Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա: Ստացված կորագիծը՝ էլեկտրասրտագիրը (ԷՍԳ), կազմված է ատամիկներից և հատվածներից, որոնք արտացոլում են դրդման հաջորդականոuթյունը սրտամկանում: ԷՍԳ-ի ստացման համար սրտի կենսահոսանքները (գործողության հոսանքներ), որոնք տարածվում են ամբողջ մարմնով, գրանցվում են էլեկտրոդների օգնությամբ: Վերջիններն ամրացվում են մարմնի տարբեր հատվածների (կրծքավանդակ, ձեռքեր, ոտքեր) վրա: Արդի էլեկտրասրտագրիչներով կարելի է սրտի աշխատանքը գրանցել հեռախոսի, ռադիոհաղորդիչների օգնությամբ: Նշված մեթոդները հնարավորություն են տալիս հետևել սրտի գործունեությանը ֆիզ. բեռնվածությունների և շարժման պայմաններում, ինչպես նաև մարզիկների, տիեզերագնացների մոտ: Էլեկտրասրտագրիչների կատարելագործման կարևոր առանձնահատկությունը դրանց բազմազանությունն է, չափերի զգալի փոքրացումը, համակարգչային ցանցին միացումը, որը հնարավորություն է տալիս դրանք օգտագործել ամենատարբեր իրավիճակներում, ինչպես նաև գրանցումը կատարել երկար ժամանակահատվածում (ամբողջ օրը և ավելի): ԷՍԳ-ի գրանցումն անվնաս է օրգանիզմի համար (անկախ տևողությունից):

Առողջ մարդկանց ԷՍԳ կախված է մարմնակազմվածքից, տարիքից և այլ գործոններից: Հիվանդությունների դեպքում ԷՍԳ-ի ատամիկների մեծությունը, տևողությունը, ուղղվածությունը, ինչպես նաև հատվածների տեղադրությունը, տևականությունը կարող են զգալիորեն փոփոխվել: Է-յան օգնությամբ կարելի է որոշել սրտի ռիթմի խանգարումները, պսակային արյան շրջանառության վիճակը, սրտի իշեմիկ հիվանդության, սրտամկանի ինֆարկտի բնույթն ու փուլերը: Սրտի հիվանդությունների ախտորոշումը ԷՍԳ-ի օգնությամբ կարևոր տեղ է գրավում հետազոտության գործիքային մեթոդների մեջ: Նշված հիվանդությունների բուժումը հաճախ իրականացվում է ԷՍԳ-ի հսկողությամբ:

ԷԼԵԿՏՐԱՎՆԱՍՎԱԾՔ, օրգանիզմի ախտահարումը էլեկտր. հոսանքով: Հանդիպում է արդ-յան, գյուղատնտեսության մեջ, տրանսպորտում և կենցաղում: Պատճառ կարող է լինել նաև մթն. էլեկտրականությունը (կայծակը): Ախտահարման ծանրությունը կախված է հոսանքի ուժից, լարումից, ազդեցության տևողությունից և ֆիզ. հատկություններից (հաստատուն, փոփոխական): Առավել վտանգավոր է փոփոխ. հոսանքը: Վտանգն աճում է լարման մեծանալուն զուգընթաց: Որքան տևական է հոսանքի ազդեցությունը, այնքան Է. ավելի ծանր է:

Հոսանքի ազդեցությունն օրգանիզմի վրա առաջացնում է զանազան տեղային և ընդհանուր խանգարումներ: Տեղային երևույթները (հպման տեղում) կարող են լինել աննշան ցավային զգացողություններից մինչև ծանր այրվածքներ՝ մարմնի առանձին հատվածների այրմամբ և ածխացմամբ: Ընդհանուր երևույթներն արտահայտվում են կենտր. նյարդային համակարգի, շնչառության օրգանների և արյան շրջանառության գործունեության խանգարումներով: Է-ի ժամանակ դիտվում է ուշագնացություն, գիտակցության կորուստ, խոսքի խանգարում, ջղաձգություններ, շնչառության խանգարումներ (ընդհուպ մինչև դադարը), ծանր դեպքերում՝ շոկ, երբեմն՝ ակնթարթային մահ:

Էլեկտրաայրվածքներին բնորոշ են «հոսանքի նշանները»՝ հաղորդալարի և մաշկի հպման տեղում խիտ կեղերի (մաշկի և հյուսվածքների քայքայում) առաջացումը: Կայծակնահարված անձանց մաշկի վրա մնում են հոսանքի անցման հետքերը՝ կարմրավուն զոլերի ձևով («կայծակի նշանները»): Հոսանքի ազդեցության հետևանքով հագուստը բռնկվելիս առաջանում են այրվածքներ:

