Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սննդային օրաբաժիններ (Պ. Բակալյան): Ընդհանուր հիգիենայի ամբիոնում հետազոտվել են արդ. աղտոտումների (ացետիլեն, կապար, մոլիբդեն) ազդեցությունը ջրամբարների և մարդու առողջության վրա (Տ. Ասմանգուլյան): ՀՀ առողջապ. նախ-յան Շրջակա միջավայրի կանխարգելիչ հիգիենայի և թունաբանության ԳՀԻ-ում ուսումնասիրվել են թունաքիմիկատների, բույսերի աճման կարգավորիչների, հանքային պարարտանյութերի և պոլիմերների հետ առնչվող անձանց թունավորումների կանխարգելման, սննդամթերքի և պոլիմերների մեջ թունավոր նյութերի ու վնասակար խառնուրդների թույլատրելի քանակների փորձաքննության, չնչին քանակությամբ քիմ. նյութերի հայտնաբերման եղանակների մշակման հարցերը: ՀՀ բույսերի պաշտպանության կայանում ուսումնասիրվել է գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների մնացորդային քանակությունը սննդամթերքի մեջ, տրվել դրանց օգտագործման համապատասխան հանձնարարականներ: «Նաիրիտ» ԳԱ միավորման հիգիենային նորմավորման և Թ-յան լաբորատորիայում զբաղվել են քլորոպրենային կաուչուկների և լատեքսների արտադրության մեջ օգտագործվող քիմ. վնասակարությունների Թ-ական հետազոտություններով, օդում և ջրամբարներում դրանց հիգիենային չափորոշիչների մշակմամբ, փոխվել է (1991-ից) քլորոպրենի ՍԹԿ աշխատանքային օդում՝ 0,05-ից բարձրացվել մինչև 2 մգ/մ³ (Մ. Գիժլարյան, Ֆ. Պետրոսյան):

ԹՈՒՆԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ, կենսագործունեության ընթացքում մարդու և կենդանիների համար թունավոր նյութեր արտադրող և կուտակող բույսեր: Հայտնի են մոտ 10 հզ. տեսակի ամենուր տարածված Թ.բ.:

Թ.բ-ի առանձին տեսակներ կարող են արտադրել 1 կամ մի քանի թունավոր միացություններ՝ ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնիններ, օրգ. թթուներ, եթերայուղեր, խեժեր ևն: Թունավոր նյութերը պարունակվում են ամբողջ բույսում կամ դրա առանձին մասերում: Օրինակ՝ քինինը պարունակվում է միայն քինածառի կեղևում, թունավոր են կակաչի տերևները, ցողունները, սերմնակեղևները, բայց ոչ սերմերը: Բույսի թունավորության աստիճանը կախված է աճման պայմաններից, զարգացման փուլից ևն:

Թ.բ. ազդում են կենդանի օրգանիզմների կենտր. նյարդային, սիրտանոթային, մարսող., շնչառ. համակարգերի և այլ օրգանների վրա:

Շատ Թ.բ. (օրինակ՝ ընձախոտ, տզկանեփ, դառը նուշ) իրենց թունավոր հատկությունները չեն կորցնում չորացնելիս կամ ջերմային մշակումից հետո: Օրինակ՝ գարնանն անտառային արոտավայրերում կենդանիները հաճախակի թունավորվում են ագռավաչքից, քնախոտից, հրանունկից ևն: Սակայն նույն բույսերը չորացրած վիճակում անվտանգ են:

Բույսերի համար թունավոր նյութերի նշանակությունը դեռևս լրիվ պարզաբանված չէ: Ենթադրվում է, որ այդ նյութերն ունեն պաշտպան. նշանակություն: Կենդանիների տարբեր տեսակների վրա դրանք ունեն տարբեր թունավոր ազդեցություններ: Օրինակ՝ մարդու համար թունավոր մահամորմը և արջընկույզն անվտանգ են թռչունների և ճագարների համար, երիցուկի որոշ տեսակներ թունավոր են միջատների և անվտանգ՝ մարդու համար: Ծխախոտի, ղանձլամերի, ճանճասպանի և այլ Թ.բ-ի միջատասպան հատկությունները վաղուց ի վեր կիրառվել են գործնականում:

