մշակման համար, որոնք սննդի մեջ օգտագործվում են ջերմային մշակումից հետո):
ԹԵԹԵՎ ԱԹԼԵՏԻԿԱ, սպորտի հիմն, և առավել տարածված ձևերից: Թ.ա. ներառում է տարբեր մրցատարածությունների, այդ թվում կտրտված տեղանքում (կրոս) վազքը, մարզ. քայլքը, տարբեր ցատկերը (բարձրացատկ, ձողացատկ, հեռացատկ ևն), սկավառակի, մուրճի, նռնակի և այլ նետումները, գնդի հրումը, ինչպես նաև բազմամարտերը (տասնամարտ, հնգամարտ, եռամարտ), որոնք ընդգրկում են վազքի, ցատկերի, նետումների տարբեր ձևեր:
Թ.ա-ի կանոնավոր պարապմունքները նպաստում են մկանների հավասարաչափ զարգացմանը, մարզում և ամրապնդում են սիրտանոթային, շնչառ. և նյարդային համակարգերը, հենաշարժ. ապարատը, արագացնում նյութափոխանակությունը, նպաստում օրգանիզմի կոփմանը: Թ.ա-ի առողջարար նշանակությունը մեծ է, որովհետև պարապմունքներն ու մրցումներն անցկացվում են բացօթյա:
Մրցատարածության երկարությունից և արագությունից կախված՝ վազքը կարող է լինել արագության զարգացման (60-400 մ), տոկունության (արագ, բայց համեմատաբար կարճատև լարվածությամբ, 800-1500 մ) կամ չափավոր ուժգնության (երկարատև լարվածությամբ, երկար մրցատարածությունում 3-10 կմ և գերերկար՝ մարաթոնյան, մինչև 42 կմ 195 մ) մարզավարժություն: Կրոսը մարզիկից պահանջում է համապատասխան պատրաստվածություն, տոկունություն և ուժերի խելացի բաշխում մրցատարածությունում:
Ցատկերն ու նետումները, կապված կարճատև ֆիզ. լարման հետ, վազքի ու քայլքի համեմատ ավելի թույլ են ներգործում շնչառության և արյան շրջանառության ֆունկցիաների վրա, ավելի քիչ են զարգացնում օրգանիզմի տոկունությունը: Բայց այդ արագաուժային վարժությունները մշակում են արագություն, ուժ, ճարպկություն, շարժումների ճշգրտություն: Բազմակողմանի ֆիզ. զարգացման համար (հատկապես՝ երեխաների) կարևոր է Թ.ա-ական ոչ թե 1, այլ մի քանի վարժություններով զբաղվելը:
Թ.ա. առողջության ամրապնդման, ֆիզ. կատարելության և շարժող. հմտությունների զարգացման հիմն. միջոցներից է և մտնում է ուս. բոլոր հաստատությունների ֆիզ. դաստիարակության պարտադիր ծրագրերի մեջ: Թ.ա-ի տարրերն օգտագործվում են այլ մարզաձևերում՝ որպես մարզ. վարժություններ: Թ.ա-ով զբաղվող կանանց և երեխաների համար սահմանափակում են բեռնվածությունը, փոքրացնում վազքատարածություններն ու օգտագործում ավելի թեթև նետման սկավառակներ, մուրճեր ևն: Երեխաների մարզումները կարելի է սկսել 10-12 տարեկանից՝ վազքի պարապմունքների ժամանակ պահպանելով հաջորդականությունը (սկսել կարճ տարածքներից): Մարզումների ընթացքում պարապմունքից առաջ պարտադիր է բժշկական հսկողությունը: Վնասվածքների կանխարգելման համար, բացի ուսուցման ճիշտ մեթոդիկայից, մեծ նշանակություն ունեն վարժություններից առաջ կատարվող նախավարժանքը, հարմար հագուստն ու կոշիկները, վազքուղիների և ցատկերից հետո վայրէջքի տեղի հատուկ սարքավորանքը, մարզիկների պատշաճ ապահովումը ևն:
