օգտագործելիս կամ այդ ձվերով վարակված շան բրդի հետ շփվելիս: Վարակվել հնարավոր է նաև ոչխարների խուզի ժամանակ, երբ էխինոկոկի ձվերը բրդի վրայից կարող են ընկնել խոտի վրա: Մարդիկ միմյանց չեն վարակում:
Էխինոկոկի ձուն, ընկնելով մարդու կամ ընտանի կենդանու աղիքների մեջ, թափանցում է արյունատար անոթներ և արյան հոսքով տարվում լյարդ, թոքեր, գլխուղեղ ու այլ օրգաններ կամ հյուսվածքներ, որտեղ փոխարկվում է թրթուրի: Վերջինս շատ դանդաղ է աճում և մի քանի տարի հետո վերածվում է մեծ բշտի: Էխինոկոկը մարդու օրգանիզմում մակաբուծելիս առաջացնում է մի շարք ախտանշաններ, որոնք պայմանավորված են տարբեր օրգաններում ու հյուսվածքներում որդի տեղակայմամբ: Օրինակ՝ լյարդի Է-ի դեպքում նկատվում են թուլություն, ցավեր աջ ենթակողում, լյարդի մեծացում, թոքերի Է-ի դեպքում՝ շնչառության դժվարացում, հևոց, հազ, արյունախխում, գլխուղեղի ախտահարումն արտահայտվում է գլխացավերով, գլխապտույտով, շարժումների և զգացողության խանգարումներով:
Հիվանդության ախտանշաններն ի հայտ գալիս անմիջապես պետք է դիմել բժշկի:
Բուժումն իրականացվում է հիվանդանոցում:
Կանխարգելումը. ընտանի կենդանիների ճիշտ խնամք, կանոնավոր անասնաբուժ. հսկողություն, շների ճիճվաթափում (թափառողների ոչնչացում): Անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, շների հետ շփվելուց հետո ձեռքերը լվանալ օճառով, բանջարեղենը, նախքան սննդի մեջ օգտագործելը, լվանալ և վրան եռացրած ջուր լցնել: Սահմանափակել երեխաների խաղերը շների ու կատուների հետ, սպանդանոցներում սահմանել խիստ անասնաբուժ. հսկողություն:
Է. մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը, քանի որ ընտանի կենդանիների ախտահարված լյարդն ու թոքերը, որոնք արժեքավոր սննդամթերք են, ոչնչացվում են:
ԷԿԶԵՄԱ, մաշկի ալերգ., քրոնիկ. հիվանդություն (տես Ալերգիա): Հիմնականում առաջանում է նյարդային և ներզատիչ համակարգերի խանգարումների կամ որևէ ալերգենի հանդեպ օրգանիզմի գերզգայուն վիճակը պահպանող քրոնիկ. վարակի օջախների (նշագեղձերի բորբոքում, հայմորիտ ևն) առկայության, ստամոքսաղիքային համակարգի և այլ հիվանդությունների դեպքերում: Է. նկատվում է նաև բորբոքահեղուկալորձեևաբորբային նախաւոբամադրվածությամբ տառապող երեխաների մոտ:
Հաճախ Է-ով հիվանդների, ինչպես նաև նրանց հարազատների մոտ ալերգ. հակազդեցություններ են առաջանում որոշ տեսակի ձկներից, ձվից, ցիտրուսներից ու այլ մթերքից, փոշուց, ծաղկափոշուց ու ծաղիկների հոտից, քիմ. նյութերից (լվացափոշիներ, ներկեր ևն), դեղանյութերից, որոնք կարող են Է-ի առաջացման կամ հիվանդության հերթական սրացման առիթ դառնալ:
Երբեմն Է. առաջանում է չապաքինվող այրվածքի, խոցի շուրջը, հատկապես ոտքերի վրա (մանրէային Է.): Է-ի ժամանակ այտուցված կարմիր մաշկի վրա առաջանում են տարբեր բնույթի ցաներ՝ թափանցիկ պարունակությամբ ցրված մանրաբշտիկներ, որոնք պատռվելիս գոյացնում են մանր, թաց հատվածներ, միմյանց ձուլված վարդագույն հանգուցիկներ, ճաքեր, կեղևներ, իսկ շատ ուժեղ քորի հետևանքով՝ քերծվածքներ: Բորբոքված մաշկն աստիճանաբար կոպտանում է և հաստանում: Մեծերի մոտ Է-ային ցանն ավելի հաճախ առաջանում է ձեռնաթաթերի մեջքային մակերևույթներին, դեմքին, ոտնաթաթերին, նախաբազուկներին, իսկ երեխաներինը՝ դեմքին, պարանոցին, իրանին: Ոչ ճիշտ սնման կարգի, նյարդահոգեկան լարումների և այլ անբարենպաստ գործոնների հետևանքով Է. կարող է սրանալ և տարածվել: Է. պահանջում է լիարժեք բուժում: Անհրաժեշտ է պահպանել կաթնաբուս. սննդակարգ, խուսափել կծու, աղի, ապխտած սննդամթերք, շոկոլադ, ձու, ցիտրուսներ, ալկոհոլ օգտագործելուց, սահմանափակել մեծ քանակությամբ ածխաջրեր (քաղցրեղեն, մակարոնեղեն) պարունակող սննդամթերքը:
Հիվանդության սրացման դեպքում հիվանդներին խորհուրդ է տրվում խուսափել մաշկի ախտահարված մասում ջրային բուժարարողություններից, օճառից, լվացափոշիներից: Հիվանդը պետք է լիարժեք քնի, զբոսնի, հետևի բժշկի նշանակած սնուցման կարգին:
Է-ի սրացման կանխարգելման համար շատ կարևոր են ճիշտ սնման կարգը, հիվանդության առաջացմանը նպաստող քրոնիկ. վարակի օջախների, նյարդաներզատիչ խանգարումների և այլ հիվանդությունների բուժումն ու լիարժեք հանգիստը:
Է-ով տառապող կրծքի երեխաների կերակրումը պետք է համաձայնեցնել մանկաբույժի հետ և հետևել երեխայի աղիքների կանոնավոր գործելուն: Երեխային չի կարելի կիպ փաթաթել, տաք և շարժումները խիստ սահմանափակող հագուստ հագցնել (տես Կրծքի երեխա): Օգտակար են մաքուր օդում զբոսանքը, օդային և արևային լոգանքները: Գերադասելի է հագցնել բամբակե հագուստ, որովհետև բրդե և սինթետիկ գործվածքները կարող են գրգռել մաշկը: Ճանկռոտելուց և թարախային հիվանդություններից խուսափելու համար պետք է երեխայի եղունգները ժամանակին կտրել: Լողացնելիս ջրի մեջ ավելացնել կատվալեզվի կամ երիցուկի, կեչու բողբոջների կամ կաղնու կեղևի եփուկ, իսկ թարախային պալարիկների դեպքում՝ շտապ դիմել բժշկի:
Երեխաների Է. կանխարգելելու համար, հատկապես, եթե ընտանիքում կան ալերգ. հիվանդներ, մայրերին հղիության շրջանում խորհուրդ է տրվում սահմանափակել քաղցրը՝ հատկապես շոկոլադը, ցիտրուսները, ձուն և ապուխտները:
ԷԿՈԼՈԳԻԱ, օրգանիզմների, նրանց համակեցությունների և շրջակա միջավայրի միջև եղած փոխհարաբերություններն ուսումնասիրող գիտություն: «Էկոլոգիա» տերմինն առաջարկել է գերմ. գիտնական Է. Հեկկելը, 1866-ին, իսկ գիտությունն սկսել է զարգանալ 19-րդ դ. 30-ական թթ-ից:
Միջավայրի ցանկացած տարր, որը կենդանի օրգանիզմների վրա կարող է ունենալ ուղղակի կամ միջնորդված ազդեցություն, կոչվում է Է-ական գործոն, որը պայմանականորեն բաժանվում է բիոտիկի և աբիոտիկի: Բիոտիկներ են սննդային, ինչպես նաև առանձին առանձնյակների կամ նույն տեսակի առանձնյակների