Պատահարի վայրում 1-ինը հայտնված մարդը պետք է հիշի, որ նախ անհրաժեշտ է տուժածին ազատել հոսանքի ազդեցությունից: Դրա համար պետք է անջատել անջատիչը կամ ապահովիչը, կտրել կամ հեռացնել (փայտի կամ հոսանք չհադորդող որևէ առարկայի օգնությամբ) հաղորդալարերը: Եթե հնարավոր չէ հեռացնել հոսանքի աղբյուրը, ապա տուժածին պետք է տեղափոխել անվտանգ վայր՝ պահպանելով զգուշության միջոցառումները (չկպչել տուժածի մարմնի բաց մասերին, բռնել միայն նրա հագուստից, նախապես հագնել ռետինե ձեռնոցներ կամ ձեռքերը փաթաթել չոր հագուստով, կանգնել մեկուսացնող առարկայի՝ տախտակի, չոր շորի, ավտոմեքենայի դողի վրա, հագնել ռետինե կոշիկներ): Կանչել շտապ բժշկ. օգնություն, բայց մինչև նրա գալը, հենց դեպքի վայրում անմիջապես կատարել սիրտանոթային համակարգի և շնչառության գործունեության վերականգնում (տես Վերակենդանացում օրգանիզմի): Կիրառել արհեստական շընչառություն՝ «բերան-բերանի» կամ «բերան-քթի» եղանակներով և սրտի փակ մերսում (տես Մերսում սրտի): Արհեստ. շնչառությունը կարելի է դադարեցնել միայն բժշկի ցուցումով կամ հիվանդի շնչառությունն ինքնուրույն վերականգնվելուց հետո: Անթույլատրելի է տուժածին դնել հողի մեջ կամ վրան հող լցնել: Այդ միջոցը հիմնված է բացառապես նախապաշարմունքների վրա և կարող է մահացու լինել, քանի որ, բուժ. ոչ մի արդյունք չտալով, այն կասեցնում է շտապ միջոցառումների իրականացումը: Է. ստացած անձանց պետք է շտապ տեղափոխել հիվանդանոց՝ ընդհանուր ախտահարումների, ներքին օրգանների և էլեկտրաայրվածքների բարդությունների բուժման համար:

Կանխարգելման համար էլեկտրասարքավորումների մոնտաժման, նորոգման և շահագործման ժամանակ պետք է ճշգրտորեն կատարել անվտանգության տեխնիկայի կանոնները: Երեխաներին արգելել էլեկտրահաղորդալարերին և էլեկտրասարքերին ձեռք տալը: Ամպրոպի ժամանակ պետք է անջատել ռադիոսարքավորումներն ու անտենայով հեռուստացույցները (կայծակի հարվածից խուսափելու համար): Անտառում և դաշտում չի կարելի գտնվել բարձր, մենակյաց ծառի տակ, շանթարգելի հողակցման շրջակայքում և բարձրադիր վայրում:

ԷԽԻՆՈԿՈԿՈԶ, մարդու և կենդանիների մակաբուծ. հիվանդություն: Հարուցիչները լյարդում, թոքերում և այլ օրգաններում մակաբուծող ժապավենաձև որդի՝ էխինոկոկի թրթուրներն են: Հիվանդանում են մարդիկ, խոշոր եղջերավոր կենդանիները, ոչխարներն ու խոզերը: Հասուն էխինոկոկը (երկար.՝ մոտ 0,5 սմ) ապրում է շների, գայլերի, շնագայլերի, հազվադեպ՝ կատուների աղիքներում: Որդի ձվերը կենդանու արտաթորանքի հետ ընկնում են արտաքին միջավայր, որտեղ պահպանվում են (մինչև մի քանի ամիս) հողում, ինչպես նաև շների, ոչխարների և այլ կենդանիների բրդի վրա (բավականին երկար ժամանակ):

Շները վարակվում են Է-ով հիվանդ կենդանիների (խոշոր եղջերավորներ, ոչխարներ, խոզեր) լյարդը, թոքերը և այլ օրգաններն ուտելուց: Շան ստամոքսում ու աղիքներում մակաբույծի թրթուրներն ամրանում են պատին և որոշ ժամանակ անց փոխարկվում հասուն ժապավենաձև որդի: Վերջինիս ծայրային հատվածիկները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ձվեր, հասունանալուն զուգընթաց անջատվում են և արտաթորանքի հետ ընկնում շրջակա միջավայր ու աղտոտում այն: Խոշոր եղջերավոր կենդանիներն ու ոչխարները վարակվում են էխինոկոկի ձվերով վարակված խոտն ուտելիս:

Մարդն ավելի հաճախ վարակվում է մակաբույծի ձվերով աղտոտված բանջարեղեն