Որոշ Թ.բ. (բանգի, մահամորմ, մատնոցուկ ևն) օգտագործվում են որպես դեղաբույսեր:

Առավել հաճախ մարդիկ թունավորվում են ոչ թունավոր, ուտելի բույսերին արտաքուստ նման Թ.բ.-ից: Օրինակ՝ գինազոխի տերևներն արտաքուստ նման են մաղադանոսին և կարող են սխալմամբ օգտագործվել սննդում: Դա երկամյա հովանոցավոր բույս է, 1-ին տարում ձևավորվում է միայն արմատամերձ տերևավարդակը, իսկ հաջորդ տարում՝ ցողունը՝ սպիտակ ծաղիկներով հովանոցաձև ծաղկաբույլով, հասնելով 2 մ-ի: ՀՀ-ում տարածված է Իջևանում, Լոռիում, Սևանում, Երևանում և այլուր: Թունավոր է ամբողջ բույսը, պարունակում է կուրարեանման կոնիին ալկալոիդ: Թունավորման դեպքում մաշկն անզգայանում է, շնչառությունը՝ ընկճվում: Ծանր դեպքերում մահը վրա է հասնում շնչառ. կենտրոնի կաթվածից:

Առավել Թ.բ-ից է թունավոր մոլեխինդը, որը բազմամյա հովանոցավոր բույս է, աճում է ճահիճներում, գետերի, առվակների ափերին: Ցողունը 120 սմ է՝ փետրաձև տերևներով, ծաղկաբույլը՝ փոքրիկ, սպիտակ ծաղիկներով: Թունավոր է ամբողջ բույսը, հատկապես՝ կոճղարմատը: Թունավորման հետևանքով առաջանում են գիտակցության կորուստ, ջղաձգություններ, բերանի շուրջը՝ փրփուր: Տուժածը կարող է մահանալ շնչառության դադարից:

Ծանր թունավորումներ են առաջացնում մահամորմի հատապտուղները և բանգիի սերմերը: Բանգին երկամյա խոտաբույս է: Հաստ, ճյուղավորված ցողունը (1 մ) և խոշոր, մուգ կանաչ տերևները պատված են բարակ կպչուն մազմզուկներով: Հողագույն ծաղիկները (տհաճ հոտով, մանուշակագույն ջղերով) խմբված են ծաղկաբույլերում: Ծաղկում է ամբողջ ամառվա ընթացքում: Պտուղները հասունանում են աշնանը և արտաքուստ նման են կակաչի տուփիկին: Մոլախոտ է: ՀՀ-ում հանդիպում է ճամփեզրերին, ամայի տարածություններում, դաշտերում: Մահամորմը խոշոր, 1 մ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է դարչնամանուշակագույն, կարմրագորշ կամ դեղնագորշ մեկական կամ զույգ ծաղիկներով: Պտղակալում է հուլիսից մինչև ամռան վերջը: Պտուղները (հատապտուղ) արտաքուստ նման են հասած բալի: ՀՀ-ում հանդիպում է Տավուշի, Լոռու, Սյունիքի և այլ մարզերի անտառներում և անտառահատումներում, գետափերին: Մահամորմի պտուղներով և բանգիի սերմերով թունավորման ախտանշանները նույնն են՝ բերանում չորություն, ծարավի զգացում, բբերի ուժեղ լայնացում, դեմքի մաշկի կարմրություն: Տուժածը խիստ գրգռված է լինում, որն ուղեկցվում է զգայախաբություններով և զառանցանքով, կարող է մահանալ շնչահեղձությունից, որը շնչառ. կենտրոնի կաթվածի և անոթների անբավարարության հետևանք է: Նույն երևույթներն են նկատվում սովորական արջընկույզով թունավորվելիս: Խոտաբույս է, ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորված, 80-120 սմ բարձրությամբ: Ծաղիկները սպիտակ են, խողովակաձև, պտուղը՝