Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է արյան սուր կորստի (ներքին կամ արտաքին արյունահոսություն), երբեմն բարձր ջերմաստիճանի դեպքում, կարող է լինել կոլապսի դրսևորում և հարկ է լինում շտապ բժշկ. օգնության: Կայուն (քրոնիկ.) զարկերակային Թ. երբեմն լինում է հազվադեպ հանդիպող հորմոնային անբավարարության ախտանշան:

Որոշ առողջ մարդկանց հատուկ է արյան ճնշման համեմատաբար ցածր մակարդակը, որը մոտ է բնականոնին, բայց հակված է տատանվելու՝ առավելապես նվազելու: Դա զարկերակային Թ. է կամ Թ-ային հիվանդություն (որի գոյությունը վիճելի է): Նման մարդկանց օրգանիզմում գերակշռում են Թ-ային սիրտանոթային հակազդեցությունները: Սովորաբար նրանք շոգն ավելի վատ են տանում, քան ցուրտը, իրենց վատ են զգում բաղնիքում, երբեմն հորիզոնական դիրքից ուղղահայացի անցնելիս աչքերի առջև մթագնում է (ընդհուպ մինչև ուշագնացությունը)՝ հատկապես քաղցած ժամանակ, լավ են զգում քայլելիս, մկանային գործունեության ընթացքում: Դա բացատրվում է նրանով, որ Թ-ային անոթային հակազդեցություններում խիստ կարևոր նշանակություն ունի երակային անոթների թեթևակի ցածր լարվածությունը (տոնուսը): Երակներն օժտված են ավելի մեծ գումարային ծավալով, քան զարկերակները և, բնականաբար, հեշտորեն են պահում շրջանառու արյան որոշ մասը, որի վերադարձը դեպի սիրտ մի քիչ ուշանում է՝ փոքրացնելով սրտի արյան արտամղումը, քանի որ սիրտը կծկվելիս դեպի աորտա է մղում ճիշտ այնքան արյուն, որքան ստանում է երակներով: Երակային հետադարձ արյան հոսքն անմիջականորեն կախված է կմախքային մկանների ակտիվությունից, որոնք իրենց կծկումներով արյունը մղում են դեպի սիրտը:

Թ-ման հակում ունեցող մարդկանց անհրաժեշտ է մշտ. մկանային գործունեություն, որը լարվածության մեջ է պահում մարմնի հիմն. մկանախմբերը: Ֆիզիկապես զարգացած, ակտիվ, առանց ավելորդ քաշի մարդը խիստ հազվադեպ է ունենում Թ-ային հակազդեցություններ: Վերջիններիս հանդեպ նախատրամադրված անձինք, տարիքի հետ, ինչպես նաև թերշարժուն շրջանում (առանձնապես հիվանդ ժամանակ), պետք է օգտագործեն թարմ եփած թեյ, որովհետև այն պարունակում է օրգանիզմի լարվածությունը բարձրացնող բնական նյութեր: Նման դեպքերում բժշկի խորհրդով երբեմն օգտագործում են բնական ծագման ճիշտ չափավորված դեղանյութեր:

ԹԵՐՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ, հիպոդինամիա, շարժող. ակտիվության սահմանափակում, որը պայմանավորված է ապրելակերպի, մասնագիտ. գործունեության առանձնահատկություններով, երկարատև անկողնային ռեժիմով, անկշռության պայմաններում (տևական տիեզերական թռիչքներ) գտնվելով: Տեխնիկայի զարգացումը և դրա հետ կապված աշխատանքային պայմանների թեթևացումը, կենցաղի բարելավումը, տարեցտարի աճող, այսպես կոչված, օպերատորական մասնագիտությունները բավականաչափ կրճատել են մարդու գործունեության մեջ մկանային աշխատանքի բաժինը: Դպրոց. տարիքում Թ. հաճախ կապված է երեխայի օրվա կարգուկանոնի անարդյունավետ կազմակերպման, ուս. աշխատանքներով ծանրաբեռնվածության հետ, որի հետևանքով քիչ ժամանակ է մնում զբոսանքների, խաղերի, սպորտի համար:

