Նվենի գնդաձեվ, մշտադալար բույս է: Տերևները պարունակում են մինչև 3 % եթերայուղեր և 10 % աղաղանյութեր: Տերևների թուրմը և եփուկն օգտագործվում են (ողողումներ, ինհալացիա) վերին շնչուղիների հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև կանանց սեռ. օրգանների բորբոքային հիվանդությունների, թարմ վերքերի բուժման համար: ՀՀ-ում մշակվում է նաև որպես գեղազարդիչ բույս:
Շիկատակ, մահամորմ, բազմամյա խոտաբույս է: ՀՀ Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերի անտառներում աճում է կովկասյան շիկատակը: Տերևները և արմատները պարունակում են ալկալոիդներ, որոնցից կարևոր նշանակություն ունի հիոսցիամինը, որը փոխարկվում է ատրոպինի: Պատրաստուկներն օգտագործվում են ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, բրոնխային հեղձուկի և ներքին օրգանների հարթ մկանների կծկանքներով ընթացող հիվանդությունների դեպքերում:
Ոսկեհազարուկ հովանոցային, միամյա կամ երկամյա վայրի խոտաբույս է: Աճում է Արմավիրի, Վայքի, Սյունիքի մարզերի մարգագետիններում, գետափերին և լճափերին: Բույսի բոլոր մասերը պարունակում են դառը գլիկոզիդներ, ալկալոիդներ: Պատրաստուկներն օգտագործվում են մարսողության խանգարումների բուժման համար:
Չիչխան դժնիկանման, խիստ ճյուղավորվող, փշոտ թուփ կամ փոքր ծառ է: Աճում է Սևանա լճի ազատված հողագրունտների վրա (Մարտունի, Գավառ), ինչպես նաև Տավուշի և Սյունիքի մարզերում: Պտուղներից ստացվող յուղն օգտագործվում է վերքերի և այրվածքների, պառկելախոցերի, ինչպես նաև խոցային հիվանդության (ներքին ընդունման համար) բուժման ժամանակ: Պտուղների թուրմը և հյութը կիրառվում են վիտամինային անբավարարության դեպքում:
Չորածաղիկ, միամյա խոտաբույս է: Թուրմն օգտագործվում է զարկերակային արյան գերճնշման, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, յուղը՝ վերքերի, այրվածքների բուժման համար:
Սեկուրինեգա, իշակաթնուկազգիների ընտանիքի բույս է: Ընձյուղները պարունակում են սեկուրինին ալկալոիդը, որը խթանում է կենտր. նյարդային համակարգի գործունեությունը:
Սենա սրատերեվ, ընդավորների ընտանիքի բույս է: Պարունակում է գլիկոզիդներ, ֆլավոնիդներ և խեժային նյութեր: Տերևների թուրմն օգտագործվում է որպես լուծողական:
Սրոհունդ սովորական, արեվքուրիկ, բազմամյա խոտաբույս է: ՀՀ-ում աճում է ամենուրեք՝ մարգագետիններում, գետահովիտներում, անտառային բացատներում՝ հաճախ առաջացնելով ցրված բուսուտներ: Եփուկը և սպիրտային թուրմն ունեն կապող, հակամանրէային, հակաբորբոքային, հակաճիճվային, ինչպես նաև հյուսվածքների վերականգնումը խթանող հատկություններ: Տերևներից և ցողունից ստանում են իմանին և նովոիմանին պատրաստուկները, որոնք կիրառվում են վերքերի, այրվածքների, կրծքագեղձի բորբոքումների բուժման համար:
Տատրակ սովորական, խոճկորիկ, բազմամյա խոտաբույս է: Աճում է Սևանի ավազանի, Տավուշի, Վայքի, Արագածոտնի, Կոտայքի և այլ մարզերի գետափերին, խոնավ ձորերում, կավահողերում՝ հաճախ առաջացնելով բուսուտներ: Ծաղկազամբյուղները պարունակում են ալկալոիդներ, աղաղանյութեր, տերևները՝ լորձանյութեր, գլիկոզիդներ, որոնցից կարևոր նշանակություն ունի տուսիլագինը: Տերևների և ծաղիկների թուրմն ունի խորխաբեր և քրտնաբեր հատկություններ և օգտագործվում է հազի, բրոնխային հեղձուկի, թոքաբորբի և այլ հիվանդությունների ժամանակ:
Տարկավան սովորական, բազմամյա խոտաբույս է: ՀՀ-ում աճում է մարգագետիններում, անտառային բացատներում, հաճախ մոլախոտ է: Ծաղկաբույլերի (պարունակում են եթերայուղ մինչև 2 %, ֆլավոնիդներ ևն) թուրմն օգտագործվում է որպես լեղամուղ և հակաճիճվային (ասկարիդոզի, էնտերոբիոզի դեպքում) միջոց:
Տերեփուկ կապույտ, միամյա խոտաբույս է: ՀՀ-ում աճում է ամենուրեք՝ անմշակ հողերում, թփուտներում, հացաբույսերի ցանքի մոլախոտ է: Բուժիչ նշանակություն ունեն ծաղիկները, որոնց թուրմն օգտագործվում է որպես միզամուղ, լեղամուղ, քրտնամուղ, հակաբորբոքային միջոց, ինչպես նաև թրջոցների ձևով՝ աչքի լորձաթաղանթի բորբոքման, արցունքահոսության ժամանակ:
Տորոն ներկատու, բազմամյա խոտաբույս է: Աճում է Տավուշի, Արմավիրի, Արարատի, Սյունիքի և այլ մարզերի խաղողի և պտղատու այգիներում, բանջարանոցներում, թփուտներում, ճամփեզրերին և այլուր՝ հաճախ առաջացնելով մեծ բուսուտներ: Բուժիչ նպատակով օգտագործվում են կոճղարմատները և արմատները, որոնք պարունակում են գլիկոզիդներ, շաքարներ, պեկտինային նյութեր: Պատրաստուկները կիրառվում են լեղաքարային, միզաքարային հիվանդությունների, պոդագրայի ժամանակ (քարերը և աղային կուտակումները լուծելու նպատակով):
Տուղտ դեղատու, բազմամյա խոտաբույս է: ՀՀ-ում աճում է գետափերին, ձորեզրերին, այգիներում, խոնավ մարգագետիններում: Տարածված է նաև հայկական տուղտը, որը հանդիպում է Արմավիրի, Տավուշի, Արարատի, Սյունիքի մարզերում: Չորացրած արմատներից ստացվող փոշին և թուրմն ունեն խորխաբեր ու հակաբորբոքային հատկություններ, օգտագործվում են շնչուղիների, միզուղիների, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ժամանակ:
Ուրց սողացող, բազմամյա վայրի բույս է: ՀՀ-ում աճում է լեռնային և նախալեռնային շրջանների քարքարոտ, արևաշատ լեռնալաևջերին, տափաստանային և ալպյան մարգագետիններում, դաշտերում՝ հաճախ առաջացնելով հոծ ճմուտներ: Պարունակում է եթերայուղ (0,1-0,6 %, որի հիմն. բաղադրիչներն են թիմոլը և կարվակրոլը), ֆլավոնիդներ, աղաղանյութեր: Բուժիչ նշանակություն ունի բույսի վերգետնյա մասը, որի եփուկը խորխաբեր է, հականեխիչ և օգտագործվում է բերանի խոռոչի բորբոքումների, ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ:
Փիփերթ, մոլոշ, միամյա կամ բազմամյա խոտաբույս է: ՀՀ-ում աճում է թփուտներում, անտառային բացատներում, այգիներում, ճամփեզրերին և այլուր: Տերևները և ծաղիկները պարունակում են կարոտին, վիտամին C, լորձանյութ, շաքարներ, ներկանյութեր: Պատրաստուկներն ունեն խորխաբեր, հազը փափկացնող, հակաբորբոքային հատկություններ:
Օճառախոտ դեղատու, բազմամյա խոտաբույս է: ՀՀ-ում աճում է Արարատի, Տավուշի, Գուգարքի, Սյունիքի և այլ մարզերի ցանքերում, խոտհարքներում, անտառի բացատներում, ճամփեզրերին և այլուր: Բուժիչ հատկություն ունեն արմատները, որոնք օժտված են լեղամուղ, ջերմիջեցնոդ, ցավերը հանգստացնող ազդեցությամբ և օգտագործվում են լյարդի ու երիկամների հիվանդությունների, պոդագրայի, հազի, քթի և ըմպանի ախտահարումների ժամանակ: Նշանակվում է արտաքին օգտագործման համար՝ մաշկացանով ուղեկցվող նյութափոխանակության խանգարումների և այլ դեպքերում: