կտրուկ փոփոխություն) ազդեցությամբ: Սկսած 3-4 ամսականից՝ երեխայի գործունեությունն առավելապես կրում է խաղային բնույթ, ձեռքերով, ոտքերով խաղալու ժամանակ առաջանում են 1-ին հույզերը՝ նպատակուղղված տարրական շարժումների կատարումից բավարարվածությունը: Միաժամանակ այդ խաղային գործողությունները նախադրյալներ են ստեղծում իր մարմնի մասին աստիճանաբար պատկերացումներ ձևավորելու համար: Ըստ շարժող. հմտությունների կատարելագործման աստիճանի՝ պայմաններ են ստեղծվում խաղային գործունեության բարդացման համար, երեխայի համար մատչելի է դառնում տարբեր առարկաների հետ վարվելաձևը:
Շարժող. ֆունկցիաների կատարելագործմանը զուգընթաց զարգանում է երեխայի հուզ. ոլորտը, կյանքի 1-ին օրերից սկսած առաջանում են տարրական զգացմունքներ և հույզեր (ամենից առաջ՝ բացասական)՝ որպես պատասխան անբարենպաստ ազդեցություններին (շրջապատող միջավայրի ջերմաստիճանի նվազում, աղիքների գերլցվածություն կամ դատարկ ստամոքսի կծկումներ, երեխային դիմելիս մեծերի խիստ տոն): Եթե կյանքի ամենավաղ շրջանում հույզերը կրում են անպայման ռեֆլեքսային բնույթ (այսինքն՝ առաջանում են կենս. կարևոր գրգռիչներին ի պատասխան), ապա 2-3-րդ ամիսներից որոշ հուզ. հակազդեցություններ ձեռք են բերում պայմանառեֆլեքսային բնույթ (տես Ռեֆլեքսներ): Օրինակ՝ մոր մոտենալը, ծանոթ կաթի շիշը երեխայի մոտ առաջացնում են դրական հուզ. հակազդեցություն, որպես դրական հուզում՝ 1-ին ժպիտի ի հայտ գալը կարող է նկատվել արդեն նրա կյանքի 2-րդ ամսում: Կյանքի 6-7-րդ ամսում երեխան ունենում է ուրախ հույզեր՝ խաղալիքների տեսքից, 9-10 ամսականում նա ընդունակ է խանդի զգացում ապրել, երբ մեծերն ուրիշ երեխայի են դիմում, նրա մոտ առաջանում է զարմանք, որի միջոցով երեխան արձագանքում է նոր, արտասովոր երևույթին: Դա վկայում է շրջապատի հանդեպ գիտակցական վերաբերմունքի ի հայտ գալու, հիշողության զարգացման մասին:
Գիտակցական գործունեության անհրաժեշտ նախապայման է ուշադրության կենտրոնացումը: Կյանքի 1-ին ամսվա վերջին երեխան գեթ մի քանի վրկ կարող է հետևել վառ գույներով առարկային, իսկ մի քանի ամիս անց նա ընդունակ է բավականին երկար ուշադրությունը պահել առարկայի վրա: Սակայն ուշադրությունը կենտրոնացնելու ունակությունը դեռևս շատ թույլ է, շրջանակը՝ նեղ, անկայուն:
Հոգեկանի զարգացման 2-րդ շրջանում շարժող. հակազդեցություններն իրենց բարդացման և տարբերակման գործընթացում դառնում են երեխայի հոգեշարժ. գործողությունների ձևավորման հիմքը, որոնք շարունակ ձեռք են բերում գիտակցական բնույթ: Այդ տարիքում խաղալիքներով տարբեր գործողություններ կատարելն իր մեջ ներառում է ոչ միայն նպատակաուղղված շարժումների, այլև գիտակցության տարրեր (այսինքն՝ երեխայի վերաբերմունքը դեպի շրջապատող միջավայրը):
2-րդ շրջանի սկիզբը բնորոշվում է հորիզոն. դիրքից ուղղաձիգին անցնելով (երեխան սկսում է ինքնուրույն կանգնել, քայլել), որը նախադրյալներ է ստեղծում նրա զարգացման որակ. կտրուկ տեղաշարժերի համար: Քայլելու ֆունկցիայի ձևավորումը, ինքնուրույն տեղաշարժման հնարավորությունը խիստ մեծացնում են շրջապատող միջավայրի մասին երեխայի ստացած տեղեկության և տպավորությունների ծավալը, ընդլայնում մարդկանց հետ հաղորդակցվելու հնարավորությունները:
