Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են ենթաստամոքսային գեղձի բորբոքումների առաջացման պատճառները, մեխանիզմները և բուժման հարցերը (Պ. Սիմավորյան): Գլխուղեղի արյան շրջանառության դեղորայքային կարգավորման հարցերն ուսումնասիրվել են Լ. Հովհաննիսյանի անվ. սրտաբանության ինստ-ում (Վ. Սամվելյան):

ԱԽՏԱՆՈՒՆ, դիագնոզ, համառոտ բժշկ. եզրակացություն հիվանդության և հիվանդի վիճակի մասին: Ա. հաստատվում է բժշկության հատուկ բնագավառի՝ ախտորոշման մշակած մեթոդներով: Ա. դրվում է առկա հիվանդության ախտանշանների, հիվանդի հարցուփորձի (տես Վերհուշություն), ինչպես նաև բազմակողմանի հետազոտության արդյունքների հիման վրա՝ որոշակի հիվանդություններին բնորոշ ախտանշանների հետ համեմատելով: Ճշգրիտ Ա. կարևոր է ոչ միայն բուժման ճիշտ ընտրության, աշխատունակության կանխորոշման, այլև անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար:

ԱԾԽԱՋՐԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ, տես Ածխաջրեր հոդվածում:

ԱԾԽԱՋՐԵՐ, ածխաջրատներ, շաքարներ, օրգ. միացությունների դաս: Կազմված են ածխածնից, թթվածնից և ջրածնից: Կառուցվածքով և քիմ. հատկություններով ունեն շաքարների բնույթ: Սպիտակուցների և ճարպերի հետ միասին Ա. կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության գործում: Մտնում են բուս., կենդ․ և բակտերիային օրգանիզմների կազմության մեջ: Բոլոր օրգ. սննդանյութերն առաջանում են բույսերում՝ ֆոտոսինթեզի ընթացքում (տես Լույս) գոյացող Ա-ից: Մոտավոր հաշվարկներով ամեն տարի Երկրի վրա ֆոտոսինթեզի միջոցով գոյանում են շուրջ 4.1011 տ Ա.: Լինելով մարդու և բազմաթիվ կենդանիների սննդի կարևոր բաղադրամասը՝ ապահովում են նրանց կենսագործունեության համար անհրաժեշտ հիմն. էներգիայով: Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է Ա-ի հաշվին:

Ա. կարևոր նշանակություն ունեն որպես հիմն․ շինանյութ բույսերի և կմախք՝ միջատների, խեցգետնակերպերի ու մյուս օրգանիզմների համար: Մտնում են բջջապատի, շարակցական հյուսվածքի հիմն․ նյութի կազմության մեջ, բացի այդ, բարդ կենսապոլիմերների, օրինակ՝ գլիկոպրոտեիդների բաղադրության մեջ Ա. կարող են լինել կենսբ. ինֆորմացիայի կրողներ և պայմանավորել այդ միացությունների իմունաբան. առանձնահատկությունը: Այսպես՝ արյան պատկանելությունը որևէ խմբի որոշվում է արյան խմբային նյութերի կազմության մեջ մտնող Ա-ի կառուցվածքով և հաջորդականությամբ (տես Արյան խմբեր): Հաստատվել է բջիջների մակերևույթի նյութերի բաղադրիչ մասը կազմող Ա-ի կարևոր նշանակությունը բջիջների փոխներգործություններում: Նույն տիպի բջիջների միմյանց «ճանաչումը», տարբերակումը, աճումը, կենսապոլիմերների (սպիտակուցներ, նուկլեինաթթուներ ևն) արտազատումը պայմանավորված են բջիջների մակերևույթի Ա-ի առանձնահատուկ գործունեությամբ: Պարզվել է, որ դրանք կարևոր են չարորակ ուռուցքների առաջացման, վիրուսների ու բջիջների փոխներգործության գործընթացներում: Մարդու և կենդանիների օրգանիզմում որոշ բարդ Ա. (օրինակ՝ հիալուրոնաթթուն) «քսանյութերի» ֆունկցիա են կատարում և ծառայում են որպես հեղուկ միջավայր բջիջների տեղաշարժման համար, դրանցով պատվում են շփվող, օրինակ՝ հոդային մակերևույթները: Որոշ Ա. (վիտամին C, վիտամին B15, հեպարին) օժտված են առանձնահատուկ կենսբ. ակտիվությամբ:

Ա-ի դասը բաժանվում է հետևյալ խմբերի.

- միաշաքարներ կամ պարզ շաքարներ՝ խաղողաշաքար (գլյուկոզ), պտղաշաքար (ֆրուկտոզ).

