Արմատների թուրմն ունի ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, իսկ արմատների թուրմը՝ հակամանրէային և մածող ազդեցություն:
Եղինջ երկտուն, բազմամյա խոտաբույս է: Աճում է ՀՀ բոլոր գոտիներում, առավելապես ստվերոտ և խոնավ անտառներում, թփուտներում: Տերևներից ստացվող պատրաստուկներն ունեն արյունահոսությունը դադարեցնող, արյան մակարդելիությունը խթանող, հարթ մկանների տոնուսը բարձրացնող, նյութափոխանակությունը կարգավորող հատկություններ:
Երիցուկ դեղատնային, միամյա կամ բազմամյա խոտաբույս է: ՀՀ-ում աճում է դաշտերում, մարգագետիններում, նաև մշակովի է: Ծաղկազամբյուղների թուրմն ու եփուկը, որպես հակաբորբոքային, քրտնաբեր, վարակազերծող միջոց, օգտագործվում են լուծի դեպքում (հոգնա), կոկորդի և լնդերի բորբոքումների, բերանաբորբի ժամանակ (ողողումներ): Զարմանազան երկնագույն, բազմամյա խոտաբույս է: Բույսի բոլոր մասերը պարունակում են սապոնիններ: Արմատի և կոճղարմատի թուրմն օգտագործվում է որպես խորխաբեր միջոց: Թանթրվենի սև, թուփ կամ լայնասաղարթ ծառ է: Աճում է Տավուշի, Լոռու և այլ մարզերի անտառներում: Ծաղիկները պարունակում են եթերայուղ, ռուտին, աղաղանյութեր: Ծաղիկների և պտուղների թուրմն ունի քրտնաբեր, միզամուղ, հակաբորբոքային, հակատենդային, իսկ կեղևինը՝ ուժեղ միզամուղ հատկություններ:
Լեվզեա, բարդածաղկավորների ընտանիքի բույս է: Աճում է ենթալպյան և ալպյան մարգագետիններում: Արմատների և կոճղարմատների թուրմը կամ հեղուկ մզվածքը, որպես խթանիչ միջոց, օգտագործվում է նյարդային համակարգի խանգարումների, գերհոգնածության ժամանակ:
Լոշտակ սպիտակ, մարդախոտ, բազմամյա խոտաբույս է: Աճում է ՀՀ բոլոր գոտիների գետահովիտներում, անտառի բացատներում, աղբուտներում՝ որպես մոլախոտ: Բուժիչ նպատակով հիմնականում օգտագործվում են արմատները, որոնց եփուկն ունի ցավամոքիչ, արյունահոսությունը դադարեցնող, միզամուղ, լուծողական և այլ հատկություններ:
Լորենի սրտաձև կամ մանրատերև, մինչև 40 մ բարձ. տերևաթափ ծառ է: ՀՀ-ում աճում է սաղարթավոր անտառներում՝ բոխու, կաղնու, հաճարի ծառերի հետ: Օգտագործում են ամբողջական ծաղկաբույլերը տերևակիցների հետ, որոնց տաք թուրմը (թեյի ձևով) կիրառվում է որպես քրտնաբեր միջոց մրսածության ժամանակ, իսկ եփուկը՝ մանրէասպան հատկության շնորհիվ՝ բերանի և կոկորդի ողողումների համար:
Խավարծիլ, մշակովի բույս է: Արմատներից ստացվող պատրաստուկների մեծ չափաքանակներն ունեն լուծողական, փոքրը՝ ախորժակը գրգռող հատկություն: Խատուտիկ դեղատու, բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է: ՀՀ-ում աճում է բոլոր գոտիների այգիներում, դաշտերում, մարգագետիններում, ցանքերում և այլուր: Եփուկը և ջրաթուրմն օգտագործում են որպես ախորժաբեր, լեղամուղ, մարսողությունը կարգավորող միջոց:
Խնկածաղիկ սովորական, զվիրակ: Աճում է ՀՀ անտառային և հովտային մարգագետիններում, թփուտներում: Բուժիչ նշանակություն ունեն ծաղկող ցողունները, որոնց թուրմն ունի միզամուղ, կենտր. նյարդային համակարգը հանգստացնող, խորխաբեր, ցավամոքիչ, ախորժակը լավացնող և այլ հատկություններ:
Խնկեղեգ ճահճային, ակիր, բազմամյա խոտաբույս է: ՀՀ-ում աճում է հիմնականում Արմավիրի մարզի կանգնած ջրերում, ճահճուտներում, տղմոտ հողերում: Կոճղարմատներում պարունակվում են դառը գլիկոզիդ (ակորին), ասկորբինաթթու, աղաղանյութեր: Թուրմը և եփուկն ունեն ախորժաբեր, մարսողությունը կարգավորող, հակաբորբոքային, մզվածքը՝ ցավամոքիչ, արյան ճնշումն իջեցնող, սպիրտային պատրաստուկները՝ հակասնկիկային ներգործություն:
Խռնդատ, երկամյա կամ բազմամյա խոտաբույս է: Աճում է Գառնու, Արզնու, Երասխավանի չոր տափաստաններում, լեռնալանջերին, գետերի ավազոտ ափերին, ճամփեզրերին և այլուր: Բուժիչ նպատակով հիմնականում օգտագործվում են ծաղկապսակները, որոնց թուրմն ունի հակաբորբոքային, խորխաբեր, միզամուղ, քրտնաբեր և այլ հատկություններ: Ծիծեռնախոտ մեծ, կանթեղախոտ, բազմամյա խոտաբույս է: ՀՀ-ում աճում է ոչ բարձր լեռնային գոտիների բանջարանոցներում, աղբուտներում, ստվերոտ վայրերում: Կիրառվում է մաշկային զանազան հիվանդությունների (գորտնուկ, քոս, գունակային բծեր, խոցեր, որքին ևն), կարմիր գայլախտի (արտաքին օգտագործում) և լյարդի, լեղուղիների հիվանդությունների (ներքին ընդունում) բուժման նպատակով:
Ծնեբեկ դեղատու, ծնեփակ, բազմամյա խոտաբույս է: ՀՀ-ում աճում է գրեթե բոլոր մարզերի թփուտներում, մացառուտներում, քարքարոտ լեռնալանջերին՝