արբունքի ճգնաժամային շրջանը, որը բնորոշվում է դեռահասների սեռ. հասունացմամբ և դրա հետ կապված հորմոնային վերակառուցմամբ, վեգետատիվ-անոթային կտրուկ տեղաշարժերով:
Երեխայի հոգեկանի զարգացման շրջանները շատ բանով սխեմայական են և պայման.: Յուրաքանչյուր երեխայի զարգացման անհատ. առանձնահատկությունները կարող են նշանակալի փոփոխություններ մտցնել այդ սխեմայի մեջ: Մյուս կողմից՝ վերջին ժամանակներս հասունացման օրինաչափությունների մեջ էական շտկումներ (ֆիզ. և հոգեկան) են կատարվում, այսպես կոչված, ակցելերացիայի ֆենոմենով (ժամանակակից երեխաների և դեռահասների աճման ու զարգացման արագացումը): Հաստատվել է, որ վերջին տասնամյակներում էապես փոխվել են երեխաների ֆիզ. զարգացման հիմն. ցուցանիշները՝ հասակը (տես Մարդու հասակը), քաշը (տես Մարդու քաշը), կրծքի շրջագիծը ևն: Վերջին 30 տարում նորածինների միջին քաշը և հասակն ավելացել են: Դպրոց. տարիքի ժամանակակից երեխաները 10-15 սմ-ով բարձր են, քան նրանց հասակակիցները 30-40 տարի առաջ: Դրա հետ մեկտեղ վերջին տասնամյակներում նկատվում է դեռահասների ավելի վաղ սեռ. հասունացում:
Ակցելերացիան դրսևորվում է նաև ժամանակակից երեխաների հոգեկան հասունացման ժամկետների ու տեմպի տեսակետից:
Այսպես՝ վերջին ժամանակներս շատ երեխաների մոտ ավելի վաղ են ձևավորվում խոսքը (1-ին բառերն արտասանում են արդեն 11-12 ամսականում), բնավորությունը, վաղ են հասունանում ընդհանրացման, վերացական մտածողության ունակությունները ևն: Դրա հետ մեկտեղ բազմաթիվ հետազոտություններ վկայում են այն մասին, որ ֆիզ. և հոգեկան զարգացումը ոչ միշտ է տեղի ունենում հավասարաչափ և ներդաշնակ: Հաճախ նկատվում է ֆիզ. (այդ թվում՝ սեռ.) արագ զարգացման և երեխայի ու դեռահասի անձի հասունացման տեմպի անհամապատասխանություն: Արդյունքում ֆիզ. և սեռ. տեսակետից հասուն դեռահասների մոտ զարգացման որոշ շրջանում ի հայտ են գալիս հոգեկան մանկականության (ինֆանտիլիզմ) գծեր (բարձր ներշնչելիություն, կողմնակի ազդեցություններին ենթարկվածություն, ցանկություններն արագ բավարարելու հակում): Դա կարող է նպաստել դեռահասի վարքի այս կամ այն խանգարումների առաջացմանը, իսկ սխալ դաստիարակության և ուսուցման ժամանակ դրսևորվել որպես դեռահասի անձի աղավաղված ձևավորման նախապայման:
Տես նաև Կրծքի Երեխա, Մսուրային տարիք, Նախադպրոցական տարիք, Դպրոցական տարիք, Դեռահասություն:
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍԽԱԼՆԵՐ, մեծահասակների (հաճախ ծնողների) չափազանց խիստ կամ ավելորդ սիրառատ վերաբերմունքը երեխաների նկատմամբ, որը նրանց ֆիզ., հոգեկան կամ բարոյական վնասվածք է պատճառում և բացասաբար է ազդում ապագա քաղաքացու առողջ. վիճակի, բարոյական հատկանիշների վրա:
Այդպիսի սխալների հիմն. աղբյուրը երեխաների հանդեպ մեծահասակների թույլ տված ծայրահեղություններն են: Այդ տեսակետից երեխայի ֆիզ. և հոգեկան առողջության համար վտանգավոր են ինչպես չափից ավելի դաժանությունը, այնպես էլ խիստ, երեխայի արժանապատվությունը նսեմացնող վիրավորական գործողությունները, հրամայական տոնը, երեխայի համար անհասկանալի, չարդարացված պատիժները (հատկապես՝ ֆիզ.) կամ լիակատար ներումը, քմահաճույքների և անսահմանորեն աճող պահանջների կատարումը: Դաստիարակության սխալները հաճախ հանգեցնում են բարոյապես թերարժեք, անկայուն անձի ձևավորման:
Տարբերում են ծնողների և հարազատների մանկավարժ. սխալների մոտակա և հեռավոր հետևանքներ: Ծեծի կիրառմամբ պատիժները ծանր են անդրադառնում երեխայի ֆիզ. և հոգեկան վիճակի վրա: Հաճախ դրանք հանգեցնում են ծանր հետևանքների (կոտրվածքներ, գանգագլխուղեղային վնասվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ), որոնք կարող են հաշմանդամության պատճառ դառնալ: Երեխաների մեծամասնությունը ծանր է տանում ծնողների կողմից ծեծի կիրառումը, եթե նույնիսկ նրանք կատարել են պատժի արժանի արարք:
Կոպիտ ուժի հանդեպ անպաշտպանության զգացումը կարող է հանգեցնել նյարդահոգեկան խանգարումների, ծնողների հետ վաղ ընդհարումների, օտարներին ենթարկվելու նախատրամադրություն, երբեմն վատ արարքներ կատարելու հակում և նույնիսկ կարող է ինքնասպանության փորձերի պատճառ դառնալ: Երեխաները ծանր են տանում նաև անիրավացի վիրավորանքը, արժանապատվությունը նսեմացնող պատիժները, կոպտությունը, անարդարությունը: Ցանկացած բարոյական բռնություն անխուսափելիորեն հանգեցնում է հոգեկան վնասվածքի, որը կարող է դրսևորվել սուր վիրավորանքի, մշտ. վախի, նյարդային հակազդեցությունների, նևրոզի ձևով և ազդել երեխաների հոգեկանի, անհատ. հատկանիշների ձևավորման վրա:
Դաստիարակության սխալների հեռավոր հետևանքներն անդրադառնում են կենսակերպի, արդեն ձևավորվող մարդու բարոյական վարքագծի վրա: Եսամոլությունը, կյանքի դժվարությունները հաղթահարելու անկարողությունը, անպատասխանատվությունը, հաս. պարտքն արհամարհելը, սեփական անձի գերագնահատումը և դրա հետ կապված իր պահանջներն ու ցանկությունները բավարարելու համար միջոցների մեջ խտրություն չդնելը, որպես կանոն, արդյունք են «ջերմոցային» դաստիարակության: Դրանք հաճախ բնորոշ են այն երեխաներին, որոնք մեծանում են լիակատար ներողամտության պայմաններում իրենց երեխային սիրահարված և կուրորեն հավատացող, նրա բացառիկության, տաղանդի, փայլուն ապագայի վերաբերյալ պատկերացումներ ներշնչող, երեխայի քմահաճույքները կատարող, երեխային կանոնավոր աշխատանք, կարգ ու կանոն չսովորեցնող, մերձավորների նկատմամբ հոգացողություն, մտերիմների, հասարակության, հայրենիքի նկատմամբ պարտքի զգացում չդաստիարակոդ ծնողների ավելորդ զգացմունքների դրսևորման դեպքում:
Ոչ պակաս լուրջ են երեխաների հանդեպ դաժան և կոպիտ վերաբերմունքի հետևանքները: Դաժանության և անձի վրա բռնության գործադրումը, պատժվելու կամ ծնողի զայրույթի հանդեպ վախը երեխային ստիպում են ճշմարտությունը թաքցնել ծնողներից, նրանք դառնում են գաղտնապահ, ստախոս, շողոքորթ, անսկզբունքային: Մյուս կողմից՝ կարող են զարգանալ ենթագիտակցական համոզվածություն՝ ուրիշներին՝ ընդհանրապես, իսկ մտերիմներին՝ հատկապես վիրավորելու, թույլերի, փոքրերի, կանանց հանդեպ բռնությունների թույլատրելիության և անպատժելիության հնարավորություն (մարդատյացությունը որպես բնավորության գիծ), սադիստական հակումներ և վարքի հակասոցիալ. այլ ձևեր ու վերաբերմունք շրջապատողների հանդեպ: Բոլոր դեպքերում ընտանեկան դաստիարակության մանկավարժ. սխալները նպաստում են մարդու սոցիալ. հարմարվածության դժվարացմանը, կարող են խանգարել միջանձնային հարաբերությունները, ստեղծել ընտանեկան և հաս. կյանքի աններդաշնակություն:
Ե.դ.ս-ի պատճառները բազմատեսակ են: Նյութ. ապահովվածության ցածր մակարդակը