- օլիգոշաքարներ. պարունակում են 2-ից (երկշաքարներ) մինչև 10 միաշաքարային մնացորդներ, որոնք միմյանց միացած են հատուկ գլիկոզիդային կապերով (եղեգնաշաքար՝ սախարոզ, ածիկաշաքար՝ մալթոզ, կաթնաշաքար՝ լակտոզ ևն).

- բազմաշաքարներ կամ բարձրակարգ Ա., որոնք կազմված են բազմաթիվ միաշաքարային մնացորդներից (օսլա, գլիկոգեն, թաղանթանյութ ևն):

Բնության մեջ առավել տարածված միաշաքարը խաղողաշաքարն է: Ազատ վիճակում պարունակվում է քաղցր մրգերում, մարդու և կաթնասուն կենդանիների արյան պարտադիր բաղադրիչներից է:

Առավել տարածված միաշաքարներից՝ հեքսոզներից (մոլեկուլում 6 ածխածնի ատոմ պարունակող Ա.) են մանոզը և գալակտոզը: Մանոզը կարող է հանդիպել ազատ վիճակում, բայց առավել հաճախ այլ միաշաքարների հետ միացած գտնվում է երկար, բազմաշաքարային շղթաներում կամ գլիկոպրոտեիդների կազմության մեջ: Գալակտոզն ազատ վիճակում չի հանդիպում: Այն խաղողաշաքարի հետ մտնում է կաթնաշաքարի, ինչպես նաև շատ բազմաշաքարների և գլիկոպրոտեիդների բաղադրության մեջ:

Գալակտոզի փոխանակության խանգարումը, օրգանիզմի կողմից այն չյուրացվելը հանգեցնում են ծանր ժառանգ․ հիվանդության՝ գալակտոզարյունության (գալակտոզեմիայի): Երեխան, սնվելով մայրական կաթով, ստանում է մեծ քանակությամբ գալակտոզ, որի օգտագործման խանգարման դեպքում նկատվում է քաշի աստիճանական անկում, ֆիզ. և մտավոր թերզարգացում, ոսպնյակի մթագնում, լյարդի մեծացում, որոշ դեպքերում՝ ցիռոզ: Հիվանդությունը կրծքի երեխաների համար կարող է մահացու լինել: Գալակտոզարյունությունն ուղեկցող շատ ախտաբան․ փոփոխություններ հետևանք են հյուսվածքներում և օրգաններում գալակտոզի փոխանակության արդյունքում թունավոր նյութերի կուտակման: Ժամանակին ախտորոշելիս և սննդից կաթնաշաքարն ու գալակտոզը լրիվ հեռացնելիս երեխայի աճն ու զարգացումը բնականոն են ընթանում:

Պտղաշաքարն ազատ վիճակում պարունակվում է մեղրում, որոշ մրգերում: Խաղողաշաքարի հետ այն առաջացնում է սննդի համար առավել էական նշանակություն ունեցող եղեգնաշաքար:

Ամենակարևոր պենտոզներից (մոլեկուլում 5 ածխածնի ատոմ պարունակող Ա-ից) են ռիբոզը և դեզօքսիռիբոզը, որոնք մտնում են ռիբոնուկլեինաթթուների և դեզօքսիռիբոնուկլեինաթթուների (տես Նուկլեինաթթուներ) կազմության մեջ: Ներկայումս հայտնի է մոտ 70 միաշաքար, որոնցից 20-ը հայտնաբերվել է բնության մեջ, մնացածը սինթեզվել արհեստ. եղանակով:

Երկշաքարներից կարևոր նշանակություն ունեն ածիկաշաքարը, կաթնաշաքարը և եղեգնաշաքարը:

Ածիկաշաքարը կազմված է խաղողաշաքարի 2 մնացորդից: Առաջանում է բույսերի և կենդանիների հիմն․ պահեստային Ա-ի՝ օսլայի և գլիկոգենի մասնակի՝ հիդրոլիզային ճեղքման ժամանակ և ունի կարևոր սննդային նշանակություն: Որոշ մարդիկ տառապում են ածիկաշաքարի և իզոածիկաշաքարի նկատմամբ բնածին անհանդուրժողականությամբ, որն աղիքահյութում դրանք ճեղքող ֆերմենտների բացակայության հետևանք է:

Կաթնաշաքարը կազմված է գալակտոզի և խաղողաշաքարի մնացորդներից: Մեծ քանակությամբ պարունակվում է կաթնասունների կաթում, մայրական