ԹԵԼՔՈՒՌՈՒՑՔ, ֆիբրոմա, բարորակ ուռուցք, որն առաջանում է շարակցական հյուսվածքի տարրերից (ֆիբրոբլաստ, ֆիբրոցիտ և կոլագենային թելիկներ): Առավել հաճախ հայտնաբերվում է մաշկի և լորձաթաղանթների վրա, արգանդի հյուսվածքներում: Թ-ները կլոր, պինդ հանգույցներ են, հաճախ լինում են ոտիկի վրա: Շոշափելիս ցավոտ չեն: Թ. ախտորոշվում է ուռուցքի հյուսվածաբան. հետազոտության մեթոդներով: Բուժումը վիրահատական է, ելքը՝ բարենպաստ: Տես նաև Ուռուցքներ:
ԹԵՆԻՍ, մարզ. խաղ՝ գնդակով: Բնորոշվում է շարժումների բազմազանությամբ (վազք, ցատկումներ, ձգումներ և կտրուկ արգելակումներ), զարգացնում է ճարպկություն, տոկունություն, ուշադրություն, դիտողականություն, արագ և ճշգրիտ հակազդեցություն:
Քանի որ թևճակով (ռակետով) գնդակին հարվածում են առավելապես 1 ձեռքով, ապա թենիսիստների մոտ հնարավոր է ձեռքերի մկանային ուժի անհավասարաչափ զարգացում (առանձնապես մանկ. տարիքից սկսած բազմամյա մարզումներից հետո): Ուստի մարզումներին զուգընթաց նախատեսվում են բազմազան ֆիզ. վարժություններ և պարապմունքներ այլ մարզաձևերով (թեթև աթլետիկա, ամառային և ձմեռային մարզաձևեր ևն):
Երեխաներին Թ. կարելի է սովորեցնել 8-12 տարեկանից: Խաղն օգտակար է և մատչելի բոլոր տարիքի աղջիկներին և տղաներին, քանի որ բեռնվածությունը հեշտորեն կարգավորվում է հարվածի ուժով, տեմպով ևն: Այդ հատկանիշների և բարձր հուզականության շնորհիվ Թ. բոլոր մասնագիտությունների անձանց համար ակտիվ հանգստի լավագույն միջոց է:
Սեղանի թենիսի պարապմունքները նույնպես նպաստում են արագության, ճարպկության, ճշգրտության, շարժումների համաձայնեցման, տոկունության, կամքի և հաստատակամության զարգացմանը: Սեղանի Թ-ի մեծ առավելությունը սարքավորման պարզությունն է և մատչելիությունը: Խաղին կարող են մասնակցել բոլոր տարիքի մարդիկ՝ շինություններում կամ բացօթյա տարածքում:
ԹԵՐԱՊԻԱ, 1. ներքին հիվանդություններն ուսումնասիրող գիտության հնացած անվանումը:
2. Թերապիա՝ բուժում, լինում են բուժման զանազան ձևեր՝ զուգակցված տարբեր մեթոդների հետ, օրինակ՝ աերոթերապիա (օդաբուժություն), ֆիզիոթերապիա (ֆիզ. մեթոդներով բուժում), սերոթերապիա (շիճուկաբուժում), ֆարմակոթերապիա (դեղորայքային բուժում), հորմոնոթերապիա (հորմոնաբուժություն), էլեկտրաթերապիա (էլեկտրաբուժություն), հիդրոթերապիա (ջրաբուժություն) ևն:
ԹԵՐՃՆՇՈՒՄ, հիպոտենզիա, հիպոտոնիա, հեղուկի (արյան, ավշի) ճնշման ցածր մակարդակն անոթներում: Մկանային լարվածության նվազումը կոչվում է «հիպոտոնիա», բայց հաճախ դեռևս այդպես են անվանում նաև արյան ցածր ճնշումը:
Զարկերակային Թ. արյան ճնշման նվազումն է տարիքային նորմայից: Առաջանում