Թ. բացասաբար է անդրադառնում ոչ միայն մկանների, այլև շատ օրգանների և ֆիզիոլոգ. համակարգերի վրա: Մարմնի հիմն. զանգվածը կազմող միջաձիգ զոլավոր մկանները՝ ծայրամասային նյարդերի և արյան անոթների հսկա ցանցով, ազդում են ոսկրահոդային համակարգի, արյան շրջանառության, շնչառության, նյութափոխանակության, օրգանիզմի նյարդային և այլ համակարգերի գործունեության, ներզատ. հավասարակշռության վրա:

Մկանային ապարատի բեռնվածության երկարատև սահմանափակումը կարող է պատճառ դառնալ դարձելի ֆունկցիոնալ խանգարումների, իսկ ավելի խորանալիս այն կարող է լուրջ ախտաբան. փոփոխությունների պատճառ դառնալ և նպաստել աթերոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության, սրտամկանի ինֆարկտի առաջացմանը:

Թ. հանգեցնում է մկանային համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունների նվազման: Այսպես՝ երկամսյա անկողնային ռեժիմից հետո 14-24 %-ով նվազում են ուժային ցուցանիշները, ընկնում է մկանների լարումը, կրճատվում են դրանց ծավալն ու զանգվածը: Մարդու մարմնի մկանախմբերը ենթամաշկային առատ ճարպակուտակման պատճառով կորցնում են իրենց բնորոշ ուրվագծերը և պատկերը:

Մարդու կմախքը, սերտ կապված մկանների հետ, ակտիվորեն արձագանքում է շարժունության սահմանափակմանը, հատկապես նվազում է ոսկրային հյուսվածքի հանքային հագեցվածությունը (օստեոպորոզ): Հանքային փոխանակության խանգարումը նկատվում է անկողնային ռեժիմի 12-15-րդ օրը: Տարբեր հետազոտությունների օգնությամբ հաստատված է, որ 6-8 ամսվա անկողնային ռեժիմի ընթացքում նկատվում է հաստատուն բացասական կալցիումային հաշվեկշիռ, այսինքն կալցիումն ավելի շատ դուրս է գալիս օրգանիզմից, քան ընդունվում: Թ-յան դեպքում արյան շիճուկում ճարպերի (այդ թվում՝ խոլեստերինի) քանակն ավելանում է:

Բանվորի համար մոտավորապես 3000 կկալ կալորիականությամբ սննդի սովոր. օրաբաժինը վնասակար է նստակյաց մասնագիտությամբ մարդու համար, քանի որ այն էապես գերազանցում է էներգիայի ծախսի մակարդակը և կարող է նպաստել աթերոսկլերոզի զարգացմանը: Ավելցուկային սննդի դեպքում ազատվող «ավելորդ» կալորիաները ծախսվում են ճարպագոյացման վրա, ուժեղանում է դրա սինթեզը լյարդում և տեղափոխությունը դեպի ճարպային պահեստ: Ավելցուկային քաշի դեպքում առավել հաճախ է առաջանում պսակային անբավարարություն:

Մկանային ակտիվության սահմանափակման պայմաններում, երբ նվազում է հյուսվածքների պահանջը թթվածնի և կենսբ. օքսիդացման հիմնանյութերի հանդեպ, կարող է նկատվել սիրտանոթային համակարգի գործունեության լարվածության անկում: Բայց դա տեղի չի ունենում, այլ ընդհակառակը, առաջանում է սիրտանոթային համակարգի ապամարզում, հանգստի ժամանակ աճում է սրտի զարկերի հաճախությունը: Նույնիսկ ոչ մեծ, կարճատև ֆիզ. բեռնվածության ժամանակ անոթազարկը 1 ր-ում դառնում է 100 և ավելի: Սիրտն աշխատում է ոչ խնայողաբար, արյան անհրաժեշտ ծավալի արտամղումը կատարվում է ռիթմի արագացման, այլ ոչ թե սրտի կծկման ուժի հաշվին: Էլեկտրասրտագրի փոփոխությունները վկայում են սրտամկանում նյութափոխանակության գործընթացների խանգարումների մասին:

Գործնականորեն առողջ մարդու հակումը զարկերակային ճնշման բարձրացման նկատմամբ կամ դրա ոչ կայուն արտահայտված բարձրացումը բացատրվում է Թ-յամբ:

Մազանոթային համակարգը հստակորեն արձագանքում է մկանային գործունեության սահմանափակմանը: Սեղմվում են զարկերակային և երակային հատվածները, նվազում է գործող մազանոթների թիվը:

Թ-յան ժամանակ փոխվում է կենտր. նյարդային համակարգի վիճակը, առաջանում