Այդ շրջանում երեխայի հոգեկանի զարգացման համար կարևոր նշանակություն ունի խոսքին տիրապետելը: Խոսքի ի հայտ գալը էապես ազդում է հոգեկան մյուս ֆունկցիաների (իմացական գործունեություն, հուզ. ոլորտ ևն) վրա: Այսպես՝ հուզ. ոլորտի զարգացման և բարդացման համար կարևոր նշանակություն ունի մեծերի խոսքային գնահատականը երեխայի և նրա գործողությունների հանդեպ: Շատ կարևոր է, որ խոսքային գնահատականը՝ «սա լավ է, սա վատ է», ամրապնդվի ձեռքերի, դիմախաղի, արտասանական համապատասխան երանգավորմամբ, քանի որ այդ տարիքում հուզ. երանգավորումից զուրկ խոսքը չի ազդում երեխայի վրա: Զարգանում է կամքը՝ ցանկացածն ստանալու ձգտումը, ի հայտ է գալիս հաստատակամությունը: 3 տարեկանը երբեմն անվանում են 1-ին համառության տարիք: Իսկ համառությունը ցանկությունների հակադրությունն է և դրանք պաշտպանելը: Երեխան սկսում է գիտակցել իրեն, իր եսը՝ անձը:
Կյանքի 2-3-րդ տարում արդեն զարգանում են գեղագիտ. տարրական զգացմունքներ, ինչպես նաև ճանաչող. հույզեր: 1 տարեկան երեխային բնորոշ զարմանքի զգացումը փոխարինվում է հետաքրքրասիրությամբ, որով և պայմանավորվում է այդ շրջանին խիստ բնորոշ հարցասիրությունը:
3-րդ շրջանում նախկինում զարգացած հույզերը դառնում են ավելի խորը, կայուն, նախկինում շրջապատողների հետ շփվելիս քիչ տարբերակված ուրախ զգացումն աստիճանաբար վերաճում է համակրանքի, մտերմության առավել բարդ զգացմունքի, կազմավորվում են հուզ. հարաբերությունների տարրեր: Ձևավորվում են բարձրագույն բարոյական հույզեր՝ նրբազգացություն, հոգատարություն, բարեկամություն, ընկերականության և պարտքի զգացում: Հուզ. ոլորտի աստիճան. բարդացման և հասունացման հետ մեկտեղ զարգանում են հոգեկան այլ ֆունկցիաներ՝ ընկալում և զգայություն, հիշողություն և ուշադրություն, շարժող. ոլորտ, կամք: Զարգացման 2-րդ և 3-րդ շրջաններում արդեն կազմավորվում է երեխայի մտածող. գործունեությունը, ձևավորվում են պարզ, այնուհետև ավելի բարդ հասկացություններ ու դատողություններ:
Հոգեկանի զարգացման 4-րդ շրջանը բնորոշվում է երեխայի մտածող. գործունեության հիմն. ձևավորմամբ: Երեխան արդեն կարող է ինքնուրույն դատողություններ անել, մտքում կազմել նախն. գործողությունների և արարքների տրամաբան. պլան, հետևողականորեն վերլուծել փաստերը, եզրակացություններ անել: Նա ազատ օգտվում է վերացական հասկացություններից ու կատեգորիաներից: Իմացական գործունեության զգայական ձևերին աստիճանաբար փոխարինելու են գալիս տրամաբան. մտածողությունը, նախկին անհատ. մտածողությունը ձեռք է բերում կոլեկտիվ, հաս. գիտակցության բնորոշ գծեր: Հենց այդ շրջանում են վերջնականապես ձևավորվում մարդկային վեհ՝ իմացական, գեղագիտ., բարոյական զգացումները:
Երեխայի հոգեկանը զարգանում է անհամաչափ, երբեմն նկատվում են կտրուկ տեղաշարժեր, հանկարծակի ի հայտ են գալիս որակ. նոր հատկանիշներ: Բնականոնից ցանկացած շեղումներ (ինչպես հասունացման դանդաղումը, այնպես էլ արագացումը) ի հայտ գալիս անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետների հետ: Կենսբ. և հոգեկան զարգացման մեջ տարբերում են 3 ճգնաժամային փուլեր՝ 3-4, 7-8 և 12-14 տարեկաններում: Բուռն ընթացող ֆիզ. և հոգեկան զարգացումն այդ շրջաններում հաճախ առաջացնում է օրգանիզմի բոլոր ֆունկցիոնալ համակարգերի լարվածություն, բարձրանում է ընկալունակությունը հիվանդությունների, այդ թվում՝ նյարդահոգեկան (պսիխոզներ, նևրոզներ), հանդեպ: Հատկապես զգուշություն է պահանջում 3-րդ, այսպես կոչված,