տիպին: Նրանց բնորոշ են մտավոր և ֆիզ. ուժերի պահպանվածությունը, որոշակի ակտիվությունն ու աշխատունակությունը: Նրանք ունեն աշխատելու մեծ ձգտում, լավ հիշողություն, հետաքրքրասիրություն իրադարձությունների և շրջակա աշխարհի երևույթների նկատմամբ: Շարժուն են, մարդամոտ և բարյացակամ, կայուն են գերհույզային իրավիճակներում: Այդ մարդիկ քիչ ընկալունակ են հիվանդությունների և տարբեր վարակների նկատմամբ: Աչքի են ընկնում երեխա ունենալու (մանկածնության) երկարատև շրջանով և բարձր պտղաբերությամբ:
Շատ ծերաբաններ գտնում են, որ երկարակյացների երկար ապրելու և կենսունակությունը պահպանելու պոտենցիալ հնարավորությունները պայմանավորված են գենետիկորեն: Միաժամանակ էական նշանակություն ունեն նաև սոցիալ. գործոնները և բնակչության կենսակերպը:
Երկարակյաց մարդկանց բնորոշ են ոչ միայն առողջության առանձնահատուկ գծերը, այլև կենսակերպի յուրահատկությունները: Նրանց հատուկ է կյանքի կայուն նույնատիպությունը (ստերեոտիպ), աշխատանքի և հանգստի ճիշտ հաջորդափոխումը և կազմակերպումը, վնասակար սովորույթներից (ծխել, ալկոհոլ ևն) հրաժարվելը, չափավոր սնվելը, բարեհաջող և երկարատև ընտանեկան կյանքը: Երկարակյացների մեծ մասը հիմնականում ամբողջ կյանքն ապրում է գյուղ. վայրերում՝ հանգիստ, համաչափ տեմպով: Երկար տարիներ նրանց կյանքում խիստ արտահայտված դինամիկ փոփոխություններ չեն կատարվում:
Մարդու ծերացման օրինաչափություններն ուսումնասիրում է ծերաբանությունը:
Ե-յան խնդիրների հետազոտությունը նախատեսում է շրջակա միջավայրի գործոնների ուսումնասիրումը, կենսաբանագենետիկ. հետազոտությունների կատարումը, բնակչության կենսակերպի վերլուծությունը: Աշխատունակության շրջանի երկարացմանը, ակտիվ ծերացման ապահովմանը նպաստում են ավելի երիտասարդ տարիքում մի շարք տարածված հիվանդությունների կանխումը և դրանց ժամանակին բուժումը:
Համեմատաբար կարճ ժամանակահատվածում Ե-յան մակարդակի էական փոփոխությունները վկայում են այդ երևույթի վրա ներգործելու ռեալ հնարավորությունների մասին, որն իրականացվում է կյանքի սոցիալ-տնտ. պայմանների լավացման և պետ. ու անհատ. կարգով նպատակաուղղված միջոցառումների անցկացման միջոցով:
ՀՀ վիճվարչության տվյալներով՝ 2000-ի հունվ. 1-ին ՀՀ-ում կար 85 և բարձր տարիքի 23236 մարդ (9074 տղամարդ, 14162 կին), 100 և ավելի՝ 356 (82 տղամարդ, 274 կին): 1999-ին կյանքի միջին տևողությունը կազմել է 73,2 տարի (տղամարդկանցը՝ 70,6, կանանցը՝ 75,5):
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ, 1 հղիությունից միաժամանակ ծնված 2, 3 և ավելի երեխաներ:
Մարդկանց մոտ Ե. ծնվում են բավականին հաճախ՝ հիմնականում՝ զույգ (85 ծննդից՝ 1-ը), եռյակ (6000-8000-ից՝ 1-ը), իսկ 3-ից ավելին՝ հազվադեպ:
Բազմապտուղ հղիությանը նպաստում է ժառանգ, նախատրամադրվածությունը (տես Ժառանգականություն): Ե. կարող են առաջանալ 1 (միաձվածին) կամ 2 (և ավելի) ձվաբջիջներից (երկձվածին ևն):
Միաձվածին Ե. ունենում են ընդհանուր ընկերք (նկ. 1), միշտ նույն սեռի են և արտաքուստ իրար շատ նման: Երկձվածին Ե. առաջանում են 2 ձվաբջիջների բեղմնավորումից, պտուղներն ինքնուրույն են զարգանում, ունեն առանձին ընկերքներ և պտղաձվի տարբեր տարրեր: Երկձվածին Ե. լինում են նույն կամ տարբեր սեռերի և կարող են նմանվել ինչպես տարբեր հղիություններից ծնված քույրերն ու եղբայրները:
Բազմապտուղ հղիությունը սովոր մանկաբարձ. հետազոտմամբ հնարավոր է որոշել միայն հղիության 2-րդ կեսին, երբ լսվում են պտուղների 2 կամ ավելի սրտխփոցները: Բազմապտուղ հղիության ժամանակ հաճախ նկատվում են հղիության տոքսիկոզներ, սիրտանոթային համակարգի խանգարումներ, երակների հանգուցավոր լայնացումներ և ոտքերի այտուց, հաճախամիզություն, ինչպես նաև վաղաժամ ծննդաբերություն: Ուստի բազմապտղության կասկածի դեպքում կանայք պետք է հաճախակի այցելեն կանանց կոնսուլտացիա և ծննդատուն դիմեն ծննդաբերելու ենթադրվող ժամկետից 7-10 օր շուտ: Հասուն բազմապտուղ հղիության դեպքում ծննդաբերությունն ընթանում է բարեհաջող, սակայն որոշ առանձնահատկություններով (պտղաջրերի վաղ արտահոսք, երկունքի թույլ ցավեր): Բազմածին մայրերն ավելի հաճախ են ունենում զույգեր, քան առաջնածինները: Բարեխառն գոտում Ե. ծնվելու հաճախությունն ավելի բարձր է, քան տաք երկրներում: Որպես կանոն՝ Ե. տարբերվում են քաշով, հասակով, որը պայմանավորված է արյան շրջանառության ընկերքային միասնական համակարգի միջոցով պտուղներին սննդանյութերի անհավասար բաշխմամբ: Ե., հատկապես անհասները, խիստ խնամքի կարիք ունեն (տես Կրծքի Երեխա, Անհաս Երեխա): Շատ կարևոր է նրանց ճիշտ կերակրումը: Պետք է կերակրել հերթականությամբ՝ մեկ մի, ապա մյուս կրծքով, կաթի անբավարարության դեպքում՝ լրացուցիչ սննդով (մանկաբույժի նշանակումով):
Ե. ծնած մայրերն օգտվում եՆ լրացուցիչ արտոնություններից և պետությունից օգնություն են ստանում (տես Մայրության և մանկության պահպանություն):