զբաղվելու համար անհրաժեշտ է բժշկի թույլտվություն:
Զբոսաշրջիկները պետք է կատարեն հիգիենայի մի շարք պահանջներ: Հագուստը պետք է լինի թեթև, ազատ և շարժումները չկաշկանդող, կարված ամռանը քրտնարտադրությունը չխոչընդոտող, ձմռանը՝ ջերմապաշտպան հատկությամբ գործվածքից: Արշավի համար պետք է վերցնել անձրևից ու քամուց պաշտպանող, անջրանցիկ բաճկոն, լրացուցիչ սպիտակեղեն, սրբիչ, հարդարանքի պարագաներ: Կոշիկները (հատկապես դահուկորդների և հետիոտնի) պետք է լինեն ամուր ու հարմար: Որպեսզի քայլելիս ոտքերը չհարվեն, ցանկալի է հագնել 2 զույգ կիսագուլպա՝ բամբակե, վրայից՝ բրդե: Ոտքերը քրտնելու դեպքում բավական է փոխել միայն բամբակե կիսագուլպան: Ցուրտ եղանակին կարելի է կիսաճտքավոր կոշիկների մեջ դնել թաղիքե միջատակ: Արշավից առաջ կոշիկներին քսել անջրանցիկ քսուք: Դադարների ժամանակ, որպեսզի ոտքերը լավ հանգստանան, խորհուրդ է տրվում հագնել մաշիկներ: Արշավի ժամանակ սովորաբար սնվում են օրը 3 անգամ՝ բարձր կալորիականությամբ, արագաեփ և դյուրամարս սննդամթերքով (մսի ու ձկան պահածոներ, ձվի փոշուց կերակրատեսակներ, ձավարեղենային ու բանջարեղենային խտանյութեր): Ստամոքսաղիքային հիվանդություններից խուսափելու համար պետք է միրգը և բանջարեղենը լավ լվանալ, օգտագործել միայն եռացրած կաթ և ջուր: Արշավների ժամանակ չի կարելի ալկոհոլ օգտագործել, ցանկալի է չծխել: Նպատակահարմար է ընդունել վիտամին C (օրը մոտ 100 մգ)՝ հատկապես թարմ մրգի ու հատապտուղների բացակայության պայմաններում: Արշավի ժամանակ օրգանիզմը շատ հեղուկ է կորցնում, ուստի զբոսաշրջիկը պետք է խստորեն պահպանի խմելու ռեժիմը: Շոգ օրերին օգտակար չէ շատ ջուր խմելը, այն ավելացնում է սրտի բեռնվածությունը, նպաստում արագ հոգնելուն: Խորհուրդ է տրվում ջուր խմել արշավից առաջ, այնուհետև մեծ դադարներին և երեկոյան (օրական մոտ 2,5-3 լ): Շատ զգույշ պետք է լինել վայրի բույսեր, հատապտուղներ, սնկեր օգտագործելիս: Ցանկալի է Նախապես ծանոթանալ տվյալ վայրի սանհամաճարակային վիճակին: Զբոսաշրջիկը պետք է իմանա թունավոր օձերից, միջատներից (հիվանդություններ փոխանցող) ևն պաշտպանվելու միջոցները: Զ-յան խմբում պետք է լինի գոնե մեկը, որ հիվանդությունների ու վնասվածքների ժամանակ կարողանա առաջին օգնություն ցույց տալ: Արշավի յուրաքանչյուր մասնակից պետք է ունենա անհատական վիրակապական փաթեթ, իսկ խումբը՝ դեղարկղիկ (սանիտարական պայուսակում):
1997-ի հոկտեմբերին Ստամբուլում կայացած Զ-յան համաշխարհային կազմակերպության գլխ. ասամբլեայի 12-րդ նստաշրջանին Հայաստանը լիիրավ անդամի կարգավիճակով անդամակցվել է նշված կազմակերպությանը, որը կարևոր քայլ էր միջազգային Զ-յան շուկայում Հայաստանի ներգրավման գործում: Հայաստանում այսօր գործում Են 86 հյուրանոց և հյուրանոցային հանգրվան՝ Սևանում, Դիլիջանում, Կապանում և այլուր: Երևան ժամանած զբոսաշրջիկներին սպասարկում են «Արմենիա», «Անի», «Դվին», «Էրեբունի», «Բաս», «Հրազդան», «Ավիատրանս» հյուրանոցները: 1998-ից սկսած՝ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Թայվանից, Բելգիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից, Լիբանանից, Իտալիայից զբոսաշրջիկների կազմակերպված խմբերի այցելությունները Հայաստան՝ արտասահմանյան երկրների հետ այդ բնագավառի ուղղակի կապի հաստատման վկայությունն են: Նորաստեղծ Զ-յան ֆիրմաները՝ «Սաբերատուր Սևան», «Արմենիա թրավել Մ», «Սաթի Հայաստան», «Էլիտար», «Պրանա», «Դելտա Արմենիա», «Հայբիզնես», «Սպուտնիկ» ևն հիմնականում զբաղվում են արտագնա Զ-յամբ, որոնց երթուղիներն ընդգրկում են բոլոր մայրցամաքները:
1995-ին Հայաստան է եկել 12 հզ. զբոսաշրջիկ, 1996-ին՝ 13 հզ., 1997-ին՝ 23 400, 1998-ին՝ 31.8 հզ., 1999-ին՝ 41 հզ, 2001-ին նախատեսվում է ավելի քան 100 հզ:
Ամերիկահայ Վ. Հովնանյանի կողմից մշակվել է ՀՀ-ում գյուղական Զ-յան զարգացման ծրագիր: Ստեղծվել է (2000-ին) Հայաստանի Զ-յան հովանավորչական հիմնադրամ, որի խնդիրներն են ՀՀ-ում Զ-յան զարգացումը, զբոսաշրջիկների ներհոսքի ծավալի աճը և նրանց սպասարկման ոլորտում միջազգային չափանիշների ապահովումը: ՀՀ կառավարության կողմից հիմնվել է (2000-ին) Զ-յան զարգացման ազգային գործակալություն, որի նպատակն է հւսյկ. Զ-յան արդյունքի խթանումը, տեղեկատվական գովազդային նյութերի (ուղեցույցներ, պաստառներ, քարտեզներ, տեսաերիզներ ևն), ինչպես նաև կադրերի պատրաստումը և վերապատրաստումը, միջազգային Զ-յան ցուցահանդեսներին և տոնավաճառներին մասնակցությունը:
ԶԳԱՅԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ, տես Հոգեկան հիվանդություններ հոդվածում:
ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐ, զգացողության օրգաններ, մասնագիտացված ծայրամասային գոյացություններ, որոնք ապահովում են օրգանիզմի վրա ազդող արտաքին գրգռիչների ընկալումը: Բարձր մասնագիտացված դրդելիության շնորհիվ յուրաքանչյուր զգայարան ապահովում է միայն որոշակի գրգիռների ընկալումը: Մարդու օրգանիզմում տարբերում են տեսողության (տես Աչք), լսողության (տես Ականջ), հոտառության (տես Քիթ, քթի հավելյալ ծոցեր), համի (տես Բերանի խոռոչ) և շոշափման (տես Մաշկ) Զ.: Վերջիններիս կազմության մեջ են մտնում ընկալիչները՝ նյարդային գոյացությունները, որոնք զգացող նյարդաթելերի վերջույթներն են և ընդունակ են դրդվելու յուրահատուկ գրգռիչների ազդեցությունից:
Սուբյեկտիվ զգացողության առաջացման համար անհրաժեշտ է, որ ընկալիչներում առաջացած դրդումը հասնի գլխուղեղի մեծ կիսագնդերի հատուկ բաժիններին: Այսպիսով, յուրաքանչյուր զգայարան զգացողության ձևն ապահովող նյարդային կառուցվածքի բարդ համակարգի՝ վերլուծիչների սոսկ ծայրամասային բաժինն է:
ԶԳԱՅՆՈՒԹՅՈՒՆ, զգայություն, զգայունություն, արտաքին և ներքին միջավայրերից ստացվող գրգիռներին արձագանքելու կենդանի օրգանիզմի ունակություն: Մարդը շրջակա միջավայրի և օրգանիզմի ներքին վիճակի մասին տեղեկություն է ստանում նյարդային համակարգի հատուկ կառուցվածքների շնորհիվ, որոնք նախատեսված են որոշակի ազդեցությունների կամ գրգիռների ընկալման համար:
Տարբեր գրգիռները կամ արտաքին ու ներքին միջավայրի փոփոխությունները մարդն ընկալում է ընկալիչների օգնությամբ: Ըստ տեղադրության՝ տարբերում են 3 տեսակի ընկալիչներ. մակերեսային (արտաընկալիչներ), որոնք գտնվում են մաշկում և լորձաթաղանթներում, խորը (պրոպրիոռեցեպտորներ)՝ տեղադրված են մկաններում ու ջլերում, և ներքին (ինտերոռեցեպտորներ)՝ գտնվում են ներքին օրգաններում: Արտաընկալիչային՝ մակերեսային Զ. օրգանիզմին հնարավորություն է տալիս ընկալել ցավը, արձագանքել հպմանը, ճնշմանը, ջերմաստիճանի փոփոխությանը: Ներքին ընկալիչներն ընկալում են օրգանիզմի ներքին միջավայրում տեղի ունեցող փոփոխությունները: Սեփական ընկալման (պրոպրիոցեպտիվ)