Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բորբոքման դեպքում ցավերը և ջերմաստիճանի բարձրացումը չեն ուղեկցվում տեսանելի տեղային փոփոխություններով: Ախտորոշում է միայն բժիշկը:

Ե-ի դեպքում անհրաժեշտ է ախտահարված վերջույթի հանգիստ: Կանխարգելումը. մաշկի (առանձնապես ոտնաթաթերի) լավ խնամք, փոքր վնասվածքների և մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների ժամանակին բուժում:

ԵՐԱԿԱՅԻՆ ՃՆՇՈՒՄ, տես Արյան ճնշում հոդվածում:

ԵՐԱԿՆԵՐ, արյունն օրգաններից ու հյուսվածքներից դեպի սիրտը տանող արյունատար անոթներ: Ե-ի պատերը կազմված են 3 շերտից՝ արտաքին (շարակցական), միջին (մկանային) և ներքին (էնդոթելային): Ե-ի պատերը զարկերակայինից բարակ են, հեշտությամբ ձգվում են, կարող են թուլանալ և ոչ միշտ են պարունակում հարթմկանային բջիջներ: Դրա հետ կապված՝ տարբերում են մկանային և ոչ մկանային Ե.: Վերջին ձևի Ե-ով (ուղեղապատյանների, աչքի, փայծաղի և. այլ Ե.) արյունը շարժվում է ուժի և ծանրության ազդեցությամբ, մկանային Ե-ով (բազկային, ազդրային ևն)՝ ծանրության ուժը հաղթահարելով:

Ե-ի ներքին շերտն առաջացնում է գրպանիկների նման ծալքեր՝ փականներ, որոնք 2-ական տեղակայված են իրարից որոշակի հեռավորության վրա և խոչընդոտում են արյան հետհոսքը: Փականների դերը հատկապես մեծ է մարմնի ստորին կեսի Ե-ում, քանի որ դրանցով արյունը բարձրանում է՝ հաղթահարելով ծանրության բավականաչափ ուժ: Սիներակներով դեպի սիրտն արյան շարժման մեջ մեծ դեր է խաղում կրծքի խոռոչի ներծծող հատկությունը (բացասական ճնշում): Մարմնի մկանների կծկումը (քայլելիս, վազելիս), երբ կարծես թե տեղի է ունենում հյուսվածքներից արյան մղում, նույնպես նպաստում է Ե-ով արյան հետհոսքին: Երակի տրամագիծը համապատասխանում է օրգանի ֆունկցիոնալ նշանակությանը:

Արյան մեծ շրջանառության (տես Սիրտանոթային համակարգ) Ե. օրգաններից ու հյուսվածքներից հավաքում են ածխածնի երկօքսիդով, ներզատիչ գեղձերի հորմոններով, նյութափոխանակության արգասիքներով և այլ նյութերով հարուստ արյունը ու տանում դեպի աջ նախասիրտ: Փոքր շրջանառության Ե. (2 աջ և 2 ձախ թոքային) ապահովում են թոքերից դեպի ձախ նախասիրտ եկող թթվածնով հարուստ արյան հետհոսքը: Մեծ շրջանառության Ե. արյուն են ընդունում մարմնի բոլոր մասերից, օրգաններից ու հյուսվածքներից և միաձուլվելով՝ կազմում 2 խոշոր՝ վերին ու ստորին սիներակները, որոնք թափվում են աջ նախասիրտ: Դրա մեջ է բացվում նաև սրտի երակածոցը, ուր թափվում են սրտի պատի Ե.: Հատկապես առանձնանում է դռներակային համակարգը:

Վերին սիներակն արյուն է ընդունում գլխի, պարանոցի, վերին վերջույթների և կրծքի խոռոչի Ե-ից: Այն առաջանում է աջ և ձախ բազկագլխային Ե-ի միաձուլումից (ձախը բավականին երկար է աջից): Յուրաքանչյուր բազկագլխային երակ սկսվում է ենթանրակային և ներքին լծերակի միաձուլումից: Ներքին լծերակը գլխի և պարանոցի Ե-ից գլխավորն է: Այն արյուն է տանում գանգի խոռոչից, գլխուղեղից, իսկ պարանոցի վրա ընդունում է դեմքի, լեզվի, ըմպանի, վահանագեղձի և այլ Ե.: Ենթաանրակային երակն անութային երակի անմիջական շարունակությունն է և արյուն է ընդունում պարանոցի ստորին բաժիններից, ուսագոտու մկաններից, ուսահոդից և վերին ազատ վերջույթներից: Վերին վերջույթի Ե. լինում են մակերեսային և խորը: Խորը Ե. (սովորաբար երկուսն են) ուղեկցում են համանուն զարկերակներին (երակ-ուղեկիցներ): Դաստակի խորը Ե. թափվում են նախաբազկի խորը Ե-ի մեջ, իսկ վերջիններից կազմավորվում են 2 բազկային Ե., որոնցից էլ սկիզբ են առնում անութային Ե.: Մակերեսային Ե. գտնվում են ենթամաշկում և գոյացնում են 2 առավել խոշոր Ե.՝ գլխային և հիմն.: Արմնկային ծալքի շրջանում առջևից դրանց իրար է միացնում արմունկի միջնակ երակը (որի միջոցով կատարում են ներերակային ներարկումներ, նաև արյուն են վերցնում հետազոտության համար): Հիմն. երակը թափվում է բազկային երակի, իսկ գլխայինը՝ անութայինի մեջ:

Ստորին սիներակն ամենահզոր երակային ցողունն է, որով աջ նախասիրտ է թափվում ստորին վերջույթներից, որովայնի և կոնքի խոռոչների պատերից ու օրգաններից եկող արյունը: Այդ երակը ձևավորվում է որովայնի խոռոչում աջ և ձախ ընդհանուր զստային Ե-ի միաձուլումից և ստոծանու երակային բացվածքով անցնում կրծքի խոռոչ: Զստային ընդհանուր Ե-ից յուրաքանչյուրը կազմվում է ներսային և դրսային զստային Ե-ից: Ներսային զստային երակով հոսում է կոնքի խոռոչի պատերից և օրգաններից եկող արյունը: Դրսային զստային երակն ազդրային երակի անմիջական շարունակությունն է և արյուն է հավաքում ստորին ծայրանդամներից, որոնց Ե. լինում են մակերեսային և խորանիստ:

Մակերեսայինները կամ ենթամաշկայիններն առաջացնում են երակային ցանց և թափվում 2 գլխ. երակային հավաքիչ-բաշխիչների՝ մեծ ու փոքր ենթամաշկային Ե-ի մեջ: Ենթամաշկային մեծ երակը, սկսվելով ոտնաթաթի ներսային եզրի երակային ցանցից, բարձրանում է սրունքի և ազդրի ներսային եզրով ու աճուկային ծալքերից մի փոքր ցած լցվում ծնկափոսային երակի մեջ: Խորանիստ Ե., երակ-ուղեկիցների նման, ուղեկցում են ոտնաթաթի, ծնկի համանուն զարկերակներին և ծնկափոսում առաջացնում համանուն երակ, որը վերածվում է ազդրայինի:

Դռներակով ամբողջ արյունը որովայնի խոռոչի ներքին կենտ օրգաններից (ստամոքս, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ և աղիքներ) թափվում է լյարդ: Դռներակը լյարդային զարկերակի հետ մեկտեղ մտնում է լյարդի դրունք (այստեղից էլ՝ անվանումը), բաժանվում բլթային, այնուհետև միջբլթային Ե-ի: Լյարդի բլթերում միջբլթային Ե-ից ու զարկերակներից գոյանում են ծոցանման լայն մազանոթներ (սինուսոիդներ), որոնք տեղադրված են լյարդային բջիջների միջև և կարևոր են լյարդի բազմատեսակ ֆունկցիաների (հատկապես պաշտպան.) իրականացման համար (տես Մարսողական համակարգ): Բլթակների կենտրոնում դրանք միաձուլվում են և վերածվում կենտր. Ե-ի, որոնք արյուն են տանում դեպի ներքին՝ դռներակի մեջ թափվող 2-3 լյարդային Ե.: Դռներակի ճյուղերի, որովայնի խոռոչի առաջային և հետին պատերի վրա՝ վերին և ստորին սիներակների միջև, ինչպես նաև որոշ օրգաններում (օրինակ՝ կերակրափողի ստորին բաժնում, ուղիղ աղիքում) գոյանում են երակային բերանակցումներ (անաստամոզներ): Դրանք, որպես երակային հոսքի մոտակա ուղիներ, մեծ դեր են խաղում գլխ. խոշոր երակային անոթներով արյան հոսքի դժվարացման ժամանակ: Օրինակ՝ լյարդի դռներակային համակարգով երակային հոսքի դժվարացման (դռներակը լեղապարկի ծորանի քարով սեղմվելիս, լյարդի ցիռոզի, այդ թվում՝ ալկոհոլային) ժամանակ երակային արյունն անցնում է հարպորտային Ե., այնուհետև որովայնի առաջային պատի ենթամաշկային այլ Ե., որոնք փքվում են, քուղանման ոլորվում և երևում են մաշկի տակից. դա վկայում է արյան շրջանառության խանգարման մասին:

Ե-ի ընդհանուր թիվը գերազանցում է զարկերակների թվին, դրանք ավելի հաճախ զարկերակներին ուղեկցում են զույգերով,